Կամ շտրիխներ՝ Տաթեւիկ Հովհաննիսյանի դիմանկարից
Ավարտվեցին ճանաչված ջազային երգչուհի Տաթեւիկ Հովհաննիսյանի համերգները Գյումրիում, Ստեփանակերտում եւ Երեւանում: Երգչուհու արվեստին հաղորդակցվելու համար հայ հանդիսատեսը երկար էր սպասել:
Բոլոր ժամանակներում էլ հարց է ծագել. ընդհանրապես ինչո՞վ է պայմանավորված ջազային երաժշտության այս աստիճան ընդունված լինելը: Կան տարբեր պատասխաններ: Թերեւս ամենաընդունելին հետեւյալն է. ջազում մարդը զգում է այն թարմությունն ու լիակատար կենսական ուժը, որ ժամանակակից մեկ այլ երաժշտության մեջ այդքան վառ արտահայտված չեն: Ունենալով հիանալի ձայնային տվյալներ, բացարձակ երաժշտական լսողություն, ռիթմի գերազանց զգացում եւ ընդհանրապես՝ բարձր ճաշակ, Տաթեւիկ Հովհաննիսյանը դարձավ ոչ միայն հայկական, այլ նաեւ ԽՍՀՄ թիվ մեկ ջազային վոկալիստը: Այդ տարիներին հայ երգչուհու համերգային շրջագայությունները՝ անվանի ջազմեն Իգոր Բրիլի ջազ-անսամբլի հետ, մեծ ճանաչում բերեցին երգչուհուն Եվրոպայում, Ասիայում, Աֆրիկայում, Ամերիկայում: Ժամանակը ցույց տվեց, որ դեռ տարիներ առաջ «ջազով ապրելը» պատանեկան հետաքրքրություն չէր Տաթեւիկի համար, դա նախ ընտրություն էր եւ համոզմունք, ինքնահաստատման ուրույն միջոց:
«Սեւամոթները մեզնից տարբերվում են նրանով, որ մեծ մասամբ պահպանել են բնականությունը, կենսական ուժն ու հոգու թարմությունը: Նրանց երաժշտությունը շատ ճիշտ է արտացոլում այդ հատկությունները: Ես ապրում եմ ջազով, սիրում մեծանուն ջազմեններին ու աշխատում եմ ջազային հանրահայտ ստեղծագործողների կողքին (1990թ.-ից երգչուհին բնակվում է ԱՄՆ-ում), ներկայացնում նաեւ հայ դասական, ժողովրդական երգերն ու պարեղանակները ջազային մեկնաբանությամբ»,- մի առիթով հայտնել էր երգչուհին: Նշենք, որ սա առաջին փորձն էր հայ վոկալ արվեստում, որը ստացվեց աննկարագրելի հաջողությամբ: Դա 1997 թվականն էր: Այս առիթով Լոս Անջելեսում լույս տեսնող «Ասպարեզ» օրաթերթը գրեց. «Խոստովանենք, որ հայ հանդիսատեսը հաճախ լինելով հանդուրժող այս կամ այն երեւույթի հանդեպ, ծայրահեղ խստապահանջ է դառնում, երբ հերթը հասնում է ազգային սրբություններին: Այս դեպքում՝ Կոմիտասի արվեստին: Ահա այդ խստապահանջ հանդիսատեսը ցնծությամբ ընդունեց Տաթեւիկ Հովհաննիսյանի «քայլը»՝ ներկայացնելու կոմիտասյան արվեստը նորովի՝ ջազային ոճով»: Գլենդելում լույս տեսնող «Նոր Հայաստան» օրաթերթն էլ համերգից հետո գրել էր. «Դաստիարակվելով, կրթվելով ջազային հանճարների արվեստով, մասնավորապես՝ Լուի Արմսթրոնգի, Էլլա Ֆիցջերալդի, Օսքար Փիթըրսոնի, Բենի Գադմանի… տաղանդավոր Տաթեւիկն այսօր պարզապես վիրտուոզ ջազմեն է»: Հիշեցնենք, որ հայ երգչուհու արվեստով հիացած էր դեռեւս 1975թ. ամերիկյան մամուլը, որտեղ առաջին անգամ ԽՍՀՄ-ից մեկնած օրբելյանական նվագախումբն ու մեներգչուհին ջազ էին ներկայացրել:
Տաթեւիկ Հովհաննիսյանը կարծես «երգ է ստեղծում» եւ այնպես է կառուցում իր վոկալը, որ տպավորություն է ստեղծվում, թե խոր մտածված, վաղօրոք ստեղծված երաժշտություն է դա եւ ոչ թե իմպրովիզացիա: Նրա երաժշտական լեզուն ջազի առօրյայում այնքան համատարած դարձավ, որ շատ հայ կատարողներ վաղուց օգտվում են դրանից, ասել է թե՝ այսօր կա «ջազային հովհաննիսյանական դարձվածքներ»: Նա կատարելապես է տիրապետում ամենասովորական եւ թվում է՝ ջազային ոճին չհամապատասխանող հայկական թեմաները կերպարանափոխելու արվեստին: Ինչ վերաբերում է վերջին տարիներին երգչուհու երկացանկում գերիշխող Կոմիտասին, հայկական ժողովրդական երաժշտությանը, գտնում ենք, որ դա օրինաչափ է. Տաթեւիկը հայկական ժողովրդական երգի տիրամայր Օֆելյա Համբարձումյանի եւ անվանի քամանչահար Նորայր Հովհաննիսյանի դուստրն է:
ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ
Լուսանկարում` Տաթեւիկ Հովհաննիսյանը՝ սիրելի մոր՝ Օֆելյա Համբարձումյանի հետ (ֆեյսբուքյան էջից):
«Առավոտ» օրաթերթ
10.07.2014