Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Օրը ցերեկով, կանացի զուգագուլպաներով չէր կարող ավազակային հարձակում լինել

Հուլիս 11,2014 15:33

«Արմավիրի մարզի ոստիկաններն ավազակային հարձակում կատարելու կասկածանքով ինձ տեղափոխել են բաժին: Ոստիկանության աշխատակիցները բռունցքներով, իսկ հետագայում քացիներով դաժան ծեծի են ենթարկել ինձ: Դրանից հետո սկսեցին ինձ ծեծել գործիքներով` դուբինկաներով, էլեկտրաշոկով հարվածներ հասցրեցին գլխիս, մարմնիս տարբեր մասերին»: Այս մասին հնչեց այսօր քրեական վերաքննիչ դատարանում, ուր լսվում էր ինը տարվա ազատազրկման դատապարտված Մարզպետունի Ավուշյանի եւ նրա պաշտպան Տիգրան Հայրապետյանի (լուսանկարում) բողոքը:

Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի կողմից ավազակային հարձակման փորձի համար դատապարտված Մարզպետունի Ավուշյանը վերաքննիչ քրեական դատարան բերվեց քառասուն րոպե ուշացումով: Նախագահող դատավոր Գագիկ Ավետիսյանը, որի նիստերը վայրկյանների ճշգրտությամբ նշանակված ժամին են սկսվում, ուղեկցողներին խիստ նկատողություն արեց ամբաստանյալին ուշացումով դատական նիստերի դահլիճ բերելու համար:

Սպասվում էր մեղադրող Սահակյանի պատասխան խոսքը: Մեղադրողը առարկեց բողոքաբերի հիսուն էջից ավելի փաստարկներին: Նշենք, որ այս գործը մեկ անգամ արդեն մի պտույտ կատարել է. առաջին ատյանից հասել է վերաքննիչ դատարան, նորից հետ ուղարկվել առաջին ատյանի դատարան, այլ կազմով քննելու համար:

Ըստ մեղադրողի, բոլոր ապացույցները ձեռք են բերվել օրենքի տառի պահպանմամբ; Ըստ գործի նյութերի, Մարզպետունի Ավուշյանը ավազակությանը օժանդակելու դիտավորությամբ, հանցագործության կատարողներ Ալեն Սահակյանին և Հայկ Ումուրշատյանին տեղեկություններ է հաղորդել տուժողի բնակության վայրի, ֆինանսական վիճակի մասին: Նրանց տրամադրել է հանցագործության գործիք և միջոցներ:

Վեց տարվա ազատազրկման դատապարտված Ալեն Սահակյանին տվել է «Զաուեր 38» մոդելի ատրճանակ, ձեռնոց և դիմակ, իսկ Հայկ Ումրշատյանին` կպչուն ժապավեն, ձեռնոց, դիմակ և գլխարկ : Նրանք 2009թ. դեկտեմբերի 3-ին գնացել են Քարակերտ գյուղ: Մարզպետունի Ավուշյանը սպասել է Համբարձում Հակոբյանի տան պարիսպների մոտ, իսկ Ալեն Սահակյանը և Հայկ Ումրշատյանը մուտք գործելով Հ. Հակոբյանի բնակարան` գույք հափշտակելու նպատակով, նրան պատճառելով թեթև մարմնական վնասվածք:Սակայն հանդիպելով տուժողի դիմադրությանը` դիմել են փախուստի:

Մեղադրողը հիշատակեց երկրորդ դրվագը, համաձայն որի, Գյումրիի բնակիչ Արա Խուրշուդյանի, վերջինի մորեղբոր որդի Սամվել Մհերյանի գույքը հափշտակելու նպատակով ամբաստանյալը ձեռք է բերել հրազեն հանդիսացող «WALTHER» մոդելի ատրճանակ, ինչպես նաև ձեռք է բերել և ապօրինի կրել «MAKAROV CCCP» մոդելի ձայնագազային ատրճանակ, դիմակ և ձեռնոց : 2010թ. փետրվարի 4-ին գնացել է Գյումրի: Կենտրոնական շուկայի տարածքում, շուրջ 30 րոպե շրջելով, փնտրել է Ա. Խուրշուդյանին և Ս. Մհերյանին, սակայն չի գտել, հանցագործությունն ավարտին չի կարողացել հասցնել և նույն օրը ոստիկանության Արմավիրի բաժնի աշխատողների կողմից կասկածանքով բերման է ենթարկվել:

Դատավոր Գագիկ Ավետիսյանի հարցին, թե ինչ ապացույցներ կան այս գործով, մեղադրող Սահակյանն ասաց` ամբաստանյալի ինքնախոստովանական ցուցմունքները: Նախագահողն ասաց, որ ինքնախոստովանական ցուցմունքները չեն կարող թույլատրելի համարվել: Պաշտպան Տիգրան Հայրապետյանն իր բողոքում գրել էր, որ այդ ցուցմունքը ձեռք է բերվել խոշտանգումների, բռնությունների հաշվին:

Մինչդեռ դատախազն ասաց, թե ինչպես Տիգրան Հայրապետյանը, այնպես էլ նախկին պաշտպանը` Ցոլակ Մարգարյանը նախաքննության ժամանակ չեն դիմել, չեն բողոքել բռնությունների մասին:

Տիգրան Հայրապետյանն իր բողոքում գրել էր, որ երեք ժամ իր պաշտպանյալին, նրա ընկերներին ծեծելուց հետո, նրանց տեղափոխել են ոստիկանության շենքի դիմաց կայանված մեքենան, զննության են ենթարկել մեքենան, այնտեղից հայտնաբերել են վերոհիշյալ ատրճանակները, կանացի զուգագուլպաներից պատրաստված երկու դիմակ, նախատեսված աչքերով: «Արմավիրի մարզի ոստիկանները սկսեցին ինձ ծեծել գործիքներով` դուբինկաներով, էլեկտրաշոկով, հարվածներ հասցրեցին գլխիս , մարմնիս տարբեր մասերին»,-հայտնել էր ամբաստանյալը: Փաստաբանը հիշեցրեց, որ իրենք դիմել են ոչ միայն Հատուկ քննչական ծառայություն, այլ Ազգային անվտանգության ծառայություն:

Ըստ բողոքաբերի, քննիչն առանց պաշտպանին տեղյակ պահելու այցելել էր Նուբարաշենի մեկուսարան, փորձել իր պաշտպանյալի վստահությունը չարաշահելու միջոցով, նրանից կորզել գրավոր փաստաթուղթ, թե իբր նա հրաժարվում է ծանոթանալ գործի նյութերին:
Ավազակային հարձակման նախապատրաստման փաստով Մ. Ավուշյանի հետ առերեսումներ չեն կատարվել ոչ մի անձի հետ, ովքեր ցուցմունք են տվել այդ կապակցությամբ:

Մանրամասներն առաջիկայում:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031