Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Անրի Ռենո. «Սեպտեմբերին Երևանում կբացվի առաջին «Կարֆուր» խանութը»

Հուլիս 11,2014 13:11

«Բաստիլի առումի խորհուրդը իրադարձություն է, որ ոչ միայն Ֆրանսիայի համար էր կարևոր իրադարձություն, այլ երկրի սահմաններից դուրս: Բաստիլի գրավումը մարմնավորում է ընդդիմադիրների ազատազրկում, մի ռեժիմից ազատագրում, որտեղ չկար օրենքի իշխանություն»,-այսօր Ֆրանսիայի դեսպանատանը Մամուլի ազգային ակումբի և ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատան նախաձեռնությամբ կազմակերպված լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոն՝ ներկայացնելով Բաստիլի գրավման խորհուրդը:

Հիշեցնենք, որ Բաստիլի գրավման օրը՝ հուլիսի 11-ը, համարվում է Ֆրանսիայի Հանրապետության ազգային տոն:

Լրագրողները հարցեր հղեցին Անրի Ռենոյին: Մասնավորապես Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի՝ Ադրբեջանի և Հայաստանի նախագահների՝ Փարիզում հանդիպում կազմակերպելու առաջարկության մասին Բաքվից հնչող լրացուցիչ կոնկրետություն պահանջելու կոչերի վերաբերյալ հարցին, դեսպանն ի պատասխան ասաց. «Նախագահի կողմից նման հայտարարություն արվեց՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ֆրանսիան այսօր ստանձնել է Մինսկի խմբի համանախագահությունը: Ֆրանսիայի կողմից այս սատարումն արժանացավ տարբեր երկրների կողմից պետական բարձր մակարդակով արձագանքի: Երբ ՀՀ-ն և Ադրբեջանը պատրաստակամություն հայտնեն հանդիպելու, բնականաբար Ֆրանսիան իր կողմից արված առաջարկի իրագործման համար բոլոր միջոցները գործի կդնի»:

ԵԱՀԿ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի հայտարարությունների վերաբերյալ, Անրի Ռենոն ասաց. «Ցանկացած բանակցային գործընթաց բեղմնավոր և արգասաբեր լինելու համար ցանկալի է, որ գոնե սկզբում լինի ինչ-որ բանի չհրապարակվածության և գաղտնիության պահը: Եվ ես՝ որպես Ֆրանսիայի դեսպան, մի երկրի դեսպան, որը ստանձնել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը, ես այս պահին ձեռնպահ եմ մնում որևէ մեկնաբանություն տալ այդ հարցին: Այդ խնդրի առաջին կարևոր դերակատարը՝ առաքելություն իրականացնող թիվ մեկ պաշտոնյան, ԵԱՀԿ ֆրանսիացի համանախագահն է և դա նրա իրավասությունն է, այլ ոչ՝ դեսպանի»:

Հարցին՝ արդյոք շփման գծում վերջին լարվածությունը հույսեր թողնո՞ւմ է, որ մոտ ժամանակներս երկու երկրների նախագահների հանդիպում կլինի, դեսպանը պատասխանեց. «ԼՂ հակամարտության կարգավորման հիմք հանդիսացող մեկնարկային փաստաթուղթը ձեզ բոլորիդ հայտնի մադրիդյան սկզբունքներն են, որոնց մեջ ներառված են երեք կետեր: Եվ այդ երեք կետերից մեկն էր ձեռնպահ մնալ ուժի կիրառումից և սպառնալիքից: Այս տեսանկյունից է, որ Ֆրանսիան՝ որպես համանախագահող երկիր, երկու կողմերին կոչ է արել ձեռնպահ մնալ լարվածության շիկացումից, իրավիճակը լարող, խճճող հանգամանքների ստեղծումից, որ հնարավոր լինի արված առաջարկը իրականացնել, այն է՝ Փարիզում երկու նախագահների հանդիպում կազմակերպել»:
Հարցին՝ արդյոք հայ-ադրբեջանական սահմանի լարվածությունը չի՞ մտահոգում ֆրանսիացի գործարարներին, պարոն Ռենոն պատասխանեց, թե ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատանը կազմակերպվել է հայ-ֆրանսիական գործարարների հանդիպում, և նպատակ է դրված հայ-ֆրանսիական տնտեսական կապերն հասցնել այն մակարդակի, որոնք գոյություն ունեն հայ-ֆրանսիական քաղաքական հարաբերություններում: Դեսպանը նաև նշեց, որ սեպտեմբերին «Կարֆուր» առաջին խանութը իր դռները կբացի Երևանում»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031