Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Աշխատանքային այց բնության հատուկ պահպանվող տարածքներ

Հուլիս 11,2014 15:23

ՀՀ Բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանն աշխատանքային այցով մեկնել է ՀՀ Տավուշի մարզի ‹‹Դիլիջան›› ազգային պարկ›› ՊՈԱԿ և ‹‹Արգելոցապարկային համալիր›› ՊՈԱԿ-ի ‹‹Իջևանի դենդրոպարկ›› հիմնարկ:

‹‹Դիլիջան›› ազգային պարկ›› ՊՈԱԿ-ի աշխատակազմի հետ հանդիպման ժամանակ Արամայիս Գրիգորյանը շնորհակալություն է հայտնել աշխատակիցներին միասնական աշխատանքի և առկա դժվարությունները հաղթահարել կարողանալու համար` միաժամանակ ընդգծելով. ‹‹Դիլիջան ազգային պարկը›› մեր ազգային հարստություններից է և մենք պետք է առավելագույն ուշադրություն և հետևողականություն ցուցաբերենք տարածքի պահպանման հարցերում: Մենք պետք է կարողանանք բարձրացնել բնության հատուկ պահպանվող տարածքներից ճիշտ օգտվելու մշակույթը մեր երկրում և խստագույնս պատժել չարաշահումներ և խախտումներ թույլ տվողներին` անկախ սոցիալական դիրքից››: Արամայիս Գրիգորյանը որոշակի խնդիրների և թերացումների շուրջ դիտողություններ է արել ազգային պարկի տնօրինությանը, հույս հայտնելով, որ շատ մոտ ապագայում դրանք կշտկվեն և կհարթվեն:

Նախարարը WWF-ի հայաստանյան գրասենյակի ղեկավար Կարեն Մանվելյանի ուղեկցությամբ այցելել է նաև կովկասյան ազնվացեղ եղջերուի բազմացման համատեղ ծրագրի շրջանակներում Դիլիջան ազգային պարկի տարածքում հատկացվելիք հնարավոր վայրը, ծանոթանալու եղջերուների բուծման պայմաններին: Արամայիս Գրիգորյանը կարևորել և ողջունել է կովկասյան ազնվացեղ եղջերուի Հայաստան վերադարձի ծրագիրը, ինչը կխթանի նաև տարածաշրջանում էկոտուրիզմի զարգացումը: ‹‹Կովկասյան ազնվացեղ եղջերուի բազմացման կենտրոնի ստեղծման տարածքի ընտրությունը պետք է պայմանավորվի մի քանի հանգամանքներով: Բացի այն, որ տեղանքը նպաստավոր պետք է լինի եղջերուների բուծման համար, այն նաև սոցիալական խնդիր է լուծելու` ստեղծելով աշխատատեղեր մոտակա գյուղի բնակիչների համար: Ազնվացեղ եղջերուներին կերակրելու և նրանց վայրի բնության գրկում հետևելու հնարավորությունը մեծ խթան կհանդիսանա էկոտուրիզմի զարգացման համար››,-եզրափակել է նախարարը:
Նախարար Արամայիս Գրիգորյանը մարզային այցի շրջանակներում ՀՀ ԲՆ ‹‹Արգելոցապարկային համալիր›› ՊՈԱԿ-ի ղեկավար Գևորգ Սարգսյանի ուղեկցությամբ այցելել է նաև ‹‹Իջևանի դենդրոպարկ›› հիմնարկ, որտեղ ծանոթացել է ծառերի և թփերի հազվագյուտ տեսականին և դրանց պահպանման պայմաններին: Դենդրոպարկի տնօրեն Մեխակ Սայադյանը ներկայացրել է աշխատանքների ընթացքը, առկա խնդիրներն ու նախանշված ծրագրերը: Նախարարը հրահանգել է ուժեղացնել պահպանվող բուսատեսակների հսկողությունը և ներկայացնել հստակ ծրագրեր պարկի հնարավորությունների ընդլայնման, էկոտուրիզմի զարգացման հեռանկարների վերաբերյալ:

ՀՀ Բնապահպանության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031