Այսօր ՀՀ-ում ապացուցված է համարվում, թե Հայ ազգային կոնգրեսի չորս երիտասարդները հանցագործներ են, դրա համար դատապարտվել են դատարանի կողմից, եւ դա այդպես թողնելը խելամիտ չէ։ Այս մասին նշեց Կոնգրեսի անդամ Տիգրան Առաքելյանը՝ խոսելով օրերս իր, Սարգիս Գեւորգյանի, Արտակ Կարապետյանի եւ Դավիթ Քիրամիջյանի գործով վճիռների վերաբերյալ Մարդու իրավունք֊ների Եվրոպական դատարան հայց ուղարկելու մասին։
Առաքելյանը նշեց, որ ինքն ու իր ընկերները դատարան են դիմել մեկ բանի համար. «Մենք չկարողացանք արդարության հասնել ՀՀ ներպետական ատյաններում, մեր անմեղությունը այստեղ ապացուցված չհամարվեց, եւ միայն այդ նպատակով մենք հիմա դիմեցինք Եվրադատարան։ Սա քայլերից մեկն էր, վերջինն էր, որը չէինք կարող չանել:
Միակ հարցը, որ լուծվել է, այն է, որ այսօր ե՛ւ ես, ե՛ւ իմ ընկերները ազատության մեջ ենք։ Բայց ազատ արձակվելով այս հարցը լուծված չէ։ Մենք այժմ ազատության մեջ ենք, բայց մնացած բոլոր առումներով անարդարությունը մնացել է նույնը։ Որոշ մարդիկ շահարկում են, թե ինչու եք Հայաստանի հարցերը երկրից դուրս հանում եւ այլն: Բայց եթե ՀՀ-ի ներսում ենք մենք քադաքական հայացքների համար հալածվել, ինչպե՞ս կարող ենք ՀՀ-ում արդարություն գտնել»:
Այս գործով դատապարտված եւ այժմ պայմանական ազատազրկում կրող Սարգիս Գեւորգյանը եւս անդրադարձավ ՄԻ Եվրոդատարան դիմելու հարցին։ «Այդ դատարան դիմելուց ես ակնկալիք չունեմ, հույս ունեմ, որ դատարանը հավատարիմ կմնա իր դավանած սկզբունքներին, այնպիսի որոշում կկայացնեն, ինչպիսի որոշումներ կայացրել է Հայաստանում տեղի ունեցած այլ խայտառակ գործերի դեպքում՝ մարդկանց հույս տալու համար, որ իրենք կարող են ստանալ իրենց բաժին արդարությունը թեկուզ Հայաստանից դուրս»:
Կարդացեք նաև
Անի ԳԵՎՈՐԳՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում