Այսօր Հայաստանի քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը հանցագործության մասին հաղորդումով դիմել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանին` ուղարկելով դիմումի պատճեներն ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար, Դեսպան Անդրեյ Ա. Սորոկինին, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին, ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին:
Ստորև ներկայացնում ենք դիմումն ամբողջությամբ:
Հայաստանում մարդու իրավունքների պաշտպան
Կարեն Անդրեասյանին
պատճեն`ՀՀ Վարչապետ Հովիկ Աբրահամյանին
պատճեն` ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին
պատճեն`Եվրոպայի անվտանգության և համագործակցության
կազմակերպության երևանյան գրասենյակի ղեկավար` Դեսպան
Անդրեյ Ա.Սորոկինին
Հայաստանի քաղաքագետների ասոցիացիայի (միության) նախագահ,
ԱԺ երկրորդ և երրորդ գումարումների պատգամավոր
Հմայակ Հովհաննիսյանից
Կարդացեք նաև
Հաղորդում հանցագործության մասին.
Հայաստանի իշխանությունները ոտնահարել են Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 17-րդ հոդվածը:
Հարգելի պարոն Անդրեասյան`
Դիմում եմ Ձեզ հույսով, որ վճռական եք պաշտպանելու Հայաստանի Հանրապետությունում Օմբուդսմենի ինստիտուտի` եվրոպական ժողովրդավարության և իրավական հասարակարգի կարևորագույն հաստատության, պատիվն ու հեղինակությունը:
Դիմում եմ Ձեզ որպես 24 ամյա գործունեության ուղի անցած հասարակական կազմակերպության հիմնադիր, ով 1999 թվականի արդար և եվրոպական չափանիշներին լիովին համապատասխանող ընտրությունների արդյունքներով հաղթանակած «Միասնություն» դաշինքի կողմից լիազորված էր Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում` ՀՀ ԱԺ մշտական պատվիրակության կազմում, նախապատրաստել Հայաստանի Հանրապետության անդամակցությունն Եվրոպայի Խորհրդին:
Դիմում եմ Ձեզ որպես պատգամավոր, ում բախտ է վիճակվել պատվով ներկայացնել մեր երկիրը 2000 թվականի հունիսին Լիմասոլում կայացած ԵԽԽՎ-ի մարդու իրավունքների հանձնաժողովի պատմական նիստում, որտեղ արձանագրվեց Հայաստանի Հանրապետության համապատասխանելիությունն Եվրոպայի Խորհրդի հիմնական չափանիշներին և որը կարևորագույն հանգրվան դարձավ Եվրոպայի Խորհրդին Հայաստանի Հանրապետության անդամակցության ճանապարհին:
Վերջապես դիմում եմ Ձեզ որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի, ով արժևորում է Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության ուղղությամբ գործադրվող Ձեր հետևողական ջանքերը և դրանց արդյունավետությանն օժանդակելու ու նպաստելու նպատակը:
Դուք կհամաձայնվեք, որ այլևս չի կարելի հանդուրժել մի իրավիճակ, երբ մարդու իրավունքների պաշտպանի կողմից արձանագրվող մարդու իրավունքների խախտումները և դրանք կատարած պաշտոնատար անձանց պատասխանատվության ենթարկելու անհրաժեշտության վերաբերյալ որոշումները սիստեմատիկաբար անտեսվում են Հայաստանի Հանրապետության իշխանությունների կողմից, ինչը քաղաքացիների մոտ առաջացրել է խորը հիասթափություն եվրոպական արժեհամակարգից: Վերջինս հասարակական գիտակցության մեջ գնալով ավելի ու ավելի է նույնացվում կոմունիստական սին կարգախոսների հետ, որոնք շատ գեղեցիկ էին թղթի վրա, սակայն իրական կյանքում ոչ մի ազդեցություն չունեին:
Խոսքի և գործի միջև առաջացած խորացող վիհն է պատճառը, որ մեր հասարակությունն անտարբերությամբ ընդունեց Եվրոմիության հետ Հայաստանի ասոցացման համաձայնագրերի նախաստորագրումից հրաժարվելու և Եվրասիական միությանն անդամակցելու որոշումը: Այն, որ ՀՀ իշխանությունների այդ որոշումը հասարակության ներսում բողոքի ալիք չբարձրացրեց ակնհայտորեն ցույց է տալիս` թե քաղաքացիների աչքում եվրոպական արժեքների վարկաբեկման ճանապարհին որքան հեռու են գնացել և ինչ մեծ հաջողությունների են հասել մեր չինովնիկները:
Եթե կառավարությունը կարող էր ընտրարշավի ժամանակ` 2012 թվականի մարտի 1-ին, որոշում ընդունել ԱԺ պատգամավորության թեկնածուի և Մոսկովյան 33ա շենքի երեք մյուս համասեփականատերերի ընդհանուր սեփականությունը` շենքի մուտքը, աստիճանավանդակները և այլն, վաճառել շենքում հայտնված նոր սեփականատիրոջը, եթե դրանից հետո` 2012 թվականի ապրիլի 21-ին այդ նոր սեփականատերը, օգտվելով կառավարության անօրեն որոշումից, փորձեց խոչընդոտել նախընտրական շտաբ անարգել մուտք գործելու իմ իրավունքը, իսկ դրանից հետո փոխանակ իրեն պատժեն` պատգամավորության թեկնածուի քարոզարշավը խոչընդոտելու համար, իմ դեմ հարուցվեց քրեական գործ, եթե այդ նույն ժամանակ կողոպտվեց իմ մեքենան և հանցագործներին չգտան, եթե հետո ինձ պատանդ վերցնելով ու կյանքիս սպառնալիքով` արդեն ժողովրդի քվեյով ընտրված ԱԺ պատգամավորից խլեցին մանդատը և ահա արդեն երկու տարի է ինձ քաշ են տալիս դատարաններով, շինծու դատավճիռներ են կայացնում, եթե այդ ամենն անում են կազմակերպված եղանակով, դատաիրավական համակարգի և վարչական մարմինների լայնածավալ օգտագործմամբ` այսինքն ավազակապետությանը բնորոշ մեթոդներով, իմ օրինական սեփականությունը զավթելու և Մոսկովյան 33ա շենքին իրենց դրածոի միջոցով տիրանալու նպատակով, ապա այս ֆոնին արդյոք զավեշտալի չե՞ն Հայաստանի եվրոպական կամ նույնիսկ եվրասիական հեռանկարների մասին պաշտոնական ճամարտակությունները: Միթե՞ պարզ չէ, որ այսպիսի հոռի դրվածքով պետությունները ոչ մի ինտեգրացիոն միավորումներում տեղ չունեն:
Հավատացեք ինձ, որ ես սա ասում եմ մեծագույն ցավով և ստեղծված ողբերգական իրավիճակը մեր հայրենիքում փոխելու հույսով: Դրա համար Ձեր կողմից արդար որոշումներ կայացնելը բավարար չէ: Այդ որոշումները, եթե մնան թղթի վրա, եթե կյանքի չկոչվեն, միայն կխորացնեն հասարակությունում տիրող հուսալքությունը, երկրից հեռանալու, արտագաղթելու տրամադրությունները: Անհրաժեշտ են արդյունավետ քայլեր: Դուք պարտավոր եք եվրոպական կառույցների և առաջին հերթին` Եվրոպայի Խորհրդի և ԵԱՀԿ-ի առջև բարձրացնել Հայաստանում մարդու իրավունքները խախտող և մարդու խախտված իրավունքների վերականգնման վերաբերյալ Ձեր առաջարկությունները անտեսող կամ մերժող չինովնիկների դեմ պատժամիջոցներ կիրառելու անհրաժեշտության հարցը:
Այլ ճանապարհ չկա: Եթե մենք իսկապես ցանկանում ենք խուսափել մեզանում ուկրաինական իրադարձությունների կրկնությունից կամ երկրի վերջնական հայաթափումից, պետք է ԵԽ-ին և ԵԱՀԿ-ին արդեն այսօր ներկայացնենք այն չինովնիկների անվանացանկը (անուն առ անուն), ովքեր խախտում են մարդու իրավունքները և չարանենգ կերպով հրաժարվում են անսալ մարդկանց խախտված իրավունքները վերականգնելու Ձեր հորդորներին: Այդ չինովնիկների նկատմամբ պետք է անհապաղ կիրառվեն այն նույն պատժամիջոցները, որոնք ավաղ, ուշացած կիրառվեցին Վիկտոր Յանուկովիչի և նրա շրջապատի ներկայացուցիչների նկատմամբ Ուկրաինայում: Այդպիսով մենք կկարողանանք կանխել վրահաս հեղափոխական ամպրոպը: Այդպիսով նաև կվերականգնվի մարդկանց հավատն ու վստահությունը եվրոպական արժեհամակարգի և եվրոպական ինստիտուտների` այդ թվում Օմբուդսմենի կարևորագույն ինստիտուտի նկատմամբ:
Առաջարկում եմ պատժամիջոցներին ենթակա չինովնիկների անվանացանկում ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ միասին ընդգրկել ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանին: Հրաժարվելով կատարել դեռևս 2012 թվականի հոկտեմբերի 11-ին ընդունված` իմ համասեփականության խախտված իրավունքի վերականգման անհրաժեշտության մասին Ձեր որոշումը, այդ պաշտոնյան դրանով փաստորեն դրդեց այն անձնավորությանը, ում ինքը Տիգրան Սարգսյանի հետ միասին ապօրինաբար վաճառել էր մեր ընդհանուր սեփականությունը, ավերել իմ օրինական սեփականությունը հանդիսացող տարածքում տեղակայվող Հայաստանի քաղաքագետների միության մուտքն ու աստիճանավանդակները: Այդ բարբարոսության, հասարակական կազմակերպության գրասենյակի դաժան վայրագությամբ ավերման հեղինակը` հենց Արման Սահակյանն է. եթե վերջինս կատարեր Ձեր որոշումը, ապա Սենիկ Ջուլհակյանը արդարացման ոչ մի պատրվակ չէր ունենա: Չնայած այսօր էլ նա արդարացման հիմքեր չունի որովհետև, ինչպես ի պատասխան Ձեր հարցմանը` 2014թ-ի հունվարի 14-ին հայտնել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, քաղաքապետարանն ՀՔՄ գրասենյակի մուտքը և աստիճանավանդակները քանդելու թույլտվություն չի տվել:
Այս տխուր պատմության մեջ ամենազարմանալին այն է, որ Արման Սահակյանը փորձում է արդարացնել մեր ընդհանուր սեփականության վաճառքը նորահայտ սեփականատիրոջը «շենքում ընդհանուր տարածքներն արդյունավետ տնօրինելու անհրաժեշտությամբ»: Այն, որ շենքի մուտքը և քաղաքագետների միության աստիճանավանդակներն ավերելուց կես տարի անց դրանց միանձնյա սեփականատեր դարձած Սենիկ Ջուլհակյանը ոչ մի վերանորոգում չի իրականացրել և թողել է ամեն ինչ քանդուքարափ վիճակում, ցույց է տալիս այդ փաստարկների սնանկությունը:
Իրականում «շենքում մեկ տեր ունենալու անհրաժեշտության» մասին Արման Սահակյանի պնդումները բացահայտում են նրա և Տիգրան Սարգսյանի կողմից նորահայտ սեփականատիրոջը մեր ընդհանուր սեփականության հանձնման բուն նպատակը խաթարել Հայաստանի քաղաքագետների միության գործունեությունը և ստիպել մեզ հեռանալ իմ օրինական սեփականությունը հանդիսացող տարածքից: Արման Սահակյանի այդ հանցագործ ծրագիրն այսօր արդյունավետորեն իրականացվում է: Նորահայտ սեփականատերն «իրավունք » է ստացել մուտքի և աստիճանավանդակների վերանորոգման պատճառաբանությամբ խոչընդոտել մեր գործունեությունը և շենքում անտանելի պայմանների ստեղծման միջոցով հասնել ՀՔՄ գրասենյակի ռեյդերական զավթմանը: Արման Սահակյանի պատճառով այսօր Հայաստանի քաղաքագետների միությունը և ես դարձել ենք մշտական շանտաժի ու քանդման գործողությունները շարունակելու սպառնալիքների թիրախ: Խոսքը գնում է իշխանության բոլոր միջոցների` ոստիկանության, դատախազության, դատարանների գործի դրմամբ մասնավոր սեփականության իրավունքի դեմ իրականացվող պետական ռեկետի մասին, որի զոհն եմ դարձել այսօր ես, իսկ վաղը կարող է դառնալ մեկ այլ քաղաքացի:
Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը, որին Հայաստանի Հանրապետությունը միացել է, հստակ երաշխավորում է ինչպես միանձնյա, այնպես էլ ընդհանուր սեփականության իրավունքները: Հռչակագրի 17-րդ հոդվածում միանշանակորեն սահմանված է, որ յուրաքանչյուր մարդ իրավունք ունի տնօրինել իր գույքը` ինչպես միանձնյա, այնպես էլ մյուսների հետ համատեղ հիմունքներով: Համատեղ սեփականության իրավունքի անձեռնմխելիությունը դիտվում է նույնքան կարևոր, որքան կարևոր է սեփականության իրավունքի պաշտպանությունն ընդհանրապես:
Ընդհանուր սեփականությունը որպես «անլիարժեք իրավունք» կամ «հնամաշ կատեգորիա» դիտարկելու Արման սահակյանների ձգտումը ոչ այլ ինչ է, քան քաղաքացիների համատեղ սեփականությունը կողոպտելու և յուրային անհատներին հանձնելու հանցագործության արդարացում: Այդ գործելակերպի կոռուպցիոն ենթատեքստերը բացահայտելու և իմ խաթարված սեփականության իրավունքը վերականգնելու պահանջով ես դիմել էի ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին, սակայն ինչպես Դուք արձանագրել եք սույն թվականի մայիսի 29-ին ընդունված Ձեր որոշմամբ, դատախազության աշխատակիցները չեն կատարել իրենց պարտականությունները և հերթական անգամ խախտել են իմ իրավունքները: Այս ամենը ցույց է տալիս Հայաստանի Հանրապետությունում մարդու իրավունքների պաշտպանության հնարավորությունների բացակայությունը` դարձնելով օրակարգային Եվրոպայի Խորհրդի և ԵԱՀԿ-ի կողմից իրավիճակը փոխելու ուղղությամբ կտրուկ քայլերի անհրաժեշտությունը: Դրանից ելնելով ես այս դիմումի պատճենը հանձնում եմ նաև ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար` Դեսպան Անդրեյ Սորոկինին, ակնկալելով, որ նա կտեղեկացնի ԵԱՀԿ պետությունների ղեկավարներին Հայաստանում մարդու իրավունքների ոտնահարման փաստերի և պետական չինովնիկների կողմից Օմբուդսմենի որոշումները նենգաբար անտեսելու հանցագործ պրակտիկայի մասին:
Եթե դեռ երկու տարի առաջ Օմբուդսմենը որոշում է ընդունել, որ ՀՀ կառավարությունը խախտել է սեփականության իրավունքը` կոնկրետ քայլեր առաջարկելով քաղաքացու խախտված իրավունքը վերականգնելու ուղղությամբ, իսկ կառավարությունը ոչ միայն արհամարհել է այդ որոշումը, ոչ միայն չի վերականգնել խախտված իրավունքը, այլ ոստիկանության միջոցով ոգեշնչել և խրախուսել է նոր հրեշավոր ոտնձգություն քաղաքացու սեփականության նկատմամբ` աջակցելով հանրային նպատակներով օգտագործվող գրասենյակի մուտքի և աստիճանավանդակների բարբարոսական ավերմանը, ուրեմն ինձ այլևս ոչինչ չի մնում, քան դիմել միջազգային կառույցներին` Հայաստանում Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի դրույթների կատարումը բոլոր հնարավոր միջոցներով երաշխավորելու պահանջով:
Հայաստանի քաղաքագետների
ասոցիացիայի (միության) նախագահ` Հմայակ Հովհաննիսյան