Երեւանի Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցի աշակերտներն ու ուսուցիչները ամռան այս տապին ամեն օր «ըմբոշխնում» են դպրոցի անմիջապես ցանկապատի տակ տեղակայված աղբամաններից եկող հոտը: Ամիսներ առաջ այս աղբամաններն իրենց համար նախատեսված նախկին տեղից տեղափոխվել են վերջերս լիովին վերանորոգված այս դպրոցին շատ մոտ: Աղբն օրվա ընթացքում այնքան է բարձրանում, որ աղբով լի տոպրակները լցվում են դպրոցի բակ՝ ստեղծելով հակասանիտարական վիճակ: Աղբն այս ու այն կողմ են անում նաեւ տարածքի թափառող կենդանիները, որոնց հիմնական կերակրամանն այդ աղբարկղերն են: Նրանք, բացի աղբից, նաեւ վտանգավոր մանրէներ են տարածում շրջապատով մեկ:
«Առավոտ» օրաթերթն իր 20.06.2014թ.-ի համարում «Նպատակահարմա՞ր էր արդյոք աղբը մոտեցնել դպրոցին» հրապարակմամբ անդրադարձել էր այս խնդրին, սակայն Կենտրոնի աղբահանության համար պատասխանատուները մատը մատին չտվեցին այս հարցը լուծելու համար: Ինչպես արդեն նշել էինք, այդ աղբամանների նախկին տեղը դպրոցի դիմացի մայթին՝ մոտ 50 մետր այն կողմ միջազգային մի ներկայացուցչության տարածքի հետնամասում էր (տե՛ս 2-րդ լուսանկարը), որը, սակայն, չհամակերպվելով աղբի գոյության հետ՝ աղբամաններն այդտեղից հանել է տվել՝ այն դեպքում, երբ բարձր պարիսպը տարանջատում է աղբամանները ներկայացուցչության տարածքից: Կենտրոն վարչական շրջանի պատասխանատուներն էլ, չկարողանալով միջազգային կառույցի «քեֆին կպնել», գերադասել են աղբամանները մոտեցնել երեխաներին:
ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ
Կարդացեք նաև
«Առավոտ» օրաթերթ
10.07.2014