Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Արեւայրուքը կարող է անգամ մաշկի քաղցկեղի առաջացման պատճառ դառնալ»

Հուլիս 11,2014 12:49

Ամռան շոգին պետք է լինել պատրաստ եւ հետեւել մի քանի պարզ խորհուրդների՝ առողջության համար հնարավոր վտանգներից խուսափելու համար։ ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրեն Նունե Բակունցն այսօր «Ուրբաթ» մամուլի ակումբում նշեց,որ ամռանը առաջին հերթին պետք է խուսափել ուլտրամանուշակագույն ճառագայթներից. «Ուլտրամանուշակագույն ճառագայթումը ինչ-որ քանակությամբ օգտակար է օրգանիզմի համար, բայց երբ այն չարաշահում ենք, արեւայրուք ենք ընդունում կամ երկար ժամանակ մնում ենք արեւի ուղիղ ճառագայթների ներքո, կարող են ի հայտ գալ առողջական խնդիրներ»։ ՏԻկին Բակունցի խոսքով՝ երկար ժամանակ արեւի տակ մնալուց մարդ կարող է ջերմային հարված ստանալ։ Բանախոսը նշեց, որ ուլտրամանուշակագույն ճառագայթները ամենից շատ վտանգավոր են մաշկի եւ աչքերի համար. «Դա բերում է այրվածքների, մաշկը չորացնում է , եւ արեւայրուքը կարող է անգամ մաշկի քաղցկեղի առաջացման պատճառ դառնալ եւ այդ ռիսկը բավականին բարձր է»։

Տիկին Բակունցը խորհուրդ է տալիս օրվա ամենաշոգ ժամերին՝ 12-ից մինչեւ 18-ը խուսափել արեւի ուղիղ ճառագայթներից եւ գտնվել ստվերում. «Անպայման պետք է կրել արեւային ակնոց եւ գլխարկ, պետք է հագնել բաց գույնի, բնական կտորից հագուստ»։
Տիկին Բակունցը նաեւ նշեց ,որ ամռան շոգին օրվա ընթացքում պետք է խմել 1,5 լիտրից մինչեւ 3 լիտր ջուր՝ օրգանիզմը ջրազրկումից պաշտպանելու համար։ «Ամռան շոգին շատ օպտիմալ խմիչք է թանը, իսկ շաքար եւ կոֆեին պարունակող հեղուկներն այդքան էլ ցանկալի չեն ամռանը օգտագործելու համար։ Շաքարը միայն ծարավ է առաջացնում ,իսկ կոֆեինը կախվածություն է առաջացնում»։

Տիկին Բակունցը, անդրադառնալով ամռան սննդակարգին, ասաց որ ամռանը ավելի են սրվում աղիքային հիվանդությունները։ «Աղիքային վարակներից խուսափելու համար առաջին հերթին պետք է ուշադրություն դարձնել ձեռքերի մաքրությանը։ Պետք Է շատ ուշադիր լինել հում սննդամթերքի մաքրությանը՝ դրանք պետք է լվանալ մանրակրկտորեն՝ խմելու ջրով։ Հատկապես մանրակրկտորեն պետք է լվանալ կանաչեղենը»։ Իսկ խոսելով շուտ փչացող եւ արդեն պատրաստի սննդամթերքից՝ տիկին Բակունցը խորհուրդ տվեց դրանք պահել միայն սառնարանում՝ տարանջատելով հում սնունդը եփած մթերքից։ Խորհուրդ տվեց սնունդը պատրաստել մեկ անգամվա ուտելու համար։

Տիկին Բակունցը նաեւ իր խոսքում առանձնացրեց, որ ամռանը շատ են լինում թունավորումները. «Այս տարի սնկից թունավորման 12 դեպք է գրանցվել, որը եղել է այն պատճառով, որ սունկը եղել է ոչ թե խանութից գնված, այլ անտառից հավաքած»։
Իսկ ձմերուկից եւ սեխից, նրա խոսքով, թունավորման դեպքեր այս տարի չեն եղել։ Խորհուրդ տվեց ձմերուկը եւ սեխը գնելուց առաջ զննել նոր գնել՝, որպեսզի ճաքեր չլինեն, որոնք հարուցիչների համար նպաստավոր պայմաններն են ստեղծում։

Էլյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031