Կառավարությունն իր երեկվա նիստում որոշում ընդունեց տրամադրել օլիգարխ եւ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին պատկանող «Ա եւ Գ» ՍՊԸ-ին մեկ միլիոն դոլարի հարկային արտոնություն։
Բանն այն է, որ «Ա եւ Գ» ընկերությունը պատրաստվում է Հայաստան ներկրել 3 միլիոն դոլարի սարքավորումներ օղու արտադրության համար։ Եվ այժմ ընկերությունը կազատվի սահմանի վրա մեկ միլիոն դոլարի ավելացված արժեքի հարկի վճարման պարտավորությունից, հնարավորություն ստանալով կատարել վճարումը միայն երեք տարի անց։
Ինչո՞ւ է կառավարությունը փաստորեն նվիրում հսկայական գումարներ որոշ օլիգարխներին։
Մենք շատ լավ հասկանում ենք այն տանջալից բարոյական խնդիրը, որին բախվում է ամեն անգամ կառավարությունը, երբ անհրաժեշտ է կողմնորոշվել. ասենք, մեկ միլիոն դոլարի հարկային արտոնություն տալ Սամվել Ալեքսանյանի՞ն, թե՞ ֆինանսական օգնություն ցուցաբերել սոցիալապես անապահով մեր համաքաղաքացիներին։
Կարդացեք նաև
Մեկ միլիոն դոլարը լավ բան է։ Հզոր։ Աստված գիտե, թե ինչեր կարելի է անել միլիոն դոլարով։ Իսկ եթե բաժանես աղքատներին՝ պարզապես կանհետանա։
Պատկերացնո՞ւմ եք։ 400 հազար անապահովներ կստանան հազարական դրամ, եւ միլիոնից հետք անգամ չի մնա։
Անկապ թոշակառուն կծախսի իր հազարն ուտելու վրա՝ բացարձակապես անիմաստ կերպով։ Իսկ ի՞նչ օգուտ դրանից հայրենիքին։ Մինչդեռ օլիգարխ Սամվել Ալեքսանյանը կկարողանա ներկրել համապատասխան սարքավորում՝ օղի արտադրելու համար ու կաշխատի եւս 10 միլիոն։
Բացի դրանից, անապահով թոշակառուի մտքով անգամ չի անցնի կիսել որեւէ մեկի հետ (ասենք՝ կառավարության որեւէ անդամի) ստացած փողը։ Նա կվերցնի իր հազար դրամն ու կվազի ուտելիքի վրա մսխելու։ Իսկ այ, եթե ինչ-որ մեկին տրամադրել մեկ միլիոն դոլարի հարկային արտոնություն, ապա այդ ինչ-որ մեկը անպայման կզգա կիսվելու պահանջը։
Գագիկ ՄԿՐՏՉՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում