Լրահոս
Օրվա լրահոսը

Անրի Ռենոն չշեղվեց իր «դիվանագիտական կանոններից»

Հուլիս 11,2014 16:01

«Ես չգիտեմ` ինչ ասել է ԵԱՀԿ, ուստի չեմ թափանցի այդ կառույցի մեջ, այլ կխոսեմ դիվանագետի` իմ դիրքերից»,-այսօր Բաստիլի գրավման օրը` Ֆրանսիայի Հանրապետության ազգային տոնին, հայ լրագրողների հետ հանդիպմանն այսպիսի կարծիք հայտնեց ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոն` պատասխանելով լրագրողի այն հարցին, թե ինչու շփման գծում տեղի ունեցող լարված իրավիճակի իրական մեղավոր կողմի անունը չի նշվում ԵԱՀԿ-ի կողմից:

Անրի Ռենոն զգուշացրեց, որ ինքը խոսելու է դիվանագիտության կանոններով, որոնք տարբերվում են լրագրողական կանոններից ու հայտնեց. «Դիվանագիտությունն ունի իր հստակ կանոնները: Դրան համապատասխան սահմանված են հատուկ խաղի կանոններ, որոնք ընդունված են բոլոր երկրների կողմից, որոնք մասնակցում են այդ խաղին, այդ թվում նաև ԵԱՀԿ-ն: Ես հասկանում եմ Ձեր հարցը, բայց դիվանագիտության որդեգրած կանոնները մամուլի կանոններ չեն»:

Մյուս հարցին` արդյոք Եվրամիությունը իր հետաքրքրությունը չի՞ կորցրել Հայաստանի նկատմամբ` հաշվի առնելով ՀՀ-ի ցանկությունը անդամակցել Մաքսային և Եվրասիական միություններին, դեսպանն այսպես պատասխանեց. «Հայաստանը մնում է Արևելյան գործընկերության անդամ երկիր: Եվ այս շրջանակներում գրանցվել են զգալի առաջընթացներ: Ինչ վերաբերում է ՀՀ-ի նկատմամբ հետաքրքրությանը, ապա այդ հետաքրքրությունն ավելի ֆորմալ իր արտահայտությունը գտավ անցյալ տարվա նոյեմբերին` Վիլնյուսում կայացած Արևելյան գործընկերության գագաթաժողովում Եվրամիություն-Հայաստան հռչակագրի ընդունման տեքստում: Չմոռանալով նոր համատեքստը` ՀՀ ցանկությունն անդամակցել Մաքսային միությանն ու Եվրասիական միությանը, հռչակագրի ընդունման կետերի համաձայն, Եվրամիություն-Հայաստան համագործակցությունը շարունակում է իր ուղին»:

ԼՂ հակամարտության լուծման վերաբերյալ և ԼՂՀ ճանաչման գործընթացին վերաբերող հարցերին ի պատասխան, պարոն դեսպանն ասաց. «Երևի թե այս պահին չեմ ընկնի նման մեկնաբանությունների գիրկը, քանի որ որքանով ես գիտեմ` ԼՂՀ-ն դեռևս ընդունված չէ և ոչ մի պետության կողմից, այդ թվում նաև ՄԱԿ-ը դեռ չի հայտարարել, որ ճանաչում է ԼՂ-ն որպես անկախ պետություն»: Դեսպանը ընդգծեց, որ «ԼՂ հակամարտության կարգավորման` խաղաղ, բանակցային ճանապարհով լուծումը այլընտրանք չունի»:
Ֆրանսիական լրատվամիջոցների տարածած այն տեղեկությունները, թե Ֆրանսիան զենք է վաճառում Արդբեջանին, Անրի Ռենոն ժխտեց ու հավելեց. «Դա չի համապատասխանում իրականությանը: Ֆրանսիայի` որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր լինելու պարագայում սա ինքնին արդեն պարզ իրողություն է և չէր էլ կարող հակառակը լինել, որ Ֆրանսիան` որպես հակամարտող երկրների առաքելություն ստանձնած երկիր, հանկարծ հակառակվեր կամ չհարգեր ու չպահպաներ այն բոլոր դրույթները, որոնք սահմանված են ՄԱԿ-ի և հենց նույն ԵԱՀԿ-ի կողմից և զենք կամ սպառազինություն վաճառեր այնպիսի երկրներին, որոնք գտնվում են հակամարտության մեջ»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031