Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ բնապահպանության նախարարն ընդունել է բնապահպանական տեղեկատվության հասարակական (Օրհուս) կենտրոնների համակարգողներին և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ներկայացուցիչներին

Հուլիս 11,2014 15:17

ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանն ընդունել է Հայաստանում գործող բնապահպանական տեղեկատվության հասարակական (Օրհուս) կենտրոնների համակարգողներին և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ներկայացուցիչներին: Ողջունելով ներկաներին՝ նախարարը կարևորել է բնապահպանական խնդիրների վերաբերյալ հասարակության իրազեկվածության մակարդակի բարձրացումը, որպեսզի պետությունը կարողանա նպատակային և արդյունավետ քաղաքականություն իրականացնել: Նախարարը ողջունել է նաև օրենքների մշակման գործընթացում կենտրոնների ցուցաբերած ակտիվությունը, ինչը նպաստում է նոր օրենքների լիարժեքությանը և դրանք ժողովրդին արդյունավետ ծառայեցնելուն:

ԵԱՀԿ երևանյան գրասենյակի բնապահպանական և տնտեսական ծրագրերի պատասխանատու Տոմաս Դեմբսկին, ԵԱՀԿ ղեկավարության անունից շնորհակալություն հայտնելով հանդիպման առաջարկը ընդունելու համար, ներկայացրել է Հայաստանի Հանրապետությունում գործող 15 օրհուս կենտրոնների կատարած աշխատանքների արդյունքները: Նշվել է, որ ԵԱՀԿ 57 պետությունների կողմից Հայաստանի օրհուս կենտրոնների ծրագիրը գնահատվել է լավագույնը և մի շարք երկրների ներկայացուցիչներ ժամանում են Հայաստան կենտրոնների ձևավորման և գործունեության փորձին ծանոթանալու համար:

ԵԱՀԿ շրջակա միջավայրի հարցերով ազգային ծրագրերի պատասխանատու Գոհար Ղազինյանը բարձրացրել է Օրհուս կենտրոնները պետական կառավարման հանձնելու ծրագիրը՝ ներկայացնելով վերջիններիս հիմնադրամի իրավակազմակերպական ձև տալու ՀՀ բնապահպանության նախարարության ներկայացրած նախագծի վերաբերյալ իրենց նկատառումները: Նախարար Արամայիս Գրիգորյանը, հաստատելով կենտրոններին պետական աջակցություն ցուցաբերելու պատրաստակամությունը, առաջարկել է հարցի վերաբերյալ առաջիկայում մասնագիտական քննարկումներ կազմակերպել:

Օրհուս կենտրոնների համակարգողները նախարարին են ներկայացրել ոլորտում ընթացող գործընթացների մասին հանրության իրազեկման, բնապահպանական տեղեկատվության լիարժեքության ու մատչելիության, օրենսդրական դաշտին և բնօգտագործման ոլորտում վերահսկողական մեխանիզմներին առնչվող մի շարք այլ հարցեր:
Անդրադառնալով ոլորտում վերահսկողության իրականացման խնդիրներին՝ Արամայիս Գրիգորյանը օրենսդրական մեխանիզմների խստացմանը զուգահեռ նախանշել է նաև տնտեսվարողների հետ պայմանագրային հարաբերությունների մեջ մտնելու մեխանիզմի ձևավորման անհրաժեշտությունը, ինչը թույլ կտա բնապահպանական նորմերի պահպանման հարցում տնտեսվարողի նկատմամբ կիրառել պարտավորեցնող լրացուցիչ գործիքակազմ:

ԵԱՀԿ շրջակա միջավայրի հարցերով ազգային ծրագրերի պատասխանատու Գոհար Ղազինյանը ներկաների անունից հավաստիացրել է, որ իրենք կողջունեն և կաջակցեն նախարարի ձեռնարկած ոլորտի բոլոր բարեփոխումները:
Նախարար Արամայիս Գրիգորյանը շնորհակալություն է հայտնել բնապահպանական խնդիրների լուծման ուղղությամբ կենտրոնների ծավալած գործունեության և նախարարության նոր նախաձեռնություններին աջակցելու պատրաստակամության համար: Նախարարը նկատել է, որ Բնապահպանության նախարարությունը բնապահպանական հասարակական կազմակերպությունների հետ ունի նույն առաքելությունը և կարևորել ոլորտի խնդիրների լուծման համար ջանքերի համատեղման անհրաժեշտությունն ու հասարակական կազմակերպությունների հետ համագործակցության էլ ավելի ինտենսիվացումը:

ՀՀ բնապահպանության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031