Լրահոս
Օրվա լրահոսը

Գտիր տասը տարբերություն

Հուլիս 11,2014 16:13

Նրանց սենյակում ամեն ինչ երկու օրինակից է, նրանց պահարանում նույն զգեստներն են, միանման են խաղալիքներն ու զարդերը: Նույնն են նրանց ընկերներն ու հետաքրքրությունները: Նրանք հիվանդանում են գրեթե միաժամանակ, մեկը մյուսի անհանգստություններն ու ուրախությունները զգում է ինչպես սեփականը: Հայելու փոխարեն նրանք միմյանց են նայում, և նույն հայացքով նայում են աշխարհին:

Վարդան և Տիգրան Թադևոսյաններ, 38 տարեկան

vardan+tigran2
Մենք փոքրուց միանման ենք հագնվել, հետո դարձավ սովորություն: Մեր նախասիրությունները, ճաշակը շատ նման են, նույն կենցաղով ենք ապրում և շատ բաներ նմանվել են: Նույն դասարանում, կուրսում ենք սովորել, նույն զորամասում ծառայել ենք, նույն ասպարեզում էլ աշխատում ենք, մեր ընկերական շրջապատը նույնն է: 1998-ից «Հայ Լաո» դուետը ձևավորեցինք, մեր հեղինակային երգերն ենք երգում:

Հեռազգացողություն կա: Ցավի զգացողությունը չի փոխանցվում, բայց տրամադրության, անհանգստության զգացումները փոխանցվում են:

Երկվորյակ ունենալու դրական կողմն այն է, որ միշտ կողքիդ հավատարիմ մեկին ունես, որի հետ կիսվում ես, որի հետ լրացնում եք իրար: Նույն հարցի շուրջ երկուսիս կարծիքները գումարվում են, և գտնում ենք լավագույն լուծումը:

Մի անգամ փողոցում մի կին մոտեցավ, հարցրեց, թե երկվորյակնե՞ր ենք: Հետո նայեց, ասաց՝ բայց դու իրեն ավելի նման ես, քան՝ ինքը քեզ:

Երբեմն մենք էլ ենք մեզ շփոթում: Մի անգամ մեքենա վարել էինք սովորում: Տիգրանը ղեկին էր նստած, ես՝ հետևում: Քշելու ժամանակ Տիգրանը նայում է հայելու մեջ ու անընդհատ իր դեմքն է տեսնում: Փոխում է հայելու դիրքը, բայց էլի ինքն է երևում, չի կարողանում քշել: Մտածեցի՝ միգուցե ինձ է տեսնում, մի քիչ աջ քաշվեցի: Ասաց՝ էսպես շատ լավ է:

 

Արմեն և Արսեն Ասծատուրյաններ, 22 տարեկան

armen+arsen2
Երբեմն լինում է, որ ուզում ենք տարբեր հագնվել, բայց ոչ տարբերվելու համար: Շփոթողը, միևնույն է, շփոթում է: Երբեմն նույնիսկ ծնողներն են շփոթում: Ամեն ինչ պահից է կախված: Ինչքան էլ մարդիկ նման լինեն, շփվելիս մի տարբերություն կգտնես:
Երկվորյակը կեսդ է, եթե խորհուրդ է պետք, իրեն ես հարցնում: Հաստատ գիտես, որ չի դավաճանի: Մենք երրորդ եղբայր էլ ունենք, բայց իմ երկվորյակն ինձ համար մի աշխարհ է:
Հեռավորության վրա շատ ենք կարոտում իրար, ուզում ենք միշտ միասին լինել: Եթե առանձին ենք, անընդհատ զանգում ենք իրար, անհանգստանում ենք:
Կամ միասին ենք հիվանդանում, կամ մեկս լավանում է, հաջորդ օրը մյուսն է հիվանդանում՝ անկախ հիվանդությունից:

Տաքարյունությամբ ենք գուցե տարբերվում մի քիչ:

Մեկս մյուսի փոխարեն դաս ենք պատասխանել, բանակում ծառայողական պարտականություններն ենք կիսել, և ոչ ոք չի նկատել:

Երբեք չի պատահել, որ նույն աղջկան սիրահարվենք: Բայց եթե ինձ դուրս է գալիս մի աղջիկ, հաստատ եղբորս հավանությունը պիտի ստանամ:

Միլենա և Էլեն Գրիգորյաններ, 3 տարեկան

elen+milena2
Երկու տղա ունեինք և երազում էինք երկվորյակ աղջիկների մասին: Երբ ծնվեցին, շատ ուրախացանք, ասում է Անին՝ աղջիկների մայրը:

Միշտ նույն կերպ ենք հագցրել իրենց, ամեն ինչը նույնն է: Եթե տարբերություններ լինեն, սկսում են վիճել: Երբեմն նույնիսկ ես եմ շփոթում իրենց:
Նույն խաղերն են խաղում, միասին քնում են, արթնանում, զրուցում են: Միշտ մի զբաղմունք գտնում են իրենց համար: Բայց բնավորությամբ, ուտելիքի հարցում տարբեր են ճաշակները:

Նվերներն էլ են միշտ միանման լինում, նույնիսկ գույներն ենք նույնն ընտրում:
Մեծանան, ինչ կուզեն, թող դառնան, չենք խառնվի, բայց հիմա եթե մեկն, օրինակ, դաշնամուրի խմբակ գնա, մյուսին էլ անպայման կտանենք:

Սելին և Միլեն Մարգարյաններ, 13 տարեկան

selin+milen.2
Մայրիկն ու հայրիկը շատ են սիրում ֆրանսիական երգիչներին և դերասաններին: Հայրիկը Միլեն Ֆարմերի պատվին իմ անունը Միլեն է դրել, մայրիկը Սելին Դիոնի անունով՝ քույրիկին Սելին է կոչել: Մեր փոքր եղբոր անունն էլ Ալեն է, ինչպես Ալեն Դելոնը: Մենք էլ ենք շատ սիրում ֆրանսիական երգեր, արդեն 4 տարի գնում ենք երգի, դաշնամուրի, անգլերեն ու ֆրանսերեն ենք պարապում:

Մեզ երբեմն ասում են՝ տարբեր հագնվեք, դուք տարբեր մարդիկ եք, բայց մենք չենք ուզում տարբեր լինել: Նույնիսկ եթե մեզ տարբեր գույների նվերներ են բերում, համաշխարհային պատերազմ է սկսվում: Միակ տարբերությունն այն է, որ ես ավելի լավ եմ նկարում, իսկ Սելինն էլ խոհարարությունից է ավելի լավ:

Շատ եմ սիրում, որ մեզ շփոթում են: Մի անգամ ֆիզկուլտուրայի ժամին քույրիկս թույլ էր զգում իրեն, պիտի վարժություն անեինք: Մատյանով ինքն ինձնից առաջ էր: Ես իր փոխարեն արեցի, ստացա 9, իսկ իմ փոխարեն արեցի ու ստացա 8: Մի քիչ վիճեցինք:
Փոքր ժամանակ շատ նման էինք, մայրիկն իմ ճկույթին գունավոր լաք (մանիկյուր) էր քսում, որ տարբերեր: Մի օր սխալվել, Սելինին 2 անգամ էր կերակրել: Սելինը շատ ուտելուց էր լացում, ես՝ սովից: Մեկիս երկու անգամ է լողացրել, մյուսիս չի լողացրել: Բայց հիմա արդեն չի շփոթում, երբեմն միայն հետևից:

Որոշել ենք զույգ տղաների հետ ամուսնանալ:

Աննա և Մարի Գաբրիելյաններ, 18 տարեկան

anna+mari2
Փոքրուց մենք ունեցել ենք ե՛ւ միանման, ե՛ւ տարբեր հագուստ: Հիմա միանման հագնվում ենք միայն հատուկ առիթների ժամանակ, երբ անհրաժեշտություն կա ներկայացնելու, որ մենք զույգեր ենք:

Բնավորության մեջ տարբերություններ կան: Կարող է նպատակը նույնը լինել, բայց դրան հասնելու ճանապարհը, տրամադրվածությունը՝ տարբեր: Մարին երբեմն ավելի վճռական է, ես ավելի հանդարտ եմ:

Ես էլ, Աննան էլ անկախ իրարից միաժամանակ որոշել ենք բուսակեր դառնալ: Եվ անակնկալ հայտնաբերել ենք, որ որոշումը մոտավորապես նույն պահին ենք կայացրել, ուղղակի որոշ ժամանակ գաղտնի էինք պահում:

Սովոր չենք, որ մեզ մեր անունով են դիմում: Մենք արդեն երկու անուն ունենք՝ Աննա-Մարի կամ Մարի-Աննա: Եթե Մարի են կանչում, երբեք չեմ շրջվում, որովհետև չեմ հավատում, որ ինձ միանգամից կարող են ճանաչել:

Միայն հեռախոսով ենք մեկս մյուսի փոխարեն հանդես գալիս: Նույնիսկ մայրիկը հաճախ շփոթում է մեր ձայները:

Շատ հազվադեպ է լինում, որ ուզենանք առանձին լինել: Բայց 5 րոպեն էլ բավական է, որ սկսենք կարոտել:

Հայկանուշ և Սիրանուշ Մաղաքյաններ, 22 տարեկան

Haykanush+Siranush
Մեր ամեն ինչը միանման եղել է մինչև դպրոցահասակ տարիքը, մինչև ինքներս ենք սկսել ընտրել: Հիմա միանման ձմեռային մի սվիտեր ունենք, որը պահում ենք զավեշտալի դեպքերի համար:

Միասին մենք մեզ ավելի հարմարավետ ենք զգում, բայց փորձում ենք առանձնանալ, որ եթե ստիպված լինենք հեռու ապրել, հեշտ լինի մեզ համար: Ցանկացած դեպքում երկվորյակը զգում է, որ ինքը մաս է այն ամբողջության, որ ստեղծվում է տարիների ընթացքում միասին ապրելով: Բայց անհատականությունը դրսևորվում է այն ժամանակ, երբ կյանքում ստիպված ես ինչ-որ քայլեր կատարել, որը քո երկվորյակի հետ կապ չունի: Եթե տրվես միասնությանը, կարող է և քիչ ձևավորվի անհատականությունը: Դրա համար հիմա փորձում ենք տարբերվել:

Միայն մեր անձնագրի համարներն ու աշխատավայրերն են տարբեր:
Մինչ աշխատանքի անցնելը ամեն տեղ միասին ենք եղել: Շատ դժվար էր մենակ աշխատելը, լացս գալիս էր, հոգեպես մնում էի Սիրանուշի հետ:

Ես էլ ինձ ոչ ամբողջական էի զգում տանը, սպասում էի, որ Հայկանուշը գա, որ կարողանամ նստեմ, իմ դասը սովորեմ: Կախվածությունը հսկայական է ու մի փոքր անգամ վախեցնող:
Մի անգամ Հայկանուշի ծանոթներից մեկը փորձում է ինձ սիրո խոստովանություն անել: Ես ասում եմ՝ սպասիր: Ինքն ասում է՝ թող ես խոսեմ, բացատրեմ, ես շատ ասելիք ունեմ քեզ: Հետո ասում եմ ՝վստա՞հ ես, որ Հայկանուշը ես եմ: Ինքն անմիջապես փախչում է:
Միանշանակ չենք ուզենա երկվորյակների հետ ամուսնանալ:

Իմ կապվածությունը Հայկանուշի հետ ավելի շատ է: Ես երբեմն շատ խանդում եմ իրեն:
Միանշանակ չէինք ուզի երկվորյակ չլինել: Ես աշխարհի հետ իմ քրոջը չեմ փոխի: Ինչքան ինքը ինձ ուժեղ է դարձնում, երկու էդքան էլ ինձ թույլ է դարձնում, եթե իր հետ ինչ-որ բան է պատահում: Ես ավելի ուրախ կլինեմ, որ ինձ հետ վատ բան պատահի, քան՝ իր:
Եթե ձեզ համար տարօրինակ է, որ մենք երկուսս իրար շատ նման ենք, ինձ համար էլ նույնքան տարօրինակ է, որ դուք միակն եք, ձեր նմանը էլ չկա:

Լուսինե ՂԱՐԻԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031