Բանաստեղծ Վահե Արսենը՝ մեր իրականության ու կեղծ արժեքների մասին
Բանաստեղծ, գրականագետ Վահե Արսենը (լուսանկարում) ընդլայնել է իր գործունեության սահմանները: Հիմնադրել է «ԱյլԱրտ» մշակութային կազմակերպությունը: «Հիմա հաճախ են ասում, թե արվեստ չկա, գրականություն չկա, նկարչություն… չկա, չկա, չկա… Մենք էլ ուզում ենք էդ «չկա»-ին հակադրել կան: Արվեստը փորձում ենք հակադրել այսօրվա խեղդող իրականության պսեւդո- արժեքներին: Ցավոք, այսօրվա արժեքային համակարգը տանում է Մարդու ոչնչացման, ծաղկեցնում է միայն եսը, մնացած բոլոր, իրապես մարդկային կողմերը սպանում է: Այս վիճակից մարդուն կարող է դուրս բերել միայն արվեստը, հոգեւոր արժեքները»,- ասում է բանաստեղծը:
Վահե Արսենը նշեց, որ «ԱյլԱրտը» ներկայացնում է տարբեր ոլորտների արվեստագետների՝ գրականությունից մինչեւ քանդակագործություն: Վերջերս բանաստեղծուհի Ռուզաննա Ոսկանյանի գործերի ընթերցումներն էին, Հասմիկ Գասպարյանի նկարչական ցուցահանդեսը: Բանաստեղծը համոզված է՝ պետք է փշրվեն այն կաղապարները, թե միայն պետության «կնիքը» կրող արվեստագետն իրավունք ունի ներկայանալ հանրությանը: Ըստ նրա, հատկապես այսօր բոլոր կոչումներն արժեզրկված են, մանավանդ. «օրինակ, ակնհայտ ռաբիս երգողները դառնում են վաստակավոր արտիստ, ինչը ծիծաղելի է»:
Մեր զրույցի ընթացքում անդրադարձ եղավ հոգեւոր արժեքների ձեւախեղմանը, հին Երեւանի վերջին փշրանքների համար պայքարողներին: «Աֆրիկյանների ակումբի համար պայքարող երիտասարդների մեջ իմ ուսանողներից էլ կան, շատ լավ մարդիկ են, իրենց սիրտը ցավում է քաղաքի համար, երկրի համար, բնության… Ահավորն այն է, որ այդ պայքարը ի սկզբանե դատապարտված է, իրենք ուղղակիորեն պատի են հանդիպում, իրենց արածը դոնկիխոտություն է: Ժողովուրդն այն աստիճան զոմբիացած է ու իներտ, որ անպայման պետք է իր համար 50-100 դրամի խնդիր լինի, իր գրպանին դիպչի, որ ընդվզի, այլ պարագաներում ինքն անմասնակից է: Մշակույթի նախարարությունն էլ հավանաբար համարում է, որ սա իր քաղաքը չէ, չի խառնվում: Բոլորն էլ գիտեն, թե որ կառույցի քանդելու հետեւում ինչ ուժեր են կանգնած: Ու երբ պետք է նման տեղերում որեւէ բարձրահարկ կառուցվի, մեկ էլ անմիջապես հայտնվում են «գրպանային» մտավորականներ, որոնք բերում են հակառակ ապացույցներ, թե քանդելը լավագույն լուծումն է: Ա՛յս տեսակն է այսօր խրախուսվում… Միկոյանի արձանի հարցն է քննարկվում ավագանու նիստում, բոլորը, բացառությամբ մեկ-երկուսի, կողմ են քվեարկում, նույն վիճակը կլիներ, եթե Ստալինի կամ Ջեմալի արձանի հարցը քննարկվեր, էլի այդ նույն մարդիկ կողմ կլինեին: Նրա՛նք են առաջին գծում, յուղոտ կտորները բաժանել են իրար մեջ ու այդպես պահում են, ավելի ճիշտ՝ ավերում են մշակույթի դաշտը: Եթե Աֆրիկյանների տուն ես քանդում՝ մշակույթ ես ավերում, Միկոյանի արձան ես կանգնեցնում, մշակույթ ես ավերում, Զվարթնոցի տաճարի հոգում ցից ես խփում, ավերում ես… Բայց մեկ է՝ ոչ մեկը չի պատժվում: Զվարթնոցի դեպքում աշխատանքից հեռացրին մի մարդու, ում ասել էին այդպես կանես, փոխարենն էլ նրա տղային աշխատանքի վերցրին»:
Վահե Արսենի ձեւակերպմամբ, պետք է լինի առանցք, որի շուրջ ընդվզումդ կառուցես ու զայրույթդ բերես-դարձնես արվեստ: Բայց միշտ չէ, որ ստացվում է՝ արվեստագետը, մտածող մարդը կարող է հուսահատվել նման իրավիճակներում: Բանաստեղծը ցավում է. «Հայաստան ասելով, այսօր երկրի «տերերը» առաջին հերթին Հյուսիսային պողոտան են պատկերացնում՝ անճոռնի, միմյանց հետ տրամաբանական կապ չունեցող շենքերով ու ամեն կրկնավերանորոգվող սալիկներով… Ամենասովորական չինովնիկից մինչեւ վերեւ՝ երթեւեկում են ծառայողական մեքենաներով, ռուսերեն շատ լավ է բնորոշում` «պադավատ», տՏՊՈՑՖ, այսինքն՝ մատուցել բառից…
Շատ բաներ չեն ուղղվի, մինչեւ մեր նախարարները, քաղաքային իշխանությունները հեծանիվով չգնան աշխատանքի: Զավեշտալի է, որ նրանք, ովքեր պատասխանատու են քաղաքային տրանսպորտի աշխատանքի համար, նույնպես երթեւեկում են ծառայողական մեքենաներով: Պաշտոնյաների նման ճոխություն ոչ մի տեղ, անգամ ԱՄՆ-ում ու Եվրոպայում չկա: Երեւի մեկ էլ Ռուսաստանում է: Ու մենք էլ ռուսական մոդելն ենք հավանում՝ կիսագողական, կիսաոստիկանական… Հոգեւորը մղվել է հետին պլան: Մեր առօրյան լցված է նյութով, մարդը ինչի ասես չի դիմում, որ «Այֆոն» ունենա, հիփոթեքով վերցնում է թանկ մեքենա, որ հետ չմնա մյուսներից: Քրիստոսի ասածը՝ ապրեք այսօրվա օրով, այլ կերպ են հասկանում, ուզում են օրը մսխել: Այս ֆոնի վրա մշակույթի գործիչները կարող էին օրինակ ծառայել պաշտոնյաների համար, նրանց փորձել բերել մարդկայինի տիրույթ: Սակայն այսօր այլ պատկեր ունենք: Չպետք է լինի արվեստագետ, որը վաճառվում է, նմաններին պետք է մատով ցույց տալ, ասել՝ սա ծախված է, այսինչը պատվեր է կատարում, սա էլ ցանկացած թուղթ կստորագրի, էս մեկը կողմ է, որ Մաշտոցի պուրակում տեղադրվեն «բուծիկներ»՝ ծ-ով: Նման կերպ մտածողները «ինծիլիգենտ» են, ոչ թե մտավորական: Նման մտավորականներից պետք է հրաժարվել, որպեսզի իշխանությունները նրանցից պատվանդան չսարքեն»:
Հարցազրույցը ցանկացանք դրական նոտայով ավարտել ու խոսեցինք Վահե Արսենի բանաստեղծական նոր շարքից, որը լույս կտեսնի հաջորդ տարի: Դա նրա երրորդ հայերեն գիրքը կլինի: Վահեն ասում է, որ անցել է ավելի շատ սոցիալ-հոգեբանական բանաստեղծության, փոխվել է իր գիրը եւ նոր տիրույթներ է ընդգրկում: Ինչ վերաբերում է թարգմանված լինելուն, այս առումով բախտը բերել է: Վահե Արսենի ստեղծագործություններն, ի թիվս այլ լեզուների, թարգմանվել են արաբերեն, սերբերեն, հոլանդերեն, անգլերեն, չինարեն, ռուսերեն, ֆրանսերեն, վրացերեն, կիրգիզերեն:
ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
10.07.2014