Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանող օղի արտադրող «Ա եւ Գ» ընկերությունը խոստանում է ավելի բարձր որակի ու ավելի շատ քանակի օղի արտադրել: Իսկ հենց «Ա եւ Գ»-ն սկսի նոր սարքավորումներով արտադրությունը, ԲՀԿ անդամ, նախկին պատգամավոր, ծագումով քյավառցի, ու օղիների «արժեքն» իմացող Վարդան Բոստանջյանը կհամտեսի, ու կասի` արժե՞ խմել, թե` ոչ: Այս մասին պարոն Բոստանջյանն ասաց Aravot.am-ի հետ զրույցում, երբ հետաքրքրվեցինք` կվստահի՞ այդ ընկերության նոր արտադրանքին, քանի որ այս ընկերությունը նախկինում «Ալեքս Գրիգ» անվան տակ հայտնի ընկերությունների օղի կեղծող է, մի քանի անգամ էլ տուգանվել է:
Aravot.am-ի այն հարցին թե օգտագործո՞ւմ է Ալեքսանյանի ընկերության օղիներից, պարոն Բոստանջյան ասաց. «Ամաչում եմ ասել, բայց կասեմ, խնդրում եմ ճիշտ հասկացեք, այս ազգանունով, որ դուք հիմա զանգել եք, դարերից եկող ազգային-հայկական ժողովրդական աղաների դաշտում է գտնվել: Էն ժամանակ մարդիկ, որ կարող է պատահի կարգին ջուր էլ չունենային խմելու, մենք խմիչքն օգտագործում էինք ամենաբարձր որակինը, հիմա «Աբսալյուտ» կա (նկատի ունի հայտնի օղին. Ն. Բ.), իրոք «աբսալյուտա», պարզ չի՞, որ դա եմ խմելու. ես անշնորհք սպառող չեմ»:
Նշենք, որ այսօր կառավարությունը որոշեց այս 1,32 մլրդ դրամի ընկերությանն արտոնություն տալ եւ մինչեւ 2017 թվականը հետաձգել ներմուծվող 1,32 միլիարդ դրամ արժեցող ապրանքների ավելացված արժեքի հարկի վճարման ժամկետը հետաձգել մինչեւ 2017թվականը: Ընկերությունը խոստացել է տեղադրել սպիրտի արտադրության նոր, միջազգային չափորոշիչներին համապատասխանող սարքավորումներ՝ կատարելով 1.32 մլրդ դրամի չափով ներդրում, աշխատատեղեր բացել, արտադրանքի 25% էլ արտահանել Վրաստան, Ռուսաստան եւ Իրաք:
Ինչ վերաբերում է ԱԺ ՀՀԿ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանող ընկերությանը արտոնություն տալուն, պարոն Բոստանջյանը հետեւյալ կարծիքը հայտնեց. «Տնտեսավարող սուբյեկտը, եթե հետապնդում է շահույթ ստանալ, ու եթե հնարավոր է մեծ շահույթ ստանալ, ուրեմն երբեւիցե չհավատաք, որ տնտեսվարողը կարող է ասել` արդեն ամոթ է, սկսում եմ զուսպ շահույթ ստանալ: Տնտեսվարողի ամբողջ օրգանական նպատակը մեծ շահույթ ստանալն է: Ինչ վերաբերում է Ալեքսանյան Սամվելի դեպքին, եթե սպառողը հակված է վատ որակի խմիչք սպառելուն, ինքը կիրացնի դա, բայց ես հավատացնում եմ, որ քաղաքացիներն անընդհատ իրենց սպառման որակը բարձրացնում են, հավատացնում եմ` Ալեքսանյանը կամ ուրիշը, սպառողին անորակ ապրանք հրամցնելով, շատ շուտով կհայտնվի կոտրված տաշտակի առջեւ: Այդ արտոնություն կոչեցյալը, այն էլ` էդ ծավալի, ըստ էության ոչինչ չարժե, փոքր բան է»: Ըստ պարոն Բոստանջյանի, արտոնությունը տրվում է արտադրությունը զարգացնելու նպատակով: Մեր այն հարցին, միթե նշված գործարարն այդքան նեղն էր, «ձեռքը քարի տակ էր», որ կառավարությունից արտոնություն խնդրեց, Վարդան Բոստանջյանն ասաց. «Խոշոր հաշվով դուք ճիշտ եք, բայց տվյալ գործունեության տրամաբանությունն է պահանջում արտոնությունը` ներդրումային ծրագիր իրականացնելիս»:
Կարդացեք նաև
Պարոն Բոստանջյանի կարծիքով` նման դեպքերում տնտեսվարողին` ԱԱՀ-ի վճարումըհետաձգելը ճիշտ է:
«Մի հատ ճշտեք` կարո՞ղ է Սամվել Ալեքսանյանը նաեւ նպաստառուների, աղքատների ցուցակում է, միգուցե էդ մարդը օգնության կարիք ունի: Միգուցե Հովիկ Աբրահամյանը ուղղակի օգնություն է ուղարկել, դե մարդը ծախս է անում»,-այսպես արձագանքեց մեզ հետ զրույցում ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը՝ նշված ընկերությանը արտոնություն տալու առնչությամբ:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ