Հուլիսի 10-ին Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում տեղի ունեցավ ՀՀ սփյուռքի նախարարության` «Իմ Հայաստան» համահայկական երկրորդ փառատոնի «Պարարվեստի օրեր»-ի փակման հանդիսավոր արարողությունը:
Ելույթներով հանդես եկան փառատոնի մասնակից պարախմբերը: Փառատոնի մասնակիցներին իր կատարումով ողջունեց լիբանանահայ օպերային երգիչ Գևորգ Հաճյանը:
«Իմ Հայաստան» համահայկական երկրորդ փառատոնը այս տարի «Պարարվեստի օրեր»-ով մեկնարկեց հուլիսի 1-ին, որի շրջանակներում աշխարհի 12 երկրից` ժամանած 35 հայկական պարախմբեր ելույթներով հանդես եկան Երևանում, Լոռու, Շիրակի, Արագածոտնի, Արմավիրի, Սյունիքի, Վայոց Ձորի, Կոտայքի, Արարատի մարզերում և Արցախում: Պարախմբերը ազգային, ժողովրդական հայրենասիրական կատարումներով հանդես եկան ՀՀ տարբեր քաղաքների և Արցախի լեփ-լեցուն դահլիճներում` արժանանալով ջերմ ընդունելության: Համերգային շրջագայության ընթացքում Սփյուռքից ժամանած հայկական պարախմբերը այցելեցին նաև Օշականի «Մեսրոպ Մաշտոց» եկեղեցի, Հառիճավանք, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Նորավանք, Սբ. Հովհաննես եկեղեցի, Խոր Վիրապ, Շուշիի եկեղեցի, ինչպես նաև Սպիտակում այցելեցին երկրաշարժի զոհերի հուշահամալիր:
ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Սերժ Սրապիոնյանը ողջունեց պարախմբերի մասնակցությունը համահայկական այս փառատոնին, բարձր գնահատեց արվեստի միջոցով հայի տեսակն ու ոգին, ազգային մշակույթը պահպանելու ջանքերը և նշեց. «Եթե ոչ վաղ անցյալում Մայր Հայրենիքն էր արվեստագետների ու արվեստասեր իր զավակների միջոցով Սփյուռքի հայ համայնքներում փորձում կենսունակ ու հարատև պահել հայ ոգին ու նկարագիրը, ապա այսօր արդեն ինչ-որ չափով փոխվել են դերերը, և Սփյուռքի մեր նվիրյալները իրենց նկարագրի և ինքնության հայկական որակներն են բերել՝ հավելելու մերին՝ հայրենականին: Եվ հաջողում են»: Նախարարի տեղակալը շնորհակալություն հայտնեց փառատոնի գլխավոր հովանավոր «Օրանժ Արմենիա» ընկերությանը, հովանավոր «Տաշիր Գրուպ» ընկերությանը և լրատվական հովանավորներ Հանրային հեռուստաընկերությանը, «Շանթ», «Երկիր Մեդիա» հեռուստաընկերություններին, Հանրային ռադիոյին՝ փառատոնի կայացմանն աջակցելու համար:
Այնուհետև նախարարի տեղակալը պարախմբերի գեղարվեստական ղեկավարներին հանձնեց «Իմ Հայաստան» համահայկական 2-րդ փառատոնի մասնակցության հավաստագրեր և «Արարատից Եվրոպա», «Վարդուհի Վարդերեսյան» տեսասկավառակներ:
«Իմ Հայաստան» փառատոնի շրջանակներում կանցկացվեն նաև խմբերգային արվեստի օրեր (օգոստոսի 1-ից 6-ը), ասմունքի օր (օգոստոսի 16), դուդուկի փառատոն (սեպտեմբերի 20-ից 24-ը), հայ երգի օր (սեպտեմբերի 26):
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ