Լրահոս
Օրվա լրահոսը

Հեֆերնի ու Վոլինկինի տարբերությունները

Հուլիս 11,2014 12:40

Առավել հետաքրքիր են Միացյալ Նահանգների
եւ Ռուսաստանի իշխանությունների իրական նպատակները

Հայաստանում հավատարմագրված դեսպանների գործունեությունը, նրանց հրապարակային հայտարարությունները ժամանակ առ ժամանակ բուռն քննարկման առիթ են դառնում: Տարբեր ուղղությունների ԶԼՄ-ներ, փորձագիտական շրջանակներ, հասարակության թեւեր համացանցում լծվում են քննադատության դեսպանների արած այս կամ այն հայտարարության առիթով:

Մի քանի օր է, ինչ թեժ է Հայաստանում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Հեֆերնի թեման: Շաբաթներ առաջ Ադրբեջանում «հարձակման» էր ենթարկվել Բաքվում ԱՄՆ դեսպանը, եւ հատկապես Ադրբեջանում ռուսամետ պաշտոնյաները լծվել էին նրան «անարգանքի սյունին գամելու» գործին այն բանից հետո, երբ Ռիչարդ Մորնինգսթարն ասել էր. «Եթե կառավարությունն ավելի կոշտ գիծ անցկացնի քաղաքացիական հասարակության նկատմամբ, ապա Մայդանի իրադարձությունները կարող են կրկնվել նաեւ Բաքվում: Եթե անգամ հիմա չէ, ապա 5-10 տարուց»:

Մեզ համար հատկապես զգայուն է Ղարաբաղյան հակամարտության թեման: ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը NEWS.am-ի հետ զրույցում խոսել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության առնչությամբ եւ նկատել, թե ԼՂ-ի հարակից տարածքների վերադարձը համարում է հակամարտության կարգավորման վեց տարրերից մեկը (նա որեւէ նոր բան չի ասել): Դեսպանը մանրամասնել է, որ նկատի չունի, որ Լեռնային Ղարաբաղի հարակից տարածքները պետք է Ադրբեջանին վերադարձվեն առաջին հերթին. «Ոչ, ոչ, դա ենթադրվում է հիմնահարցի վերջնական լուծման շրջանակում: Ըստ համաձայնեցված վեց տարրերի՝ Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը լուծվելու է ազատ կամարտահայտման միջոցով: Այնուհետեւ Լեռնային Ղարաբաղի հարակից տարածքները՝ բացառությամբ Լաչինի միջանցքի, պետք է վերադարձվեն»: Հեֆերնը հավելել է նաեւ, որ անվտանգության որոշակի երաշխիքներ են անհրաժեշտ եւ միջազգային խաղաղարար ուժերի ներկայություն` «նախքան հայկական կողմը կվերադարձնի տարածքները»: Հեֆերնի` նախ հանրաքվե, ապա «տարածքների վերադարձ» ձեւակերպումն էլ, դատելով ադրբեջանական կայքերից, ադրբեջանցիների «սրտով» չի…

Միացյալ Նահանգները մեր տարածաշրջանում կայունության հաստատման իր տեսլականն ունի, այն երբեք չի թաքցրել, եւ այն տեւական ժամանակ անփոփոխ է` Հայաստան-Թուրքիա հարաբերությունները պետք է կարգավորվեն, Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը հնարավորինս արագ պետք է լուծվի, քանի որ ստատուս քվոն վտանգավոր է, իսկ ռազմական գործողությունների վերսկսումը՝ անընդունելի: Թե Հայաստանում, թե Ադրբեջանում ամերիկացի դեսպանները վստահաբար նպատակաուղղված ուղերձներ են հղում, քաղաքական-հասարակական բանավեճի համար քարեր նետում: Եվ այդ բանավեճերի հրահրումը նրանց հաջողվում է: Նրանք, որպես պաշտոնական Վաշինգտոնի ներկայացուցիչներ, կատարում են իրենց աշխատանքը, դա է պահանջում Միացյալ Նահանգների վարչակազմը նրանցից` Վաշինգտոնին հետաքրքրող խնդիրների առնչությամբ աշխատանք:

Ինչո՞վ էին զբաղված Հայաստանում Ռուսաստանի դեսպանները: Մի քանի դեսպաններ են փոխվել, բայց տեւական ժամանակ մեր հասարակության մեծ մասը չգիտեր անգամ ՀՀ-ում Ռուսաստանի դեսպանների անունները, դեմքով անգամ նրանց չէին ճանաչում: Այժմ, իհարկե, շատերը գիտեն Հայաստանում Ռուսաստանի դեսպան Իվան Վոլինկինին: Նա հռչակ ձեռք բերեց ամիսներ առաջ աղմկահարույց մի հայտարարության համար, երբ սպառնաց հայաստանյան հասարակական կազմակերպություններին. «Վստահ եմ, որ Ռուսաստանը պետք է ավելի ակտիվորեն հայտարարի Հայաստանի տեղեկատվական դաշտում իր ներկայության մասին: Այս առումով որեւէ կասկած չկա: Սակայն, հավանաբար, պետք է նաեւ այլ մեթոդներով զբաղվել Հայաստանում գործող այն հասարակական կազմակերպությունների չեզոքացմամբ, որոնք ցանկանում են սեպ խրել ռուս-հայկական հարաբերություններում: Ռուսաստանում, օրինակ, օրենք է ընդունվել, որը շատ հստակ կարգավորում է ՀԿ-ների գործունեությունը: Ի վերջո՝ ակնհայտ է, որ նրանք, ովքեր իրենց գործունեությունն ուղղում են ռուս-հայկական բարեկամության դեմ, Ռուսաստանի ու Հայաստանի բարին չեն ցանկանում»:

Իվան Վոլինկինը Լեռնային Ղարաբաղի հակամարտության թեմայով չի արտահայտվել: Բայց սա ամենեւին էլ չի նշանակում, որ նրա դիրքորոշումը «տարածքների» հարցում տարբերվում է ամերիկացի դեսպանների դիրքորոշումից, եւ ԼՂ հարցում ռուսաստանցի դեսպաններն ավելի «հայանպաստ» դիրքերից են հանդես գալիս: Գոնե ՌԴ-ի ԱԳ նախարարների եւ ԵԱՀԿ Մինսկի խմբում ռուսաստանցի համանախագահների դիրքորոշումները ԼՂ կարգավորման հարցում հայտնի են, նրանք նույնպես, եթե առիթ է եղել, նշել են, որ պաշտպանում են «Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը»:
Մոսկվային հարկավոր է, որ Հայաստանում հայ-ռուսական «դարավոր» բարեկամությանը ոչինչ չսպառնա, եւ նույնիսկ փաստը, որ երեք տարում Ռուսաստանը Ադրբեջանին չորս միլիարդ դոլարի զենք է վաճառել, որից մեկ միլիարդը եւ ավելին` հարձակողական, ըստ ռուսների` մեզանում պետք է նորմալ ընկալվի՝ որպես «բիզնեսային» գործարք: Ոչինչ, որ տրամաբանող մարդու ուղեղում մի հարց է ծագում` ՌԴ-ն, հանդիսանալով ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկիր, որը կոչված է նպաստել խաղաղության հաստատմանը բանակցությունների միջոցով` ինչո՞ւ է զարկ տալիս Ադրբեջանի ռազմական հզորացմանը եւ ինչ-որ առումով նպաստում նրան, որպեսզի Իլհամ Ալիեւը օրը մեջ սպառնա Հայաստանը վերացնել երկրագնդի երեսից ու ներկայացնի իր երկրի սպառազինությունների առավելությունները Հայաստանի նկատմամբ:

Դեսպաններին իրենց արած հայտարարությունների համար սիրել կամ ատել չարժե, դա անիմաստ զբաղմունք է: ԱՄՆ դեսպանը մեր հասարակությանը ներկայացնում է Վաշինգտոնի դիրքորոշումը, Ռուսաստանի դեսպանը` Կրեմլի: Մեր հասարակությանն առավել պետք է հետաքրքրեն Միացյալ Նահանգների եւ Ռուսաստանի իշխանությունների իրական նպատակները, որոնք երբեմն նաեւ դեսպանների արտահայտած դիրքորոշումների միջոցով են մեզ հասցվում:

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
10.07.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031