ԼՂՀ կատարած պաշտոնական այցի շրջանակում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանի հետ միասին մասնակցել է Երևանի Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջի ուսանողների կողմից պատրաստված և Ստեփանակերտին նվիրաբերված 7 տուֆակերտ քանդակների հանդիսավոր բացմանը:
Տիկին Ռիտա Սարգսյանի նախաձեռնությամբ և քաղաքապետ Տարոն Մարգարյանի աջակցությամբ կյանքի կոչված այս ծրագիրն իրականացվել է Երևանի և Ստեփանակերտի քաղաքապետարանների միջև հաստատված համագործակցության շրջանակում:
Տուֆակերտ 7 քանդակներից յուրաքանչյուրն առանձնակի խորհուրդ ունի, ինչը նկատել են նաև հանդիսավոր բացման բոլոր մասնակիցները: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն էլ ընդգծել է, որ դրանք բոլորը միասին վերցրած, ըստ էության, Ստեփանակերտում Երևանի միասնական ներկայության ևս մեկ գեղեցիկ վկայությունն են լինելու:
Տուֆակերտ քանդակները տեղադրվել են Ստեփանակերտի տարբեր հատվածներում՝ ըստ թեմատիկ առանձնահատկության։ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի և Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանի կողմից հանդիսավորությամբ բացված «Կժով կինը» քանդակը, մասնավորապես, տեղադրվել է Ստեփանակերտի քաղաքապետարանի հարևանությամբ:
Կարդացեք նաև
Առանձնակի կարևորելով քոլեջի մասնակցությունն այս նախաձեռնությանը՝ Երևանի Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջի տնօրեն Աննա Մնացականյան-Առուշանյանն էլ իր հերթին նշել է, որ քանդակներից յուրաքանչյուրը ստեղծելիս, քոլեջի սաներն իսկապես հոգի են դրել դրանց մեջ և վստահեցրել է, որ Ստեփանակերտի հետ նման համագործակցությունը լինելու է շարունակական:
Շնորհակալություն հայտնելով ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանին և քաղաքապետ Տարոն Մարգարյանին գեղեցիկ նախաձեռնությունը կյանքի կոչելու համար՝ Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը իր և բոլոր ստեփանակերտցիների անունից վստահեցրել է, որ բոլոր 7 քանդակներն էլ` «Կժով կինը», «Հաց», «Աքաղաղ», «Պտղաբերություն», «Արեգա», «Կատու» և «Եղնիկ», մշտապես կգտնվեն Ստեփանակերտի քաղաքապետարանի ուշադրության և խնամքի ներքո:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն