Դատարանն այսօր քննեց Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի առանձնատան մոտ զինված միջադեպի գործով տուժող Ավետիք Բուդաղյանի իրավահաջորդի ներկայացուցիչ Հայկ Ալումյանի բողոքը: Փաստաբանը պահանջում է վերացնել Սուրիկ Խաչատրյանի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու մասին քննիչի որոշումն և այդ որոշման դեմ բերված բողոքը մերժելու մասին դատախազի որոշումը:
Ներկայացնելով բողոքը դատարանում` Հայկ Ալումյանը խնդրեց նաև որոշում կայացնել դիմողներ Արտակ և Էմիլ Բուդաղյանների իրավունքների և ազատությունների խախտումները վերացնելու` վարույթն իրականացնող մարմնի պարտականության մասին: Ս.Խաչատրյանի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու մասին վիճարկվող որոշումն ընդունվել է՝ «նրա արարքներում հանցակազմի բացակայության հիմքով»:
Քննիչը հաստատված է համարել, որ «Սդղի գյոլ» կոչվող տարածքից վերադառնալիս Սուրիկ Խաչատրյանի ավտոմեքենայում Ավետիք Բուդաղյանին ծեծի է ենթարկել միայն Զարզանդ Նիկողոսյանը: Մինչդեռ Հայկ Ալումյանը գտնում է, որ քրեական գործում առկա են ապացույցներ, որ ավտոմեքենայում Ավետիք Բուդաղյանը ծեծի է ենթարկվել ոչ միայն Զարզանդ Նիկողոսյանի, այլ նաև Սուրիկ Խաչատրյանի կողմից: Ընդ որում, Զարզանդ Նիկողոսյանի մասնակցությունը ծեծին պայմանավորված է եղել հենց Սուրիկ Խաչատրյանի հրահանգով:
Քննիչը, հիմք ընդունելով Սուրիկ Խաչատրյանի, Զարզանդ Նիկողոսյանի և Արագած Ղևոնդյանի ցուցմունքները, գտել է, որ Ավետիք Բուդաղյանին ծեծի ենթարկողը եղել է միայն Զ.Նիկողոսյանը և վերջինս գործել է իր նախաձեռնությամբ:
Նյութի մանրամասները կարդացեք «Փաստինֆո»-ի կայքում