Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Դալմա մոլի» եւ «Երեւան մոլ»-ի բրենդային խանութները ՀՀ օրենքը խախտում են. վաճառված ապրանքը հետ չեն վերցնում (Տեսանյութ)

Հուլիս 11,2014 14:46

«Դալմա մոլի» եւ «Երեւան մոլ»-ի մի շարք բրենդային խանութներ, որոնք Հայաստանում ներկայացնում է «Ռիթել գրուպ» ընկերությունը, խախտում են սպառողների իրավունքները:

Այսօր «Իրազեկ եւ պաշտպանված սպառող» հ/կ նախագահ Բաբկեն Պիպոյանը «Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբում ասաց, որ խանութները հրաժարվում են վերադարձնել, ապրանքը ինչպես որ պահանջում է ՀՀ օրենքը: «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» օրենքի 23-րդ հոդվածն ասում է, որ սպառողն իրավունք ունի փոխարինել պատշաճ որակի ոչ պարենային ապրանքը նմանօրինակ ապրանքով, եթե նշված ապրանքը հարմար չէ սպառողին: Նման դեպքում գնորդն իրավունք ունի 14 օրվա ընթացքում, դրամարկղի կտրոնի կամ ապրանքային չեկի առկայությամբ ապրանքը փոխանակել կամ վերադարձնել: Սակայն, ինչպես պարոն Պիպոյանն է ասում, տնտեսվարողները «նմանօրինակ ապրանք» արտահայտությունը սեփական շահից ելնելով են մեկնաբանում եւ հակասություն է ստացվում վաճառողի եւ սպառողի միջեւ:

Բաբկեն Պիպոյանի մեկնաբանությունները` տեսանյութում

Սպառողների իրավունքների պաշտպանի ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ոչ պարենային ապրանքների շուկայում, սպառողներն ամենաշատ խնդիրը կոշկեղենի, հեռախոսների, դեղերի, շինարարական նյութերի, ջեռուցման կաթսաների հետ են ունենում, որոնց վերադարձի կամ փոխանակման հարցը հ/կ-ների համար էլ խնդիրներ է առաջացնում: Բաբկեն Պիպոյանի խոսքերով, բողոքները հիմնականում ներկրված կոշիկներից են: Հ/կ-ի նախագահի համոզմամբ, արտերկրից հիմնականում գործարանային դեֆեկտով կոշիկներն են գալիս Հայաստան, որոնք էժան են, եւ չնայած սպառողի ոտքի չափսն է, բայց այն անհարմար է լինում եւ ոտքը ցավեցնում է: Ըստ պարոն Պիպոյանի կոշիկի հետնամասը պետք է ունենա կոնկրետ բարձրություն եւ եթե այն չեն ապահովում, ապա ոտքի համար խնդիրներ են առաջանում:

Aravot.am-ի հարցին, թե մեր երկրի քաղաքացիներից շատերն էլեկտրոնային գնումներով են ապրանք գնում, եւ շատ հաճախ խնդիրներ են ունենում, նման դեպքում ո՞ր օրենքներով են կարգավորվում սպառողների իրավունքները, պարոն Պիպոյանն ասաց, որ չի կարգավորվում:

Հ/կ-ն մոտ 900 խանութում ուսումնասիրություն է անցկացրել` պարզելու թե տվյալ տնտեսվարողները որքանով են խախտում սպառողների իրավունքները: Հետաքրքրվել են նաեւ գործարարի` այս դաշտում ունեցած խնդիրներից: Ըստ պարոն Պիպոյանի, տնտեսվարողների 50 տոկոսը օրենքը չգիտի, իսկ ով էլ գիտի` փորձում է օրենքը հօգուտ իրեն կիրառել: Կազմակերպությունը վերջին եռամսյակում սպառողների իրավունքների խախտման 81 ահազանգ է ստացել, որից երկուսի խնդիրը միայն չի լուծվել:

Սպառողների պաշտպանը նաեւ կարեւոր է համարում մեկ միասնական հայցով դատարան դիմելու հարցը: Ըստ նրա, որպեսզի յուրաքանչյուր սպառող 10-20 հազար դրամի համար ստիպված չլինի մեկ անձով դիմել դատարան, պետք է միասնական հայց ներկայացվի, ինչը մեր երկրում դեռեւս թույլատրելի չէ:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031