«Հայաստանի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը որքան էլ ուզենանք, չենք կարող զերծ պահել քաղաքականացումից, քանի որ հասկանալի է, որ սեպտեմբերի 3-ին կայացրած որոշումը նախևառաջ պայմանավորված էր Հայաստանի և Արցախի անվտանգության նկատառումներով»,- «Նովոստի» մամուլի կենտրոնում, «Եվրասիական ընտրություն–Հայաստան–2014» թեմայով Երևան-Մոսկվա տեսակամուրջի ժամանակ նման կարծիք հայտնեց «Կովկաս» ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանը`հակադարձելով ռուսական կողմից հնչող այն տեսակետներին, թե հարցն անհարկի քաղաքականացվում է:
Հայաստանը պետք է հատուկ ռեժիմով անդամակցի ԵՏՄ-ին, շարունակեց փորձագետը`բացատրելով, որ միանշանակ չէ` մաքսային մեխանիզմները, որոնք գործում են ԵՏՄ տարածքում, եթե նույնը լինեն նաև Հայաստանի համար, դա դրակա՞ն, թե՞ բացասական ազդեցություն կունենա մեր երկրի տնտեսության վրա: Ինքը, փորձագետը, գտնում է, որ բացասական ազդեցություն կունենա: Բացի այդ, շատ հնարավոր է, որ եթե չգործի հատուկ ռեժիմը, ապա Հայաստանը բեռ կդառնա մյուս երկրների համար: «Որքան ձգձգվում է այս գործընթացը այնքան ավելի բարձր են հնչում անհանգստություն ու քննադատություն պարունակող հայտարարություններ Հայաստանի քաղաքական դաշտում»,- նկատեց նաեւ Սերգեյ Մինասյանը:
Արձագանքելով հայ քաղաքագետի դիտարկմանը «Մաքսային միության մատակարարների» նախագահ Օլեգ Նագինսկին ասաց, որ Լեռնային Ղարաբաղին վերաբերող բոլոր հարցերը անհրաժեշտ է լուծել ՀԱՊԿ հարթակում, իսկ ԵՏՄ-ն ի վերջո տնտեսական միավորում է և այդ հարթակում պետք է քննարկել տնտեսությանը վերաբերող հարցեր: «Այսօրվա դրությամբ Հայաստանը չի ընդունել ու չի վավերացրել օրենսդրական ամբողջական փաթեթը, որը հարկավոր է ՄՄ-ին և ԵՏՄ-ին ամբողջական անդամակցելու համար: Մասնակի անդամակցումը ընդունելի չէ»,- նշեց Նագինսկին` հիշեցնելով նաև Ուկրաինայի այդ փորձերը: Նա եւս մատնանշեց անհրաժեշտություն, որպեսզի ՀՀ ԱԺ-ում լինի այս հարցերով զբաղվող մարմին:
ՕԵԿ-ական պատգամավոր Մհեր Շահգելդյանն էլ հստակեցրեց, որ ԼՂՀ-ին վերաբերվող հարցերը Հայաստանը չի, որ բարձրաձայնել եւ առաջ է քաշել`ԵՏՄ-ին անդամակցության շրջանակներում:
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ