Լրահոս
Օրվա լրահոսը

Դեսպանատները խուսափում են Հայաստանում օտարալեզու դպրոցներ հիմնելու հարցից

Հուլիս 11,2014 17:04

«Մենք ուզում ենք մեր գոհունակությունը հայտնել Հայաստանի դպրոցներում ֆրանսերենի դասավանդման վերաբերյալ»,- Ֆրանսիայի դեսպան Անրի Ռենոն` կրկին չշեղվելով իր «դիվանագիտական կանոններից», այսպիսի ընդհանուր պատասխան տվեց Aravot.am-ի հարցին` արդյոք Ֆրանսիայի դեսպանատունը պատրա՞ստ է զերծ մնալ Հայաստանում ծագումով հայ դպրոցականների համար օտարալեզու դպրոցներ հիմնելու եւ օժանդակելու նախագծերին մասնակցելուց:

Ինչպես հայտնի է «Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» նախաձեռնող խումբը հանդես է եկել հայտարարությամբ, որում մասնավորապես նշված է հետևյալը. «Դիմում ենք օտարերկրյա կառավարություններին եւ կազմակերպություններին՝ զերծ մնալ Հայաստանում ծագումով հայ դպրոցականների համար օտարալեզու դպրոցներ հիմնելու եւ օժանդակելու նախագծերին մասնակցելուց: Փոխարենը, եւս մեկ անգամ կոչ ենք անում օժանդակել հայալեզու կրթական համակարգի բարելավմանը: Դա անչափ շնորհակալ գործ կլիներ, քանի որ բոլորին հասանելի որակյալ կրթության ապահովումը՝ առանց որեւէ խտրականության, ցանկացած երկրի զարգացման նախապայմանն է: Ոչ պակաս կարեւոր է այն, որ դա մեծապես կպահպաներ եւ կխթաներ հայերենի անվտանգությունն ու զարգացումը»:

Ֆրանսիայի դեսպանատանը այս առնչությամբ մեր հարցին ի պատասխան զարմացան: Դեսպանը, թարգմանիչն ու մամուլի պատասխանատուն զարմացած նշեցին, թե տեղյակ չեն այդ մասին:

Aravot.am-ը նշված հարցը գրավոր հղել էր ՀՀ-ում գործող գրեթե բոլոր դեսպանատներ: Բրիտանական դեսպանատան հաղորդակցության գծով պատասխանատու Լիլիթ Քալանթարյանից ստացանք հետևյալ պատասխանը. «Տեղեկացնենք, որ Երևանում Բրիտանական դեսպանատունը իր ծրագրերի և գործունեության ընթացքում բազմիցս աջակցել և աջակցում է Հայաստանի կրթական համակարգի բարելավմանը:

Մասնավորապես Բրիտանական խորհրդի ծրագրերի միջոցով հնարավորություն է տրվում բազմաթիվ դպրոցների անգլերեն լեզվի ուսուցիչներին վերապատրաստվել և առավել կատարելագործել հմտությունները: Իսկ ամենակարևոր ներդրումը մեր կողմից այս տարիների ընթացքում եղել է Գյումրու, Լորդ Բայրոնի անվան դպրոցում ջեռուցման համակարգի վերանորոգումն ու անընդմեջ ու անմիջական աջակցությունը դպրոցի կրթական ծրագրերին: Ուստի տեղեկացնում ենք ձեզ, որ Բրիտանական դեսպանատունը՝ ի դեմս Բրիտանիայի կառավարության, բազմաթիվ ծրագրեր է իրականացնում Հայաստանի պետական դպրոցներում»:

Պատասխանելով բուն հարցին, արդյոք Բրիտանական դեսպանատունը պատրա՞ստ է զերծ մնալ Հայաստանում ծագումով հայ դպրոցականների համար օտարալեզու դպրոցներ հիմնելու և օժանդակելու նախագծերին մասնակցելուց, Լիլիթ Քալանթարյանը նշել է. «Ինչ վերաբերվում է միջազգային դպրոցներին, ապա դրանք մասնավոր ծրագրեր են և բազմազանություն են ապահովում ցանկացած երկրի կրթական համակարգում, ինչպես նաև ընտրության հնարավորություն են տալիս մարդկանց»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031