Լրահոս
Օրվա լրահոսը

«Դիտորդական խմբում փաստաբանի ներառումը նպատակահարմար չէ»

Հուլիս 11,2014 15:08

«Մենք ձերբակալված անձանց պահպանման վայրերում դիտորդների լիազորությունների փոփոխման 13 կետից բաղկացած առաջարկություններն ուղղել ենք ոստիկանությանը»,- այսօր` հուլիսի 11-ին, «Մեդիա կենտրոնում» լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց ՀՀ ոստիկանությունում ձերբակալված անձանց պահպանման վայրերում դիտորդների խմբի նախագահ Հասմիկ Սահակյանը:

Նրա խոսքերով, իրենց առաջարկությունները հստակեցնում եւ ընդլայնում էին իրենց լիազորությունները ձերբակալված անձանց պահպանման վայրերում (ՁՊՎ), սակայն ոստիկանությունն ընդունել է այդ կետերից միայն 3-ը, այն էլ մասամբ, իսկ մնացած 9-ին անդրադարձ էլ չի կատարել:

ՀՀ ոստիկանության շտաբի հերթապահ ծառայության վարչության պետի տեղակալ Արայիկ Առաքելյանն էլ նշեց, որ ի շնորհիվ դիտորդական խմբի հետ համագործակցության, բացահայտվել են ոլորտի գործունեության վերաբերյալ մի շարք հիմնախնդիրներ, որոնց ոստիկանությունն արձագանքել է, ներկայացրել է խնդիրների լուծումը, թերությունները շտկելու ուղղությամբ` համապատասխան հանձնարարականներ են տրվել:

Նա հայտարարեց, որ միայն 2013 թվականի ընթացքում 12 հանձնարարական է տրվել, իսկ իրենց կողմից գործառույթային պարտականությունների կատարման մեջ թերացող ծառայողները ենթարկվել են պատասխանատվության.

«Ոստիկանությունն անցած տարի քննարկել է ե’ւ դիտորդների հետ, ե’ւ ոստիկանության քննչական գլխավոր վարչության հետ, ձեռք են բերվել համատեղ որոշումներ: Իրականության հետ մի քիչ չի համապատասխանում, որ 3 կետ ենք ավելացրել. Մենք բազմիցս կետերին արձագանքել ենք եւ փոփոխություններ կատարվել են: Իսկ այն հարցերը, որ չենք ընդունել, ոստիկանությունը դիտորդների խմբին մեկնաբանություն է տվել` հիմնավոր պատճառաբանությամբ»:

Դիտորդական խմբի անդամ Նելլի Հարությունյանը նշեց, որ իրենք առաջարկել են դիտորդական խմբի մեջ ներառել օրինակ` հոգեբանների, բժիշկների, իրավաբանների, փաստաբանների, որոնք կկարողանային մուտք գործել ՁՊՎ եւ տալ իրենց մասնագիտական եզրակացությունը:

Ի պատասխան նրա` Արայիկ Առաքելյանը հայտարարեց, որ դիտորդական խմբում փաստաբանի ներառումը նպատակահարմար չէ, քանի որ փորձագիտության խմբի նպատակը` փաստաբանության մասին օրենքով սահմանված փաստաբանական գործողությունների տեսակների մեջ ընդգրկված չէ.

«Բացի այդ` փաստաբանի` դիտորդների խմբի մեջ ընդգրկվելու դեպքում կառաջանա փաստաբանի կողմից դիտորդների խմբում իր գործունեությունը ի շահ փաստաբանական գործունեության օգտագործելու չհիմնավորված եւ չարդարացված ռիսկ»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031