Լրահոս
Օրվա լրահոսը

Երբ լսում են աչքերը

Հուլիս 11,2014 13:45

Զրույց ժեստերի լեզվի մասնագետ Զուբեյդա Մելիքյանի հետ

Տարիներ շարունակ Զուբեյդա Մելիքյանը (լուսանկարում) խլություն ունեցող մարդկանց ու «այլընտրանքային» լեզվի սիրահարներին սովորեցնում է ժեստերի լեզուն, եւ արդեն երկար ժամանակ է, ինչ Սուրբ Երրորդություն եկեղեցում տեր Եսայի քահանա Արթենյանի աջակցությամբ ժեստերի լեզվով «թարգմանում է» պատարագներն ու «Աստվածաշունչը»: Տիկին Զուբեյդան «Առավոտի» հետ զրույցում հուզված պատմեց լսողության հետ խնդիրներ ունեցող մարդկանց հետաքրքիր ու յուրահատուկ աշխարհի մասին:

– Տիկին Զուբեյդա, ինչպե՞ս են խոսում ու զգում լսողական խնդիրներ ունեցող մարդիկ:

– Ոմանք կարծում են, որ խուլերը չեն զգում ու ընկալում աշխարհն այնպես, ինչպես որ լսողություն ունեցողները: Իրականում նրանք աշխարհն ընկալում են ավելի լավ, ավելի խորը, քան կարելի է կարծել: Աշխարհի զգացողությունները, գույներն ու հոգին մարդիկ աչքերով են տեսնում ու նույնիսկ՝ լսում: Երբ մենք ցանկանում ենք ինչ-որ բան ուշադրության կենտրոնում առնել, անպայման շրջվում ենք դեպի տվյալ իրը կամ անձը, որովհետեւ մեզ համար կարեւոր է տեսնել պատկերը: Մեզանից շատերն անգամ անուշադիր են փողոցի ձայների նկատմամբ՝ եթե, իհարկե, տվյալ ձայնանշանը վտանգի մասին չի զգուշացնում: Մարդն ամբողջ հոգով է զգում ու լսում, եւ հենց դրա համար խլություն ունեցող մարդիկ օգտագործում են «իմ լսող աչքեր» գեղեցիկ արտահայտությունը, որը հենց փաստում է այն մասին, որ իրենք լսում են իրականը, բնականը՝ օգտագործելով հոգու ողջ կարողությունը: Մինչդեռ լսող մարդիկ միայն լսում են ձայները՝ հաճախ առանց դրանք ընկալելու: Օրեր առաջ՝ ծննդյանս 57-ամյակին պետք էր տեսնել, թե ինչպես էր իմ 78-ամյա մայրը, որը բացարձակ չի լսում, պարում ու գեղեցիկ շարժվում երաժշտությանը համահունչ… Երբեք չէիք զգա, որ նա ոչ մի նոտա չի լսում: Խուլ մարդիկ ընկալում են լսողություն ունեցող մարդկանցից ավելի լավ: Դուք անընդհատ շտապում եք՝ ուշադրություն չդարձնելով աշխարհում կատարվող երեւույթներին, ձայներին, գեղեցկությանը, իսկ լսողության խնդիրներ ունեցող մարդիկ շատ նրբանկատ են, տեսնում են ամեն փոքրիկ փոփոխություն ու ձեռքերի, դեմքի ու աչքերի փայլի օգնությամբ վերարտադրում ու նկարագրում ամեն բան: Խուլերի աշխարհն իր հեքիաթային ու գունավոր կողմերն ունի. պետք է տեսնել, թե ինչքան սեր կա այդ մարդկանց աչքերում, ինչքան են երախտագիտությամբ լցված առ մարդիկ եւ առ Աստված:

-Նշեցիք, որ Ձեր մայրն էլ է խուլ: Արդյո՞ք խլությունը կարող է նաեւ ժառանգաբար փոխանցվել:

– Խլությունը ժառանգաբար՝ գենետիկ փոխանցվում է տասը տոկոս դեպքերում: Հենց սրա «շնորհիվ» էլ մ.թ.ա. երկրորդ հազարամյակից սկսած՝ պահպանել ենք խուլ մարդկանց խոսքի մշակույթը, քանի որ այն մեզ նախ եւ առաջ փոխանցվել է խուլերի սերունդների օգնությամբ: Ժեստերի լեզուն էլ, բոլոր լեզուների պես, փոփոխվում է, զարգացում ապրում, ունի իր ուրույն ձեւաբանությունն ու շարահյուսությունը:

-Հաճախ մեզնից անկախ վիրավորում ենք լսողության խնդիրներ ունեցող մարդկանց՝ մեր սխալ պահվածքով, կամ խոսքը սխալ ձեւակերպելով… Ինչպե՞ս է պետք շփվել նրանց հետ, եթե ժեստերի լեզվին չես տիրապետում:

– Դու չես կարող վիրավորել խլություն ունեցող մարդկանց, եթե չունես նման ցանկություն: Նրանք շատ մտերմիկ են տրամադրված եւ հասկանում են, որ դու մեղավոր չես նրանց առողջական խնդիրը չիմանալու մեջ: Այնպես որ՝ չեն վիրավորվի, ու շփոթվել պետք չէ: Նրանք մեզ նման են ու ոչնչով չեն տարբերվում, պետք չէ հատուկ ջանքեր գործադրել: Ընկերական շփումն ավելի նախընտրելի կլինի. եթե փորձես խոսել իրենց հետ, ձեռքով կհասկացնեն, որ քեզ չեն լսում. այդ ժամանակ կարելի է ուղղակի որոշ ժեստերի օգնությամբ ինչ-որ կերպ բացատրել ասելիքը: Առհասարակ, շատ երկրներում ժեստերի լեզուն ընդունված է որպես երկրորդ լեզու ուսումնասիրել: Հայաստանում այդ մշակույթը նոր է ձեւավորվում, եւ դեռ քչերն են, որոնք ուսումնասիրում են ժեստերի լեզուն՝ ուղղակի նրան ծանոթ լինելու համար: Հուսանք՝ այս բացը արագ կլրացվի. չէ՞ որ ժեստերի լեզուն անսահման գեղեցիկ ու խոսուն է:

Զրուցեց
ՍՅՈՒՆԵ ՍԵՎԱԴԱՆ
«Առավոտ» օրաթերթ
10.07.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031