Վարչապետ Հովիկ Աբրահամյանը երեկ Գյումրիում արտագաղթի մասին խոսելիս անկեղծացել էր, որ մարդկանց մոտ հավատի, վստահության պակաս կա, քանի որ ինչ-որ չինովնիկներ գնացել, խոստում են տվել, սակայն չեն իրականացրել, այդ պատճառով էլ անջրպետ է առաջացել ժողովրդի եւ իշխանության միջեւ:
«Շատ ճիշտ է ասել: Շատ ճիշտ ախտորոշում է տվել»,- «Ժառանգություն» կուսակցության վարչության անդամ Անահիտ Բախշյանն Aravot.am-ի հետ զրույցում այսպես արձագանքեց մեր հարցին՝ վարչապետը ժողովրդի սրտից է խոսում՝ զուտ PR անելու համա՞ր, թե՞ իր նախկինի սխալներն է մաքրում: Տիկին Բախշյանի դիտարկմամբ՝ «Անշուշտ, PR-ի էլեմենտ կա այստեղ: Բայց կարծում եմ, որ դա միայն PR չէ: Ինքը ուզում է անել, բայց ինչքանով կկարողանա իր ժողովրդի դարդին հասկանալու կեցվածքը հետո գործի վերածել՝ ես չեմ կարող ասել: Ես տնտեսագետ չեմ, բայց տեսնում եմ մեր երկրի տնտեսության օրհասական վիճակը: Սա անզեն աչքով է երեւում: Ու ինքն առայժմ ուզում է խաղաղեցնել մեր ժողովրդին, որ ձեր դրության մեջ մտնում եմ, հասկանում եմ: Մարդկայնորեն չեմ կասկածում Հովիկ Աբրահամյանի ցանկության վրա, բայց ինչով ինքը կկարողանա այդ հարցերը լուծել՝ ես չգիտեմ: PR-ն էլ կա, ցանկությունն էլ կա: Իհարկե, ինքը շատ կուզենար քայլեր անել, որ ասեին՝ տեսար, այս վարչապետն ասեց ու արեց: Նա այդ պաշտոնում է նշանակվել, որ այդ քայլերն անի, բայց թե ինչքանով դա իրեն կհաջողվի, գիտեք, այդտեղ A-ն B-ով փոխելը կամ C-ով փոխելը, չեմ, կարծում, որ մեր ակնկալիքները կիրականանան, անկախ նրանից, թե ինչ է ինքը ուզում: Ես հավատում եմ, որ Հովիկ Աբրահամյանն ուզում է: Ցանկացած նորմալ ղեկավար երազում է, որ իր մասին ժողովուրդը լավ խոսի, ասի, որ մեր դարդերը հասկացավ, մեզ օգնեց: Բայց կհաջողվի՞ դա իրեն՝ ես շատ կասկածում եմ»:
Այսօր էլ Հովիկ Աբրահամյանն ընդունել էր կառավարության առջեւ ցույց անող նաիրիտցիներին եւ բացի 1 ամսվա աշխատավարձը տալու խոստումից, եւս 1 խոստում էր տվել, այն է՝ մինչեւ օգոստոսի վերջ պարզաբանել, թե ովքեր են մեղավոր «Նաիրիտում» առաջացած խնդիրների համար: Քանի որ «Նաիրիտի» սնանկացման գործում շոշափվում է նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի անունը, մեր հարցին՝ Հովիկ Աբրահամյանն ուզում է Տիգրան Սարգսյանի դե՞մ դուրս գալ, թե՞ նա իսկապես չգիտի, թե ովքեր են մեղավոր «Նաիրիտի» խնդիրների համար՝ Անահիտ Բախշյանը պատասխանեց. «Եթե չգիտի իսկապես, ուրեմն շատ վատ է: Բայց մյուս կողմից ինքը չի կարող չիմանալ, նաեւ չի կարող հրապարակավ ասել, որ գիտեմ: Ինքը այդ ձեւով ուղղակի հետաձգում է ու հիմա պիտի մտածի, թե ինչպես իր ասածի տակից դուրս գա: Համոզված եմ, որ ինքը շատ լավ գիտի, թե ինչ մախինացիաներ են եղել, ուղղակի չի կարող հրապարակել ինչ կա: Չի կարող ասել: Ես չեմ հավատում, որ Տիգրան Սարգսյանի դեմ այս կառավարությունը՝ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ, ինչ-որ բան անի որովհետեւ ինչպես ասում են՝ մեկի պոչը մյուսի տակն է: Եթե ինքը այդպիսի մտադրություն ունի անգամ, չեմ կարծում, որ իրեն թույլ կտան դա անել: Ուրիշ բան, որ ինքը շատ կուզենա դա անել: Ինքն ուզում է անել, բայց չի խրախուսվի նրա այդ քայլը: Նա այսպես փափուկ բարձ է դնում նաիրիտցիների գլուխների տակ, ուղարկում տուն, մինչեւ տեսնի, թե ինչ է գալիս գլուխները»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ