Լրահոս
Օրվա լրահոսը

«Հասարակագիտություն» առարկայի մասնագիտական ուսումնական ծրագիր կմշակվի

Հուլիս 11,2014 14:25

Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն – ՍԻՎԻՏԱՍ հասարակական կազմակերպությունը ՄԱԿ-ի Ժողովրդավարության հիմնադրամի աջակցությամբ 2014 թվականի հունվարից արդեն իրականացնում է «Ժողովրդավարության և մարդու իրավունքների կրթությունը Հայաստանում» ծրագիրը, որի ընդհանուր նպատակն է խթանել ժողովրդավարության և մարդու իրավունքի մշակույթի ու կարողությունների ձևավորումը հայաստանյան հանրակրթական դպրոցներում:

Այդ ծրագրի շրջանակներում նախատեսվել էր Երևանի Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում հիմնել Ժողովրդավարության և մարդու իրավունքների կրթության կենտրոն, որի բացման արարողությունը տեղի ունեցավ այսօր, ինչպես նաև ստորագրվեց փոխըմբռնման հուշագիր Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-ՍԻՎԻՏԱՍ հ/կ-ի և Հայկական պետական մանկավարժական համալսարանի միջև:

Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-ՍԻՎԻՏԱՍ հ/կ-ի գործադիր տնօրեն Ալեքսանդր Շագաֆյանի խոսքով՝ Ժողովրդավարության և մարդու իրավունքների կրթության կենտրոնը, որն իր գործունեությունը կսկսի սեպտեմբերից, նպաստելու է կրթության ոլորտում ներգրավված խմբերի՝ դասախոսների, ուսուցիչների, ուսանողների կարողությունների զարգացմանը, ինչպես նաև «Հասարակագիտություն» առարկայի մասնագիտական ուսումնական ծրագրի մշակմանը. «Այստեղ մենք առավել կարևորում ենք հասարակագիտության դասավանդման մասնագիտական ծրագրի ստեղծումը, որը հույս ունենք ներդնել այն բուհերի ծրագրերում, որոնք մանկավարժական կրթություն են տալիս,- ասում է Ա. Շագաֆյանը:- Մենք մեր որևէ բուհում չունենք հասարակագիտության ուսուցչի մասնագիտացում: Հարակից մասնագիտությունների, օրինակ՝ պատմության, իրավունքի ուսուցիչներն են այս առարկան դասավանդում դպրոցներում, ինչը, մեր կարծիքով, այնքան էլ չի նպաստում հասարակագիտության նպատակների իրականացմանը»:

Նա նաև հույս հայտնեց, որ Մանկավարժական համալսարանի հետ սեպտեմբերից սկսվող և 2015 թվականի վերջերին ավարտվող աշխատանքներից հետո, համալսարանում ստեղծված կենտրոնը կմնա այստեղ որպես կայուն ռեսուրս, և մեծ ցանկություն կա, որ հետագայում այն դառնա հասարակագիտության դասավանդման ամբիոն:

Երևանի Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանն էլ համալսարանի անունից իր գոհունակությունը հայտնեց այս ծրագիրը Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-ՍԻՎԻՏԱՍ հ/կ-ի հետ համատեղ իրականացնելու համար և հավելեց. «Թույլ տվեք վստահեցնել, որ Մանկավարժական համալսարանն իր ուժերի սահմաններում (իսկ այդ ուժերը գնալով ավելանում են) կանի հնարավոր ամեն բան՝ այս շատ կարևոր և բովանդակալից գործն իր նպատակին հասցնելու»:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031