Լրահոս
Օրվա լրահոսը

Շանթի գործով տուժած ոստիկանի խոստովանությունը. «Վնասվածք չեմ ստացել, աչքերս են միայն մրմռացել»

Հուլիս 11,2014 13:59

«Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանի եւ նրա ընկերների գործով տուժող ընդգրկված Անդրանիկ Առաքելյանը քիչ առաջ դատարանում հայտարարեց, որ ինքը չի տուժել:

Ամբաստանյալ Լիպարիտ Պետրոսյանի հարցին, թե ինչից եք տուժել,ոստիկանն ասաց.«Մարմնական վնասվածք չեմ ստացել, հագուստս չի պատռվել, աչքերս են մրմռացել»:
Նրա պատասխանից դատական նիստերի դահլիճում նստածները գոռացին բրավո ու սկսեցին ծիծաղել:

Իրեն տուժած համարող ոստիկան Անդրանիկ Առաքելյանը պատմեց, որ Շանթ Հարությունյանին ճանաչում է ակցիաներից, տեսել է Ազատության հրապարակում նստացույցի ժամանակ:

Նա պատմեց, որ Նոյեմբերի հինգին ծառայության մեջ էր ներգրավվել Ազատության հրապարակի հարակից տարածքում, տեղեկացել էին, որ երթ է իրականացվելու. «Երթը երեկոյան 17:00 -ին սկսեց մոտ 150 հոգի փորձեցին մտնել երթեւեկության գոտի՝ Մաշտոցի պողոտա»:

Շանթ Հարությունյանի հարցին, թե հիշո՞ւմ եք ում հետ էի զրուցելով դուրս գալիս օպերայից, կողքիս ո՞վ է, ոստիկանն ասաց՝ չի հիշում, բավական ժամանակ է անցել:
Շանթ Հարությունյանն էլ ասաց, ես Վալերի Օսիպյանի հետ էի զրուցելով քայլում, ոստիկանն ասաց՝ հնարավոր է:

«Որ ասեի Սերժի հետ եմ դուրս գալիս, էլի կասեիք, հնարավո՞ր է»,- հեգնեց Շանթ Հարությունյանը:

Ամբաստանյալ Վարդան Վարդանյանն էլ հարցրեց՝ ինչ հրահանգներ են իրենց այդ օրը վերեւից տվել, ոստիկանն ասաց՝ հրահանգավորվել է, որ ապահովեն հասարակական կարգի ապահովումը, օժանդակեն խաղաղ երթին:

Փաստաբան Կարեն Քալանթարյանն էլ հարցրեց՝ նկատե՞լ եք առաջին պայթյունը ոնց եղավ, ոստիկանը պատմեց, որ իր հիշելով՝ փողոցի երթեւեկելի մասում է եղել ու այն ժամանակ, երբ ոստիկան Գեղամ Խաչատրյանը փորձել է դուրս բերել Շանթ Հարությունյանին երթեւեկելի մասից:

Հարցաքննվող ոստիկանը մի քանի անգամ շեշտեց, որ դեպքի օրը իր աչքերը մրմռացել են պայթուցիկներից:

Ամբաստանյալ Տիգրան Պետրոսյանն էլ ասաց, որ տեսանյութերում չեն տեսել, որ ոստիկաններից գոնե մեկը գործողությունների ժամանակ աչքերը սրբի, կամ տրորի, հետեւաբար անհրաժեշտություն կա տեսանյութերը դատարանում նորից նայել:

Շանթ Հարությունյանն էլ հարցրեց, թե ոստիկանն իր ծառայության ընթացքում նկատողություններ կամ խրախուսանքներ ունի՞, նա պատասխանեց՝ միայն խրախուսանքներ: Հետո Շանթ Հարությունյանը հետաքրքրվեց՝ տեղյա՞կ եք եղել, որ փորձել ենք երթը պրովոկացիաներից կանխել եւ դրա համար փողոցը հատել հենց կենտրոնից ոչ թե անցորդների համար հատկացված մասից:
Ոստիկանն ասաց՝ տեղյակ չի:
Փաստաբան Հովհաննես Քոչարյանն էլ հարցրեց, քանի մարդ է խցանում առաջացրել Մաշտոցի պողոտայում, ոստիկանն ասաց՝ Շանթի հետ փողոց են դուրս եկել մոտ 30 հոգի:
«Ինչո՞ւ չեք օժանդակել Շանթի խաղաղ երթը, դուք քիչ առաջ պնդում էիք, որ խաղաղ է եղել, այլ սահմանափակել եք»,- հարցրեց փաստաբան Քոչարյանը:

Անդրանիկ Առաքելյանն էլ ասաց՝ Ընդամենը ուղղորդել են, որ մայթով գնան, չեն սահմանափակել:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031