Լրահոս
Օրվա լրահոսը

Հարություն Խաչատրյան. «Ոսկե ծիրանի» օրերին զբոսաշրջիկների թիվն աճում է»

Հուլիս 11,2014 12:54

Երեւանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանն ու «Ոսկե ծիրան» կինոփառատոնի հիմնադիր տնօրեն, ճանաչված կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանն այսօր Երեւանի քաղաքապետարանում համատեղ ասուլիս տվեցին: Փոխքաղաքապետը փաստեց, որ «Ոսկե ծիրանը» աջակցում է՝ Երեւանը տարածաշրջանային մշակութային կենտրոն դարձնելու պետականորեն մշակված ծրագրին:

Արամ Սուքիասյանը նշեց, որ հուլիսի 13-ին սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում ծիրանօրհնեքի արարողությամբ կկայանա փառատոնի հանդիսավոր բացումը, որը ոչ միայն մեծ իրադարձություն է, այլեւ Երեւան քաղաքի տոնը: «Երեւանի քաղաքապետարանը ձեռնամուխ է եղել մի շարք նախաձեռնությունների, որպեսզի հավուր պատշաճի ընդունենք աշխարհահռչակ կինոգործիչները, որոնց ներկայությունը պարտավորեցնող է ու հպարտություն արթնացնող: Նրանք իրենց հետ տանում են մի մասնիկ Երեւան, հոգի, նպաստում հայկական կինոյի տարածմանն ու զարգացմանը, մանավանդ կան համատեղ կինոաարտադրություններ»,-ասաց փոխքաղաքապետը:

Նաեւ նշեց, որ քաղաքապետ Տարոն Մարգարյանը եւս հատուկ ընդունելություն է նախաձեռնել:

Հարություն Խաչատրյանն էլ ասաց, որ հաճախ են հետաքրքրվում իրենց բյուջեով, տեսնելով արվող ահռելի աշխատանքը: «Ես էլ ասում եմ՝ մեր բյուջեն բավականին քիչ է, ծախսերը մեծ են,բայց ունենք շատ օգնողներ: Մշակույթի նախարարությունը, Երեւանի քաղաքապետարանը եւ Վիվա Սել-ՄՏՍ-ը օգնող երեք սյուներն են, կան նաեւ մեր բազմաթիվ բարեկամները»,-հավելեց փառատոնի հիմնադիր տնօրենը:

Հարություն Խաչատրյանը տեղեկացրեց, որ նոր ծրագրեր են սկսում քաղաքապետարանի հետ, մյուս տարի քաղաքի տարբեր անկյուներում կունենան էկրաններ, որ ոչ մի քաղաքացի անմասն չմնա կինոյի տոնից. «Կարծես միայն կենտրոնացել ենք «Մոսկվա» կինոթատրոնի վրա, ու օրինակ Շենգավիթում ապրողները չեն կարողանում մասնակից լինել մեր տոնին, պետք է այդ խնդիրը առաջիկայում լուծվի»:

Նա նաեւ տեղեկացրեց, որ մի նոր փառատոն են որոշել հիմնադրել Երեւանի քաղաքապետարանի հետ՝ էթնոգրաֆիկ ֆիլմերի փառատոն, որ կլինի կան առանձին փառատոն, կամ «Ոսկե ծիրանի» մասնաճյուղը: «Ոգեւորություն եմ տեսնում քաղաքապետարանի ու քաղաքապետի կողմից, կարծում եմ մյուս տարի էլ դա կսկսենք»:
Հարություն Խաչատրյանը փաստեց, որ Երեւան եկած հյուրերը հիացած են գնում մեր քաղաքից: Ասում է՝ միայն տեսնեք, թե այդ անվանի մարդիկ ինչ տպավորություններ են թողնում ֆեյսբուքի իրենց էջերում. «Սրանից հետեւում է, որ պետք է մենք էլ այլ աչքով նայենք Երեւանին»: Ռեժիսորի խոսքով, զբոսաշրջությամբ զբաղվողները հաշվարկել են, որ «Ոսկե ծիրանի» օրերին զբոսաշրջիկների թվի կտրուկ աճ է նկատվում»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031