Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Վահան Խեչանյան. «Օլիմպիական ուղեգրերի ու աշխարհի առաջնության մեդալների համար պայքարը համադրում ենք»

Հուլիս 11,2014 13:55

Հայաստանի ծանրորդները մրցաշրջան 2014-ում դեռ երկու կարեւորագույն պաշտոնական մեկնարկ ունեն. Պատանեկան ամառային օլիմպիական խաղերը եւ մեծահասակների աշխարհի առաջնությունը, որը նաեւ 2016 թվականի օլիմպիական խաղերի վարկանիշային մրցաշար է:

Ինչպե՞ս են մեր մարզիկները նախապատրաստվում դրանց: «Առավոտը» զրուցել է Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի փոխնախագահ Վահան Խեչանյանի հետ:

– Պարոն Խեչանյան, սկսենք պատանիներից: Մոտ մեկ ամիս է մնացել Նանջինգում մեկնարկող 2-րդ պատանեկան օլիմպիական խաղերի մեկնարկին, որտեղ Հայաստանը ներկայացված է լինելու երեք ծանրորդով: Ընտրություն արդեն կատարվե՞լ է, եւ ինչո՞վ են նրանք զբաղված այս պահին:

– Այսօր Նանջինգում կայանալիք պատանեկան օլիմպիական խաղերին պատրաստվում են վեց պատանի ծանրորդներ՝ երկու աղջնակ եւ չորս տղա: Խաղերի կմեկնեն միայն լավագույնները: Ֆեդերացիան՝ մարզչական խորհուրդը, ՀԱՕԿ-ի հետ միասին, հետեւում է նրանց մարզումներին: Բոլորն էլ լավ վիճակում են: Դեռ մեկ ամիս ժամանակ կա: Եվ երբ մարզիչները կոնկրետ անուններ ներկայացնեն, կքննարկենք եւ համապատասխան որոշում կկայացնենք: Բայց այսօր արդեն հայտնի է տղաներից մեկի անունը, խոսքը +105 կգ քաշային, աշխարհի ռեկորդակիր Սիմոն Մարտիրոսյանի մասին է: Մյուսները միմյանց միջեւ պայքարում են մեկական ուղեգրերի համար:

– Հիմա խոսենք մեծահասակների մասին:

– Նրանք հիմա ուսումնամարզական հավաք են անցկացնում Ծաղկաձորում: Հուլիսի 20-ից հետո ամբողջ թիմով կտեղափոխվեն Աբովյան քաղաք: Սեպտեմբերի 4-ից 20-ը կմեկնեն Թեոդոսիա: Դրանից հետո կվերադառնան՝ կրկին հավաքներ եւ արդեն պայմանավորվածություն կա Ղազախստանի հետ, որ աշխարհի առաջնության մեկնարկից 17 օր առաջ նախապատրաստության վերջին փուլն անցկացնեն այնտեղ, որպեսզի հասցնեն լրիվ կլիմայափոխվել:

– Հավաքներում բոլո՞ր լավագույններն են ընդգրկված, թե՞ ինչ-ինչ պատճառներով բացականեր կան:

– Մարզվում են Հայաստանի՝ այսօրվա բոլոր ուժեղագույն ծանրորդները: Մի երկու-երեքը կան, որոնք դեռ դրա իրավունքը չունեն, բայց եկող տարվա սկզբներին նրանք էլ կմիանան հավաքականին, ու, կարծում եմ, ավելի հզոր թիմերով կպայքարենք օլիմպիական խաղերի հնարավորին չափ շատ ուղեգրեր նվաճելու համար:

– Ֆեդերացիայի գերխնդիրը 2016 թվականի օլիմպիական խաղերն են ու Ռիո դե Ժանեյրոյում մեդալներ նվաճելը: Այդ դեպքում աշխարհի, Եվրոպայի առաջնություններում հաղթելու եւ մրցանակային տեղեր զբաղեցնելու ավանդույթը երկրորդական պլան չի՞ մղվում, եթե նկատի ունենանք, որ մեդալի համար հաճախ ռիսկի գնալ է պետք, ինչը հղի է վնասվածքներով: Չմոռանանք, որ հայ մարզասերը մեր ծանրորդների մեդալներին սովորել է:

– Երկուսն էլ, իրոք, կարեւոր են, եւ դրանք պետք է համատեղել: Հիմա բացատրեմ, թե ինչպես: Նախ՝ գիտեք, որ մենք նպատակ ունենք օլիմպիական խաղերում տղաների առավելագույն մասնակցություն ապահովել՝ վեց ուղեգիր, իսկ աղջիկների համար, որոնց վրա դրված է ամենաշատը չորս հոգու սահմանափակում, առնվազն երկու-երեք վարկանիշ: Դրա համար անհրաժեշտ է այս եւ եկող տարվա աշխարհի առաջնություններում թիմային հաշվարկով համապատասխան բարձր տեղեր զբաղեցնել: Իսկ դա նշանակում է, որ բոլոր քաշային ծանրորդներն էլ պետք է պայքարեն մրցանակային կամ բարձր տեղերի համար: Ի դեպ, սպասվում է, որ աշխարհի առաջնություններում յուրաքանչյուր քաշային կարգում հանդես է գալու միջին հաշվով 30-40 ծանրորդ: Դրա համար անհրաժեշտ է, որ մեր ծանրորդները առաջին մոտեցումներով այնպիսի կիլոգրամներ բարձրացնեն, որոնք այդ պայքարում կապահովեն նշածս բարձր տեղերը, իսկ ովքեր ի վիճակի են, հաջորդ մոտեցումներով արդեն պայքարեն ոսկու, արծաթի կամ բրոնզի համար:

– Հավաքականները նախապատրաստության ընթացքում խնդիրներ չե՞ն ունենում: Եվ եթե գաղտնիք չէ, բոլոր անհրաժեշտ խնդիրները լուծելու համար որքա՞ն գումար է տրամադրվում:

– Ֆեդերացիայի նախագահ Արմեն Շախազիզյանը քաջատեղյակ է ամեն ինչից եւ բոլոր տարիքային խմբերի տղաների եւ աղջիկների հավաքականներին լավագույն մարզումային պայմաններ ապահովելու համար ոչինչ չի խնայում: Նա աշխատանքների կազմակերպումն ու համակարգումը վստահել է ինձ: Ես էլ մեր թիմի աջակցությամբ անում եմ հնարավորն ու անհնարը: Ինչ վերաբերում է գումարներին, ասեմ. պարոն Շախազիզյանը ծանրամարտին տրամադրում է այնքան, որքան անհրաժեշտ է: Դրա մեջ մտնում են թե մարզումային ու գույքային, թե ծանրորդների սոցիալական պայմանները, թե սնունդն ու վիտամինները: Ես նրանից դեռ «ոչ» բառը չեմ լսել: Պարոն Ծառուկյանն էլ իր հերթին է կանգնած մեր ծանրորդների թիկունքին:

ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
10.07.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031