Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչի՞ համար է դատարանը պահանջել բացահայտել աղբյուրը

Հուլիս 11,2014 14:47

Գյումրիում տեղի ունեցած մի միջադեպի մասին հրապարակման վերաբերալ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների առաջին ատյանի դատարանը «Հրապարակ» թերթից եւ ilur.am կայքից պահանջել է բացահայտել տեղեկատվության աղբյուրը: Ինչ նպատակ է այդ պահանջը հետապնդում, եւ արդյոք այն օրինակա՞ն է: Առցանց «Առավոտի» եթերում թեման քննարկում են Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի փորձագետ Արա Ղազարյանը եւ մեդիափորձագետ Մեսրոպ Հարությունյանը:

Արամ Աբրահամյան.– Ես 20 տարվա խմբագիր եմ, մի պարզ ճշմարտություն գիտեմ, որ Հայաստանում կարծես թե դեպք չի եղել, որ դատարանը պարտադրի լրատվամիջոցին՝ բացահայտել իր հրապարակման աղբյուրը:

Արա Ղազարյան.– Ես հիշում եմ մեկ դեպք՝ Պողոս Պողոսյանի գործով, մոտ 10 տարի առաջ, կարծեմ Լիլիթ Սեյրանյանն էր, բայց ի վերջո՝ չբացահայտեց աղբյուրը, եւ այդ օրվանից իսկապես երբեք չի կիրառվում:

Մեսրոպ Հարությունյան.– Բայց այն դեպքում, որքան հիշում եմ, դատարանի պարտադրանք չէր:

Ա. Ղ.- Ոչ, պրացեդուրա չկար, որ դիմեին դատարան միջանկյալ դատական ակտով: Դա եղել է, ըստ էության, գործով դատաքննության ժամանակ, եւ լրագրողը չի բացահայտել:

Այս վերջին դեպքն արտառոց է, եւ ստացվում են տարբեր ահազանգեր, որ սա փորձ է արվում դարձնել պրակտիկա: «Հրապարակի» եւ «Հետքի» ներկայացուցիչներն են ասում, որ լրագրողին կանչում են որպես վկա եւ ասում են՝ ասա ամեն ինչ, որ դու գիտես այդ լրատվական նյութի մասին, լրագրողն ասում է՝ ես ամեն ինչ հրապարակել եմ, ասում են՝ ավելին ասա, այսինքն՝ գնում է արդեն դեպի աղբյուրը: Սա կարծես թե քրեադատավարական ինչ-որ նոր քաղաքականություն է:

Ա. Ա.– Ասեմ՝ 20 տարվա ընթացքում բազմաթիվ դեպքեր եղել են, երբ որ կանչել են «Առավոտի» լրագրողին եւ ասել՝ բա է՞լ ինչ գիտես, կամ գրավոր նույն հարցով դիմել են ոստիկանությունից: Մենք ասել ենք՝ ինչ գիտենք, հրապարակել ենք: Բայց դատարանի որոշումը մի քիչ ուրիշ է:

Մ. Հ.- Զանգվածային լրատվության մասին օրենքի 5-րդ հոդվածն ասում է, որ աղբյուրի բացահայտում կարող է պահանջել միայն դատարանը, բայց հոդվածը նաեւ վերապահում է անում՝ ինչ դեպքում կարող է բացահայտել՝ երբ քննվում են ծանր հանցագործությունները: Բայց միայն դա բավարար չէ, այնտեղ 2 պայման էլ կա՝ երբ աղբյուրը բացահայտելու հասարակական շահը գերակայում է աղբյուրը չբացահայտելու լրագրողի շահագրգռվածությանը, եւ երկրորդ՝ սպառված են հասարակական շահերը պաշտպանելու այլընտրանքային բոլոր միջոցները: Այս դեպքում ես չեմ կարծում, որ այդ բոլոր 3 պայմանները բավարարված են: Հիշենք միջադեպը. «Հրապարակը» եւ ilur.am-ը հրապարակել են, որ Գյումրիում միջադեպ է տեղի ունեցել Շիրակի ոստիկանապետ Վարդան Նադարյանի եւ ըմբշամարտիկ Ալեքսանյանի եւ նրա եղբոր միջեւ: Ընդամենը կարծես թե անմեղ ինֆորմացիա, բայց հասարակական հետաքրքրություն է ներկայացնում, հետո հերքվում է, տուժող կողմին չեն կարողանում գտնել եւ այլն: Ոստիկանապետը ինքը հերքում է, ՀՔԾ-ն գործ չի հարուցում հանցակազմի բացակայության պատճառով կամ կարճում է գործը: Հետո պարզվում է, որ թաքուն գործ են հարուցել: Դա հաջորդում է գլխավոր դատախազի ասուլիսին, որ դատարանը կպահանջի ամեն դեպքում տեղեկատվության աղբյուրի բացահայտում: Այստեղից կասկածներ են առաջանում՝ ինչու Վարդան Նադարյանը, երբ որ ՀՔԾ-ն կարճել էր գործը, այսինքն՝ հանցակազմ չկար, ինչո՞ւ չպահանջեց, ասենք, հերքում հրապարակել նույն լրատվամիջոցներում: Ծայրահեղ դեպքում՝ եթե չէր ուզում հերքում պահանջել, ուզում էր պատժել, ապա ինչո՞ւ չգնաց քաղաքացիական հայցի՝ զրպարտության հիմքով: Այս բոլորը հիմք են տալիս ասելու, որ դատախազություն-դատարան-Նադարյան փոխադարձ համաձայնությամբ պարզապես ուզում են մի բան՝ գործը նորից վերաբացել, եւ միայն նրա համար, որ տեսնեն՝ այդ ով է համարձակվել այդ տեղեկությունը տարածել:

Ա. Ա.- Ի՞նչ փուլում է այդ գործը:

Ա. Ղ.– Հետաքննության փուլում է, կարծեմ դատախազական վերահսկողության արդյունքում քննիչը դիմել է դատարանին այնպես, ինչպես կդիմեր, որպեսզի օրինակ՝ գաղտնալսում անցկացներ, կամ այնպես՝ ինչպես, օրինակ, խուզարկություն անցկացվեր, որովհետեւ 279 հոդվածի վրա է ուղղում կատարվել քրդատի: Նույն կերպ դիմել են, որպեսզի աղբյուրը բացահայտեն, բայց եթե կարդանք 279 հոդվածը, այստեղ նշվում է բնակարանի խուզարկության, օպերատիվ հետախուզական միջոցառման եւ այլ հաղորդումների գաղտնիության սահմանափակման մասին: Միջազգային իրավունքը չի սիրում նման անորոշ նախադասություններ, ի՞նչ է նշանակում՝ «այլ հաղորդումների գաղտնիության», արդյոք դա վերաբերում է հենց աղբյուրների գաղտնիության բացահայտմա՞նը: Հիշենք՝ առաջին դեպքն է Հայաստանում, երբ կիրառվում է մի հոդված, որ երբեք չի կիրառվել: Այստեղ օրենքի որակի մասին ենք խոսում:

Քննարկումն ամբողջությամբ

 

Պատրաստեց
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ

Bac_2
«Դեմ առ դեմ» հաղորդաշարը իրականացվում է Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի կողմից: Սույն հաղորդման մեջ տեղ գտած տեսակետները եւ վերլուծությունները արտահայտում են մասնակիցների կարծիքը եւ հաստատված չեն Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի կամ նրա խորհրդի կողմից։ Սույն հաղորդման պատրաստումը հնարավոր է դարձել Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի ամբողջական ֆինանսական օժանդակության շնորհիվ՝ ԶԼՄ-ների աջակցման ծրագրի շրջանակներում, դրամաշնորհ N18624։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031