Հուլիսի 11-ին Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանի հանդիսությունների դահլիճում նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի տեղի ունեցավ Գևորգյան հոգևոր ճեմարանի 2013-2014 թթ. ուսումնական տարվա փակման հանդիսավոր արարողությունը:
Հանդիսությանը ներկա էին Մայր Աթոռի միաբանները, Մայր Աթոռ Ս. Էջմիածնի բարերար Հայկ Դիդիզյանը, Մայր Աթոռի հոգևոր-կրթական հաստատությունների տեսչական ու ուսուցչական անձնակազմը և Գևորգյան հոգևոր ճեմարանի սաները:
Տերունական և Գևորգյան հոգևոր ճեմարանի օրհներգից հետո 2013-2014 թթ. ուսումնական տարին ամփոփեց Մայր Աթոռի հոգևոր-կրթական հաստատությունների վերատեսուչ, Գևորգյան ճեմարանի տեսուչ Տ. Գևորգ եպիսկոպոս Սարոյանը` փաստելով այն կարևոր ձեռքբերումները, որոնք արձանագրվել են Մայր Աթոռի հոգևոր-կրթական հաստատություններում: Գևորգ Սրբազանը մեծ նվաճում համարեց հատկապես այն, որ ուսումնառությանը զուգընթաց տարբեր հանրաճանաչ մասնագետների կողմից Գևորգյան ճեմարանում անցկացվել են բազում արտաժամյա դասախոսություններ, կազմակերպվել ճանաչողական և մշակութային բնույթի այցելություններ: Իր խոսքում Գևորգ եպիսկոպոսն անդրադարձավ ներճեմարանական նորակազմ տարբեր խմբակների գործունեությանը, եկեղեցական սոցիալական ծրագրերին ճեմարանականների մասնակցությանը, սաների ջանքերով «Սերմնացան» մատենաշարի շրջանակներում հրատարակվող աշխատություններին: Ճեմարանի տեսուչը ներկայացրեց նաև Հայաստանի և արտերկրի տարբեր բարձրագույն կրթական և հոգևոր հաստատությունների և Ճեմարանի միջև ձևավորված արդյունավետ համագործակցությունը:
Այնուհետև հայրենասիրական բնույթի բանաստեղծություններով ու երգերով հանդես եկան Գևորգյան հոգևոր ճեմարանի սաներն ու երգչախումբը` ղեկավարությամբ ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Ռուբեն Ասատրյանի:
Կարդացեք նաև
Ճեմարանի ուսումնական տարվա փակման ցերեկույթն ամփոփվեց Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ և պատգամով: Նորին Սրբությունն իր ուրախությունը հայտնեց անցնող տարվա ընթացքում Մայր Աթոռի հոգևոր կրթական հաստատություններում արձանագրված հաջողությունների և դրական տեղաշարժերի առիթով` իր գնահատանքը բերելով ճեմարանի տեսչությանը և դասախոսական կազմին ներդրած ջանքերի և կատարած աշխատանքների համար: Հայոց Հովվապետը վերահաստատեց, որ Հոգևոր ճեմարանի գործունեությունը պետք է նպատակաուղղված լինի արժանավոր հոգևորականներ դաստիարակելուն, գիտելիքների հետ մեկտեղ սաների անձերի մեջ կամք և տեսիլք կրթելուն, որպեսզի, մուտք գործելով եկեղեցական ասպարեզ, պատրաստ լինեն շարունակելու առաքելաշավիղ հայրերի նվիրյալ ու լուսավոր առաքելությունը և փառքի նոր էջեր հավելեն Հայոց Եկեղեցու պատմության մեջ:
Խոսքն ուղղելով Ճեմարանի այս տարվա 32 շրջանավարտներին և քահանայից լսարանն ավարտած 10 սաներին` Նորին Սրբությունը պատգամեց. «Յուրաքանչյուրը պիտի լավագույնս իմանա Եկեղեցին շենացնելու և պայածառացնելու իր ուրույն կերպը` իրականացնելու Տիրոջ փրկչագործական առաքելությունը մեր ժողովրդի կյանքում, զորացնելու նրա հոգևոր կյանքը և փրկության առաջնորդելու: Իսկ փրկության ճանապարհը դժվարին ճանապարհ է` սատանայական փորձություններով լեցուն: Այդ ամենը կիրականացնենք, եթե մենք ունենք տեսիլք և այդ տեսիլքն իրագործելու կամք: Այլապես տվյալ անձը, ով դուրս է գալիս ճեմարանի հաստատությունից, չպիտի կարողանա բարի արդյունքներ արձանագրել ո՛չ իր անձի, և ո՛չ էլ մեր Սուրբ Եկեղեցու համար: Ճեմարանական նստարանին յուրաքանչյուր ուսանող պետք է կերտի իր երազը, իր տեսիլքը ապագա գործունեության` որպես հոգևոր սպասավոր: Այդպես է, որ մեր Եկեղեցին կհզորանա, մեր Եկեղեցու առաքելությունն արդյունավոր կլինի, և կպայծառանա, կշողա Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու փառքը ազգային մեր կյանքում»:
Ուսումնառությունը շարունակող ճեմարանականներին Ամենայն Հայոց Հայրապետը հորդորեց, հավատարիմ Ճեմարանի օրհներգի պատգամին, լինել մեծ տեսիլքի զավակներ, ազգային արժեքների պահապաններ ու քաջ զինվորներ և, հոգևոր հաստատության հարկի ներքո կրթական տարիները լավագույնս օգտագործելով, զինվել գիտելիքներով, զորանալ երազով ու տեսիլքով և իբրև արժանավոր զավակներ ազգի և արժանավոր սպասավորներ մեր Սուրբ Եկեղեցու արդարացնել մեր ժողովրդի բոլոր հույսերն ու ակնկալությունները:
Հանդիսությունը փակվեց «Պահպանիչ» աղոթքով և Հայրապետական մաղթերգով:
Մայր Աթոռ Ս. Էջմիածին
Տեղեկատվական համակարգ