Օրերս սահմանադրական բարեփոխումների քննարկման ժամանակ ՍԴ-ի նախագահ Գագիկ Հարությունյանը հետաքրքիր հայտարարություն էր արել, նշելով, թե իշխանության վերին էշելոններում «զգաստ են, բայց միջին օղակում «բորենիների» համաստեղություն է»։ Այս առնչությամբ ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ ՀԱՄԼԵՏ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՑ փորձեցինք պարզել՝ համամի՞տ է ՍԴ նախագահի ձևակերպմանը։
– «Բորենիներ» տերմինն առաջին անգամ ես եմ օգտագործել, ոչ թե Գագիկ Հարությունյանը,– ասաց պատգամավորը։
– Փաստորեն, ասվածին լիովին համամիտ եք։
– Անշուշտ։ Մեր հասարակության դժգոհությունն իշխանություններից պայմանավորված է ոչ թե վերին օղակների աշխատանքով, այլ այդ «բորենիներով»։ Նրանց վատ համբավը տարածվում է առաջին հերթին նախագահի, ԱԺ ղեկավարի և վարչապետի վրա։ Աշխարհի ոչ մի երկրում չկա այն մեխանիզմը, որ 100 տոկոսով չինովնիկների աշխատանքը վերահսկողության տակ պահի։ Խնդիրն այդ մարդկանց էությունն է ու նրանց գործողությունները։ Բնակչությունը շփվում է ոչ թե իշխանության վերևում կանգնած մարդկանց, այլ հենց միջին օղակների հետ։ Այսօրվա իշխանության հանդեպ հասարակության վերաբերմունքը, եթե ոչ 100, ապա 90 տոկոսով ձևավորում են այդ պաշտոնյաները։
Կարդացեք նաև
– Հնարավո՞ր չէ այդ «բորենիներին» արագ հեռացնել իշխանությունից։
– Նախագահը, խորհրդարանի ղեկավարը կամ պատգամավորներն անընդհատ հսկողության տակ չեն կարող պահել այդ «բորենիներին»։ Հո պահակ չե՞ն էդ մարդիկ, որ ամեն օր նրանց հսկեն։ Անում են հնարավոր ամեն ինչ։ Եթե ՍԴ-ի ղեկավարը նման բան է հայտարարել, ուրեմն նման երևույթ հաստատապես կա։
– Ի վերջո, ինչպե՞ս պայքարել «բորենիների» դեմ։
– Ես այդ հարցում դաժան եմ։ Կարծում եմ խիստ պատասխանատվության պիտի ենթարկել։
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ
Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրատես de facto» թերթի այսօրվա համարում