Լրահոս
Օրվա լրահոսը

Հաշվառվելով Հայաստանում՝ անձը ձեռք է բերում ՀՀ քաղաքացիությո՞ւն

Հուլիս 11,2014 14:03

«Առավոտը» շարունակում է լուսաբանել 1988-1992 թվականներին Ադրբեջանից Հայաստան բռնագաղթված հայ փախստականների անձնագրավորման խնդիրները: Որքան էլ տարօրինակ լինի, երիտասարդ Վալերիկ Հարությունյանը 24 տարի եղել է փախստականի կարգավիճակում, որից հետո դադարեցվել է նրա՝ փախստական լինելու հանգամանքը եւ ՀՀ ՏԿՆ Միգրացիոն պետական ծառայությունը նրա ձեռքից վերցրել է փախստականի կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթը: Այդուհետեւ, 2012 թվականից Վալերիկը բողոքարկել է Հայաստանի վարչական, վարչական վերաքննիչ դատարան, որ վերականգնեն նրա՝ փախստականի կարգավիճակը, սակայն դատարանները նրա հայցը մերժել են: Դիմել է ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչություն (ԱՎՎ), ներկայացրել գրավոր դիմում այն մասին, թե՝ իրեն Հայաստանի Հանրապետությունում ճանաչեն որպես քաղաքացիություն չունեցող անձ: Օրենքով սահմանված կարգով Վալերիկ Հարությունյանը կարող էր ստանալ քաղաքացիություն չունեցող անձի կացության վկայական, քանի որ նրա ծնողների՝ ՀՀ քաղաքացիության ընդունման ժամանակ նա եղել է 15 տարեկան, իսկ ՀՀ քաղաքացիություն ձեռք բերելու համար նա ինքը պետք է գրավոր դիմում ներկայացներ, որից հետո այն շնորհեին: Վալերիկ Հարությունյանը քաղաքացիության վերաբերյալ գրավոր դիմում չէր ներկայացրել, այլ ներկայացրել էր դիմում, որ իրեն շնորհեին կացության վկայական: Այդուհանդերձ, ԱՎՎ-ն մերժել է նրա դիմումի համաձայն հատկացնել կացության վկայական եւ պատճառաբանել, թե՝ Վալերիկ Հարությունյանի ծնողները 1995թ. սեպտեմբերի 2-ից մշտապես հաշվառված են եղել ՀՀ Կոտայքի մարզի Բյուրեղավան քաղաքի 1-ին թաղամասի 14 շենքի 6-րդ բնակարան հասցեում եւ ՀՀ քաղաքացիություն են ձեռք բերել քաղաքացիության ճանաչմամբ, իսկ այդ ժամանակ լրացած է եղել Վալերիկ Հարությունյանի 7 տարին: «Առավոտի» տրամադրության տակ գտնվող փաստաթղթերի համաձայն՝ Վալերիկ Հարությունյանի հայրը՝ Սերգեյ Եղիշի Հարությունյանը, 2003 թվականի հուլիսի 16-ին ստացել է ՀՀ քաղաքացու AF սերիայի թիվ 0710312 անձնագիրը, իսկ մայրը՝ Օֆելյա Ստեփանի Հարությունյանը, 2003 թ. հուլիսի 9-ին ստացել է ՀՀ քաղաքացու AF սերիայի թիվ 0710297 անձնագիր, որի համաձայն էլ դադարեցվել է նրա՝ փախստականի կարգավիճակը Միգրացիոն ծառայության կողմից, քանի որ նրա 18 տարին լրացած չի եղել, իսկ ԱՎՎ-ն իր հերթին համոզում է, թե՝ Վալերիկ Հարությունյանի ծնողները ՀՀ քաղաքացի են ճանաչվել 1995 թվականից եւ այդ ժամանակ Վալերիկի 7 տարին է լրացած եղել: Հարց է առաջանում. հաշվառվելով Հայաստանում՝ անձը ձեռք է բերում ՀՀ քաղաքացիությո՞ւն: Այդ մասին Վալերիկ Հարությունյանի ներկայացուցիչը դատարանում՝ Աշխեն Եսայանն ասաց. «Բազմաթիվ ուսանողներ կան արտասահմանից Հայաստան եկած, ովքեր ուսում են ստանում եւ բազմաթիվ մարդիկ միջազգային ծրագրերով գալիս են Հայաստան ու որպեսզի այդ մարդիկ հասցե ունենան, ապա պետք է հաշվառվեն: Դուրս է գալիս, որ այդ մարդիկ ՀՀ քաղաքացի՞ են: Բնականաբար, անձի հաշվառում է կատարվում հասցե տրամադրելու համար եւ հաշվառված անձ, թերեւս, չի նշանակում ՀՀ քաղաքացի»: Վալերիկ Հարությունյանը կացության վկայական ստանալու համար հայցադիմում է ներկայացրել Հայաստանի վարչական դատարան: Նախագահող դատավոր է նշանակվել Սամվել Հովակիմյանը: Նախնական դատական նիստը կայացել է, սակայն պատասխանող կողմի՝ ԱՎՎ-ի ներկայացուցչի բացակայությամբ: Անձնագրային եւ վիզաների վարչությանը ծանուցվել է նիստի օրվա, տեղի եւ ժամի մասին, սակայն ներկա չի եղել, որն էլ եղել է հանգամանք, որ նշանակվի եւս մեկ նախնական դատական նիստի օր, որպեսզի պատասխանող կողմն անպայման ներկայանա դատարան: Հաջորդ նախնական դատական նիստի օր է նշանակվել 2014թ. օգոստոսի 5-ը: «Առավոտի» հետ զրույցի ժամանակ Աշխեն Եսայանն ասաց. «Այնքան կնշանակվի նախնական դատական նիստի օր, քանի դեռ պատասխանողն իր կողմից չի ապահովի դատական նիստը ներկայացուցչով: Մենք պետք է հասկանանք, թե ինչպես է եղել, որ անձի հաշվառումը հանդիսացել է քաղաքացիության ճանաչման նախապայման»: Տեղեկացնենք, որ բոլոր փախստականները Հայաստան ժամանելուն պես հաշվառվում են, որպեսզի ունենան հասցե, սակայն միայն հաշվառվելով՝ ոչ մի փախստական դեռ չի դարձել ՀՀ քաղաքացի:

ՍԵՐԳԵՅ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
10.07.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031