Լրահոս
Օրվա լրահոսը

Ունի՞ Սերժ Սարգսյանը համարձակություն՝ Պուտինի երեսին ասել, որ հայ ժողովուրդը մտահոգված է

Հուլիս 11,2014 18:35

Պաշտոնական այցով Արգենտինայում գտնվող նախագահ Սերժ Սարգսյանը արգենտինյան La Nacion պարբերականին տված հարցազրույցում ԼՂ հակամարտությանն անդրադառնալիս ասել է, որ հայ ժողովուրդը շատ է մտահոգվում, որ Հայաստանի ռազմավարական գործընկերը՝ Ռուսաստանը զենք է վաճառում Ադրբեջանին:

Aravot.am-ի հարցին՝ կարո՞ղ ենք ասել, որ Սերժ Սարգսյանն այսպես 3-րդ երկրում կշտամբում է Պուտինին՝ Ադրբեջանին զենք վաճառելու համար՝ քաղաքագետ Երվանդ Բոզոյանը պատասխանեց. «Հաշվի առնելով, որ այդ մտահոգությունը կա հասարակության մեջ, շատ անտրամաբանական էր, որ այդ մտահոգությունը չէր ներկայացվում պետական մակարդակով: Երբ քո ռազմավարական դաշնակիցն այդ աստիճանի զենք ու զինամթերք է վաճառում քո հակառակորդին, իսկ հիշենք, որ ըստ պայմանագրի, ՌԴ-ն պարտավորվել է Ադրբեջանին տրամադրել ավելի քան 700 մլն դոլարի զենք ու զինտեխնիկա եւ ավելի քան 4 մլրդ դոլարի էլ պայմանագիր ունի՝ Ադրբեջանում ռազմաարդյունաբերական համալիր ստեղծելու համար: Հասկանալի է, որ կատարյալ լռություն էր պետական ատյանների կողմից եւ Սերժ Սարգսյանն արդեն չէր կարող չարձագանքել: Նա ստիպված արձագանքեց»:

Մեր հարցին՝ Սերժ Սարգսյանը Ձեր կարծիքով ունի՞ այդ համարձակությունը հայ ժողովրդի այդ մտահոգությունն ուղիղ Պուտինին ասելու՝ Երվանդ Բոզոյանը պատասխանեց. «Եթե Սերժ Սարգսյանը համարում է անկեղծ, որ ինքը ճիշտ է, ուրեմն կարող է ասել ուղիղ Պուտինի երեսին: Բայց, քանի որ հասկանում է, որ դրա մեջ նաեւ իր մեղքը կա, Պուտինը կարող է հակադարձել: Կասի՝ տղա ջան, բա 2 տարի, որ մենք քեզ ասում էինք՝ մեզ մի՛ նվաստացրու Արեւմուտքի առջեւ, մեզ տանում էիր նվաստացման ճանապարհով, մենք բացատրում էինք, չէիր ընկալում այդ իրավիճակը: Քանի որ գիտի, որ այդպիսի պատասխան կստանա, ինքը չի ասի կյանքում»:

Հարցին՝ այս հայտարարությունը կարո՞ղ է վատ անդրադառնալ իր եւ Վլադիմիր Պուտինի հարաբերությունների վրա՝ Երվանդ Բոզոյանը պատասխանեց. «Եթե մենք շարժվենք այն տրամաբանությամբ, որ Պուտինը կարող է դրանից նեղանալ, ուրեմն պետք է Հայաստանից ընդհանրապես որեւէ արձագանք չլինի ՌԴ-ի նկատմամբ: Երկրներն իրենց հարաբերությունները կառուցում են ոչ թե այն բանից, որ անձամբ Պուտինը կարող է նեղանալ կամ չնեղանալ: Իսկ հայ ժողովուրդը չի՞ նեղանում, որ այդ աստիճանի զենք ու զինամթերք է Պուտինը վաճառում Ադրբեջանին: Դա նեղանալու կատեգորիա չէ: Դա քաղաքականության կատեգորիա է, ինչը ցույց է տալիս, որ Հայաստանի արտաքին քաղաքականությունն ուղղակի չգիտի ինչ անի, երբ կորցրել է Արեւմուտքում իր գործընկերներին, վստահություն էլ չունի արդեն իր ռազմավարական գործընկերոջ նկատմամբ»:

Մեր հարցին՝ Պուտինը կարձագանքի՞ Սերժ Սարգսյանի այս «կշտամբանքին», թե՞ կարհամարհի՝ Երվանդ Բոզոյանը պատասխանեց. «Պուտինը մինչեւ հիմա զարմացած է, թե ինչի Հայաստանի պաշտոնական դիրքորոշման մեջ մինչեւ հիմա այդպիսի արձագանք չի եղել: Դա մոտավորապես նման է նրան, որ դուք ընտանիքում ունենաք հարազատ եղբայր, ունեք ռազմավարական թշնամի եւ թշնամին գալիս է ձեր հարազատ եղբոր հետ անընդհատ գործարքների մեջ է մտնում, դուք զգում եք, որ վտանգի առաջ եք կանգնում, բայց ձեր հարազատ եղբորը ոչ մի բան չեք ասում, ձեր տան անդամին: Դա  կլինի աննորմալություն, չէ՞, կենցաղային կյանքում: Իսկ կենցաղային կյանքն ու միջազգային հարաբերություններն իրար շատ նման են: Այս պարագայում անտրամաբանական է, որ Հայաստանից որեւէ արձագանք չի եղել: Սա այն դեպքում, երբ այդ պայմանագրերը ՌԴ-ն Ադրբեջանի հետ կնքել է 2013-ի օգոստոսին: Օգոստոս ամսից մինչ այսօր՝ համարյա 1 տարի ոչ մի արձագանք չի եղել: Իսկ հիշեք նախկիններում, երբ Ադրբեջանը ընդամենը մի քանի երկրորդական կարգի զենք-զինամթերք էր ստանում, ինչպիսի կոշտ ռեակցիաներ էր գալիս ՀՀ արտգործնախարարությունից: Իսկ հիմա վաճառում են ոչ թե շարքային տանկեր, այլ հրթիռային համալիրներ, որը խիստ վտանգավոր է մեզ համար: Դա, ըստ էության, հարձակողական զենք է, որը լրջագույն վտանգ է մեզ համար»:

Մեր դիտարկմանը, որ ՀՀԿ-ական պատգամավորները միշտ խնդիրը փափկեցնում էին՝ ասելով, որ մեզ էլ է ՌԴ-ն զենք վաճառում, ի՞նչ անենք՝ Երվանդ Բոզոյանը պատասխանեց. «Միշտ ՌԴ-ն Ադրբեջանին վաճառել է զենք: Հայաստանին՝ արտոնյալ պայմաններով, Ադրբեջանին՝ շուկայական գներով: Բայց երբեւիցե չի վաճառել հարձակողական նպատակի զենք, հատկապես՝ հրթիռային համալիրներ, որը տեղայնացված է մեր տարածաշրջանի յուրահատկություններին: Սա պետք է մտահոգի ՀՀ քաղաքական վերնախավին եւ իշխանություններին: Սերժ Սարգսյանի արձագանքը ուշացած է: Հայ հասարակությունը պետք է հարցադրում անի՝ իսկ ինչո՞ւ է այդպիսի վիճակ առաջացել: Ի՞նչ փոխվեց, որ ՌԴ-ն կտրուկ փոխեց իր հարաբերությունները Ադրբեջանի հետ: Եթե բացատրեն դա միայն բիզնես շահով, դա ուղղակի անմեղսունակություն կլինի: ՌԴ-ում առաջացել է խորը կասկած՝ Հայաստանի նկատմամբ, որովհետեւ վերջին 2-3 տարիների ընթացքում Հայաստանը վարում էր այնպիսի քաղաքականություն, որը նյարդայնացնում էր Մոսկվային: ՀՀ իշխանություններն ու արեւմտամետ շրջանակները հպարտանում էին, թե Հայաստանը Եվրոասոցացման պայմանագրի ուղղությամբ քայլերի իմաստով մի քանի քայլ առաջ է անցել Ադրբեջանից: Դրա արդյունքը եղավ այն, որ ՌԴ-ն անվստահություն ունեցավ Հայաստանի նկատմամբ: Նախ, գաղտնի բանակցությունների ընթացքում գազի գինը բարձրացրեց՝ 300 մլն դոլարի պարտք կուտակվեց, գումարած դրան նախապատրաստում էր այդ 4 մլրդ դոլարանոց պայմանագիրը: Մեղավոր են բոլոր նրանք, այն ԶԼՄ-ները, խմբագիրները, որոնք գովերգում էին Եվրոասոցացման համաձայնագրի ստորագրման ընթացքը: Միայն Սերժ Սարգսյանին պետք չի մեղադրել, նա քավության նոխազ չի դառնա: Շավարշ Քոչարյանի պես անձնավորությունը դա ասում էր բիզնես գործարք՝ փորձելով հակադրվել Մոսկվային, որ եթե իրենք բիզնես են անում, մենք էլ իրավունք ունենք անենք: Դե թող գնան Շավարշ Քոչարյանին էլ գնահատեն, արեւմտամետ շրջանակներին էլ, որոնք այդ գիծը տանում էին: Նրանք իրենց գնահատականներով մեծ վնաս են հասցրել Հայաստանին: Թող հիմա նրանք կուռկուռի ձագ չդառնան ու ասեն, որ ամեն ինչի մեղավորը Սերժ Սարգսյանն է: Արդյունքում՝ մեր թշնամին ունի ռազմավարական հրթիռներ, որի համարժեքը այս պահի դրությամբ մենք չունենք»:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031