Լրահոս
Օրվա լրահոսը

Սիմակ Գալստյան. «Մնացեք գծում» (Եղելություն)

Հուլիս 11,2014 13:20

Համացանցը խափանվել էր: Համակարգչի մոնիտորի խնդրագոտում գտնվող էկրանի նշանի վրա կարմիր գույնի խաչ էր առաջացել: Իմ ձեռնարկած որոշակի գործողություններից` համակարգչի վերագործարկում, մոդեմի անջատում-միացում, մի քանի անգամ Disable-Enable անելուց հետո էլ` ոչինչ չստացվեց: Դե, հո մի անգամից չէի զանգահարի Բիլայն ու անհանգստացնեի շատ զբաղված աշխատակիցներին: Բայց, քանի որ իմ կատարած բոլոր գործողությունները ի չիք դարձան, ստիպված զանգահարեցի` 1-00, որը նախապես պարզեցի տեղեկատուից:

Բիլայնում, իհարկե, հեռախոսափողը սկզբից մարդ չվերցրեց և ձայնագրված աղջիկը ինձ բարեհամբույր ձևով մեկ առ մեկ բացատրեց իրենց հետ աշխատելու կանոնները` ինչ տեղեկատվություն ստանալու դեպքում` հեռախոսի որ կոճակը սեղմել, որ լեզվով հաղորդակցվելու դեպքում, որ կոճակը սեղմել: Հետաքրքիրն այն է, որ ես զանգահարել էի միայն նրա համար, որ տեղեկացնեմ իմ համակարգչում համացանցի կապի բացակայության մասին և ստանամ անհրաժեշտ պատասխան-տեղեկատվություն նրա խափանման վերաբերյալ, բայց… Լսվում է երաժշտություն (անհաճո դըխկը-դրըխկ), ապա`
-Հարգելի բաժանորդ, հայերենի համար սեղմեք 1, ռուսերենի համար` 2, անգլերենի համար` 3…

Սա հասկանալի է, զանգահարողը կարող է ուրիշ ազգության լինել կամ մեր ազգից լինի, բայց ուղղակի իր մայրենի լեզուն լավ չիմանա: Հետո նույն եթերային աղջիկը նախազգուշացնում է, որ մեր խոսակցությունը ձայնագրվում է, որպեսզի բարձրացվի իրենց ծառայությունների որակը: Սա էլ ընդունեցինք: Բայց ամենազավեշտալին այն է, որ դրանից հետո լսում ես մի ամբողջ շարք գովազդային հաղորդագրություններ` իրենց կողմից տրամադրվող բազմազան փաթեթավորված և դեռ չփաթեթավորված ծառայությունների մասին: Ենթադրենք, սա էլ ընդունեցի, հետո՞…

-Օպերատորին միանալու համար` սեղմեք` զրո (0):
-Վերջապեե~ս,-խորը շունչ եմ քաշում ես ու սեղմում հեռախոսափողի գտնվող զրո թվանշանով կոճակը:
Ու նորից լսվում է նույն երաժշտությունը` դըխկը դըրըխկ, դըխկը դըրըխկ, դըխկը դըրըխկ…մոտ մեկ րոպե ապա նույն աղջկա եթերային ձայնը`
-Մնացեք գծում, օպերատորը ձեզ կպատասխանի չորս րոպեից հետո:
Ես, բնականաբար, ընկալուչը սեղմած ականջիս, սպասում եմ չորս րոպե, ընթացքում թերթ կարդում կամ գիրք թերթում, բա հո պարապ չեմ նստի ու սպասի:
-Դըխկը դըրըխկ, դըխկը դըրըխկ, դըխկը դըրըխկ…անցնում է չորս րոպե, ապա նորից լսվում է`
-Մնացեք գծում և մեր օպերատորը ձեզ կպատասխանի երեք րոպեից հետո:
-Դըխկը դըրըխկ, դըխկը դըրըխկ, դըխկը դըրըխկ…անցնում է երևի ևս երեք րոպե, ապա`
-Մնացեք գծում և մեր օպերատորը ձեզ կպատասխանի երեք րոպեից հետո:
-Դըխկը դըրըխկ, դըխկը դըրըխկ, դըխկը դըրըխկ…անցնում է երևի ևս երեք րոպե, ապա լսվում է կանացի իսկական կենդանի ձայն`
-Բարև ձեզ` այսինչը ձեզ լսում է …
Դե, հաղորդավարի անունը չեմ գրում, որովհետև սա կատարվում է բոլոր հերթապահությունների ժամանակ և հաստատուն է:
-Բարև ձեզ,- պատասխանում եմ ես,-մեր համացանցը (ինտերնետը) խափանվել է:
-Ասացեք ձեր հեռախոսահամարը:
Ես, բնականաբար, ասում եմ իմ հեռախոսահամարը:
-Ձե՞ր անունով է:
-Այո:
-Լավ, իսկ ի՞նչ մոդեմ է դրված:
-TP-LINK:
-Ուրիշ թվեր, տառեր չկա՞ն վրան գրված:
-Կան, իհարկե, TD-8817:
-Սպասեք, նայենք, գծից դուրս չգաք:
Սպասեցի, նայեցին, երևի մեկ րոպե հետո հարցրեց.
-Աշխատե՞ց:
-Չէ:
-Դե լավ, մնացեք գծում, միացնեմ մեր մասնագետին:
-Բայց ինչու՞ եք այսքան երկար սպասեցնում բաժանորդին,-հետաքրքրվեցի ես:
– Ծառայությունը ծանրաբեռնված է,-կարճ ու կոնկրետ ասաց կանացի կենդանի ձայնը:
Ես, իհարկե, ըմբռնումով մոտեցա և ընկալուչը ականջիս սպասեցի:
-Դըխկը դըրըխկ, դըխկը դըրըխկ, դըխկը դըրըխկ…անցավ երևի մեկ րոպե, ապա եթերային աղջիկը նորից չոր ձայնով ասաց.
-Մնացեք, գծում, մեր մասնագետը ձեզ կպատասխանի երեք րոպե հետո…
-Դըխկը դըրըխկ, դըխկը դըրըխկ, դըխկը դըրըխկ…անցավ երևի երեք րոպե, ապա տղամարդու կենդանի ձայնը`
-Այսինչը լսում է, ի՞նչ է պատահել…
-Ինտերնետը (համացանցը) չի աշխատում:
Նույն հարցադրումը` իմ հեռախոսահամարի և մոդեմի տիպի մասին:
Կրկնում եմ նույն նախադասությունները, ինչը ասել էի կենդանի ձայնով կնոջը:
-Դե հիմա կատարեք մկնիկի աջ կոճակի սեղմում կարմիր խաչով էկրանի նշանի վրա, հետո` այս գրության վրա սեղմեք, այն գրության վրա սեղմեք…
Դե, ես էլ անգլերեն կարդալ գիտեմ ու համակարգչից գլուխ հանում եմ և բարեխղճորեն սկսում եմ կատարել մասնագետի հրահանգները, բայց մտքումս մտածում եմ, բա որ մեր հարևան Վարազդատի համացանցը խափանվի, ի՞նչ է անելու, ոչ անգլերեն գիտի և ոչ էլ համակարգչից է գլուխ հանում:
-Ստացվե՞ց,-հարցնում է գծի այն կողմից մասնագետը:
-Չէ:
-Հիմա համակարգիչը վերագործարկեք, մոդեմն էլ` անջատեք, նորից միացրեք:
-Բայց դա որոշ ժամանակ կխլի:
-Երեք-չորս րոպե կսպասեմ:
Արեցի, ինչպես հրահանգված էր:
Բայց գործընթացը ավարտվելուց հետո մոնիտորի խնդրագոտում էկրանի նշանի վրայի կարմիր խաչը չէր անցել, որի մասին ես, բնականաբար, հաղորդեցի մասնագետին:
-Դե լավ, հիմա նորից կրկնիր նույնը, ինչպես մինչև վերագործարկումը` մկնիկի աջ կոճակ…
Ես, հնազանդորեն կրկնեցի բոլոր հրահանգները և մոնիտորի խնդրագոտում էկրանի նշանի վրայի կարմիր խաչը վերջապես անհետացավ, որը նշանակում էր` համացանցի հետ կապը վերականգնված է և ամեն ինչ կարգին է: Ես ուրախացած բացականչեցի հեռախոսափողում.
-Շնորհակալություն, ստացվեց:
-Ես էլ եմ շնորհակալ,-պատասխանեց մասնագետը և ավելացրեց,- ձեր LAN-ի դրայվերը խախուտ է, մի մասնագետ ճարեք, որ նա ինտերնետից քաշի, վերափոխի այն:
-Իսկ դուք չե՞ք կարող այդ անել:
-Չէ, էստեղից հնարավոր չէ:
-Լավ, շնորհակալություն, խորհրդի համար,-ասացի ես և ընկալուչը հազիվ պոկեցի ականջիցս, այն տաքացել և կպել էր սոսնձի նման: Չէ որ այն ականջիս ձուլված էր մնացել երեսունից ավելի րոպե, քանի որ ինձ հրահանգված էր` գծից դուրս չգալ:
Հիմա մտածում եմ, ինչու՞ հենց սկզբից այդ եթերային կինը չհարցնի բաժանորդի զանգահարելու պատճառը, գործողություններ ձեռնարկի և նոր միայն սկսվի գովազդային գործընթացները:
Ելնելով վերոհիշյալից` որոշել եմ, որ եթե մյուս անգամ համացանցը խափանվի, կզանգահարեմ Բիլայն և իմ ասածը լսած, բայց փոփոխություն կատարած չլինեն իրենց աշխատանքում և նորից նույն ոգով շարունակեն շուտասելուկները եթերային կանացի ձայնով, ապա սկզբից թաշկինակ կդնեմ ընկալուչի վրա, նոր այն կդնեմ ականջիս, ոչինչ, որ մի քիչ վատ կլսվի, բայց գոնե ընթացքում չի տաքանա ու կպչի ականջիս:

ՍԻՄԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031