Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Չորս օր՝ հայոց աշխարհի շուրջ

Հուլիս 11,2014 14:06

Գանձասար-Շուշի. օր երրորդ

Ստեփանակերտում երեկոյան Ռոբերտինո Լորետիի հայազգի աշակերտի՝ Ֆելիքս Մելքոնյանի համերգին ներկա եղանք, լսեցինք «Արցախի ձայներ» երգչախմբի սաներին: Հրաշալի երեկո էր: Ընկերուհիս՝ Ստեփանակերտի երաժշտական ուսումնարանի տնօրեն Կարինե Դադամյանն ասաց, որ հռչակավոր իտալացին ինքն էր պատրաստվում Ղարաբաղ գալ, սակայն, հայտնի պատճառներով, չեկավ: Ստեփանակերտի Վերածննդի հրապարակը բազմաշատ է. երեկոյան ոստիկանները փակում են բոլոր ելումուտները, եւ հրապարակը զբոսանքի գեղեցիկ վայր է դառնում: Ստեփանակերտին դեռ կանդրադառնամ, նշեմ միայն, որ Երեւանում, ցավոք, մեքենաներից եւ ռեստորան-սրճարաններից զերծ զբոսանքի վայր չունենք: Հայոց աշխարհի երկու պետությունների միջեւ տարբերությանը եւս կանդրադառնանք:

21

Ստեփանակերտի վարպետները մեր «Լենդի» թերությունները թեեւ չվերացրին, հառաջ Աստված ասելով՝ Գանձասար գնացինք: Գանձասար վանական համալիրը՝ իր սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցիով, Մարտակերտի շրջանի Վանք գյուղի Գանձասար կոչվող բլրի վրա է: «Վանքը գտնվում է Խաչեն գետի ափին: Գյուղում 470 տուն կա, 1700 բնակիչ: Վանքի ջոկատի հրամանատարն (Վանքի հրամանատար Յուրա Հակոբյանը զոհվեց 1992-ի օգոստոսին-Ա.Բ.) ասաց, որ գյուղից ոչ ոք չի հեռացել, եւ որ դիրքերն ամուր են: Այդ օրը Վանքում Հակոբյան Միքայելն ու Առաքելյան Սուսանը երկրորդ զավակն ունեցան: Անունը Սմբատ դրեցին: Գանձասարում մոմեր վառեցինք ու ամենքս մեր աղոթքն արեցինք: Կռվող տղերքը երդում են տվել, որ թուրքի ոտքը Գանձասար երբեք չի մտնի»,- 1992թ.:

…1992-ի ամռանը, երբ մահացու վտանգը կախվել էր Ղարաբաղի վրա, ՀՀ պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանը օգոստոսի 15-ին հեռուստատեսությամբ կոչով դիմել էր մահապարտների ջոկատ կազմավորելու խնդրանքով: «Վաղը չէ մյուս օրը Հայաստանի յուրաքանչյուր շրջանից, քաղաքից 10-15 տղա գա…միասին գնալու ենք կռվի ամենածանր ճակատը, ուր ապրել-մեռնելու հավանականությունը 50 տոկոս է՝ 50 տոկոսի նկատմամբ, եւ հաղթելու ենք… Հին տղաներից, փորձառուներից` մահապարտներ… եթե կարողացանք 500 հոգանոց մահապարտների գումարտակ ստեղծել, ուրեմն դեռ կանք, դեռ կռվելու ենք, հաղթելու ենք…»: Վազգենի կոչին անմիջապես արձագանքեց մոտ 400 նվիրյալ եւ օգոստոսի 30-ին 375 մահապարտից կազմված «Արծիվ» գումարտակը` Հովսեփ Հովսեփյանի ղեկավարությամբ, մեկնեց Ղարաբաղ: Այստեղ` Գանձասարում տեղի ունեցավ նրանցից շատերի մկրտության արարողություն` Պարգեւ սրբազանի եւ տեր Հովհաննեսի ձեռամբ…

…Վանք գյուղի նորակառույց դպրոցը, մանկապարտեզը, «Տիտանիկ» կոչվող նավ-հյուրանոցը, ժայռաքանդակ առյուծը՝ ամենուր վաճառվող «ժենգյալով հացը», ռեստորանները, գեղատեսիլ այլ շինություններ այստեղ են բերում հազարավոր զբոսաշրջիկների ոչ միայն Հայաստանից: Մեր գալու օրը Եղեգնաձորից, Երեւանի Շիրակացու անվան դպրոցից, Սպիտակից, Ֆրանսիայից, Մեծ Բրիտանիայից հյուրեր կային: Այստեղ Եղեգնաձորի պատանիներին բերած միկրոավտոբուսի վարորդը վերջապես վերացրեց անգլիական մեր մեքենայի թերությունը: Գանձասարից մինչեւ Երեւան նա անխափան աշխատեց: «Դու հայ ինջինիրիայի հնարամտությունը տես»,- իր զարմանքը չէր թաքցնում ամերիկահայ բարեկամս՝ Համբարձումը, ով, ինչպես ասել էի, որոշել է Հայաստանում հաստատվել: Գանձասար համալիրի ընդարձակ հրապարակում իր «բիզնեսն» է զարգացնում Գրիշան՝ սպիտակ ձին զարդարելով վարդերով, գեղեցիկ փալանով, նա 200 դրամով «պտույտներ» է առաջարկում համալիրի շուրջ: «Սերվիսից» հաճույքով օգտվում է նաեւ մեր 12-ամյա Աննան: Ստացած 2000 դրամի դիմաց Գրիշան Աննային ոչ միայն քանիցս պտտեցրեց Գանձասարի շուրջ, այլեւ կրկեսային մի քանի հնարքներ ցուցադրեց:

«Փոքրիկ Էդմոնի հետ Գանձասարում ծանոթացանք, երբ մեկ տարեկան էր ու մկրտության էր արժանանում: Էդմոնի մայրը` Նարինեն, ասաց, որ ամուսինը՝ Էդմոնը, երազում էր արու զավակ ունենալ, որ միասին Գանձասարում կնքվեն…», 1994թ.: Ստեփանակերտում, համերգից հետո, Էդմոնի մայրը, այժմ ԼՂՀ մշակույթի նախարար Նարինե Աղաբալյանն ասաց. «Ամուսնացրել եմ Էդմոնիս»… երջանիկ լինի:
Հայտնի է, որ մարդը տեսնում է այն, ինչ ուզում է տեսնել: Շուշին, ուր մեկ տարի առաջ էի վերջին անգամ եղել, էլ ավելի բարեկարգ թվաց ինձ: Քաղաքը հավակնում է մշակութային կենտրոն դառնալ եւ աչքի է ընկնում իր թանգարաններով՝ գորգերի, կերպարվեստի, պատմության, բնագիտության թանգարանները գրավում են զբոսաշրջիկներին: Պարսկական նորոգվող մզկիթը չմտանք. «Միայն հայկականը տեսնենք, էլի»,- խնդրեց Համբարձումը: Հայկականը՝ Շուշիի նորակառույց շենքերը, հյուրանոցը, պուրակներն ու փողոցներն են: «Ամենափրկիչ» կամ «Ղազանչեցոց» եկեղեցին, բակը բազմաշատ էին, Հայաստանից եւ Ռուսաստանից հյուրեր կային: Այստեղ էր նաեւ «Առավոտի» նախկին լրագրող, այժմ ԱԺ պատգամավոր Մարգարիտ Եսայանը. Մարտակերտի ազատագրման 21-ամյակին էր հրավիրված: Զարմանալի մի հարց ուղղեց ինձ. «Բա դու այստեղ ի՞նչ ես անում»: Համեստ մարդ եմ, լռեցի: 1994թ. մայիսի 10-ին դստերս, Աննայի հետ հենց Մարտակերտում էի, երբ «Ի՞նչ պիտի լինի սրա վերջը» հարցիս զինվորներից մեկը հանդարտ ձայնով ասաց. «Տէրիտորիա տալու չընք, դա հեչ»: Երկու օր անց, մայիսի 12-ին՝ կեսգիշերին Ստեփանակերտի հեռուստատեսությամբ լսեցինք հրադադարի մասին. դժվար էր հավատալ, որ պատերազմն ավարտվեց:

«Շուշիում, Մալիբեյլիում, Խոջալուում ազերիները հասցրել էին նոր թաղամասեր կառուցել: Այդ ավաններում եւ անվնաս մյուս տներում այժմ հայեր են ապրում: Շուշիի մի քանի «հարուստ» տների դարպասներին ռուսերեն գրված է՝ «իՈվÿՑՏ»: Գլխավոր փողոցի անունը, սակայն, հայատառ է՝ «ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀ»: – 1992թ., հուլիս:
…Շուշիի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում ժամերգություն է՝ բարձրաստիճան սպա, սեւազգեստ եւ պայծառ հագած կանայք, երեխաներ: Մոմեր են վառել ու աղոթք են շշնջում… Եկեղեցին վերանորոգվել է, բակում բարեկարգման աշխատանքներն ավարտվելու վրա են: Խաղաղություն է: Շուշիում, նույն քարե նստարանին է նստած մեր Սպարապետը՝ Վազգեն Սարգսյանը: Լուռ եւ աջալուրջ հսկում է անդորրը: Նրան ծաղիկներ է բերել հինգ տարեկան մի աղջնակ, այնքան նման այն մանուկին, որ տեսել էի 1992-ի ամռանը Ամենափրկիչ եկեղեցու բակում:

ԱԼՎԱՐԴ ԲԱՐԽՈՒԴԱՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
10.07.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031