«Թլիշ Արմենին թվում է, որ եթե Մաքսիմ Հակոբյանին հանեցին Քաջարանի կոմբինատի տնօրենի պաշտոնից, հաջորդ քայլը լինելու է Վահե Հակոբյանին հանելը՝ որպես մարզպետ: Իր դիրքերն ամրապնդելու, մարզպետ դառնալու հավակնություններ ունենալու համար նա սկսել է ցույց տալ, որ գիտեք, ինքը տիրապետում է բարոյահոգեբանական վիճակին, Սյունիքում իրավիճակին եւ ինքը կարող է խոսք ասել: Դա ուղղակի ծիծաղելի է եւ երախտամոռության բարձրագույն աստիճանն է: Արմեն Կարապետյանը չպիտի այդպիսի բան աներ, որովհետեւ Սյունիքում մի այսպիսի խոսք կա՝ չի կարելի թքել այն զուլալ աղբյուրի մեջ, որտեղից դու ջուր ես խմել: Իսկ նա դա արեց: Նա իր մարդկային կերպարով, իր ընտանիքի կերպարով չի կարող լինել մարզպետ: Եվ պետք չի հավակնություններ ունենալ՝ մարզպետ լինելու համար»,- այսօր Aravot.am-ի հետ զրույցում պատմաբան հասարակագետ, պահեստազորի գնդապետ, Սյունիքի մարզի Սիսիան քաղաքի բնակիչ Վոլոդյա Հովհաննիսյանը այսպես բացահայտեց, թե իրականում Սյունիքի թիվ 38 ընտրատարածքից ընտրված պատգամավոր, ՀՀԿ անդամ Արմեն Կարապետյանը ինչու է հանկարծ դուրս եկել Սուրիկ խաչատրյանի դեմ եւ սկսել նրան քննադատել:
Արմեն Կարապետյանը, որը նախկինում եղել է Սուրիկ Խաչատրյանի խորհրդականը, Aravot.am-ի հետ զրույցում հայտարարել էր, որ նախկին մարզպետից հետո Սյունիքում բարոյահոգեբանական մթնոլորտը փոխվել է: Նա քննադատել էր Սուրիկ Խաչատրյանին՝ ասելով, որ նրա օրոք ինտրիգները շատ էին, որ պաշտոնյան պետք է կիրթ լինի, որ Սուրիկ Խաչատրյանի կողմից ընդունված ցանկացած որոշման հիմքում թաքնված էր իր անձնական շահը կամ ցանկացած միջոցառման ընթացքում ու հետո վատ մթնոլորտ էր ստեղծում. «Նմանատիպ արարքները թույլ չեն տվել բարոյահոգեբանական մթնոլորտ ստեղծվի Սյունիքում, որն այսօր արդեն գոյություն ունի մեր մարզում»:
Վոլոդյա Հովհաննիսյանի խոսքերով՝ «Այդ նույն Արմեն Կարապետյանը կայացել է հենց նույն Սուրիկ Խաչատրյանի շնորհիվ: Ես հաճախ եմ մասնակցել խորհրդակցությունների, միջոցառումների, անգամ խնջույքների, որտեղ այդ նույն Արմեն Կարապետյանը, ոտքի կանգնած, աստվածահաճո հայացքով նայում էր Սուրիկ Խաչատրյանին ու խմում էր նրա կենացը: Նա ընդունում էր ցանկացած բան, ինչ Սուրիկ Խաչատրյանն ասում էր: Այսօր այդ մարդը նման արտահայտություններ է անում մի մարդու մասին, որը նրան դարձրել է քաղաքապետ, նրան դարձրել է ԱԺ պատգամավոր: Վերջին հաշվով Արմեն Կարապետյանն այն պատգամավորն է, որը թղթից «սամալյոտիկներ» էր սարքում՝ օրենսդրական գործունեությամբ զբաղվելու փոխարեն: Արմեն Կարապետյանն այն մարդն է, ով պատերազմի տարիներին իր 3 եղբայրներով ոչինչ չարեց Կապանի համար: Երբ բոլոր կապանցիները կռվում էին՝ քափ ու քրտինք կտրած, իրենց հողն էին պաշտպանում, ինքը զբաղվում էր միայն մութ ու սեւ գործեր եւ բիզնես անելով: Արմեն Կարապետյանը այն մարդն է, ով քաղաքապետ եղած ժամանակ քաղաքի ամենայուղոտ պատառները վերցրեց, դարձրեց իր ընտանեկան բիզնեսը: Եվ այդ մարդը խոսում է բարոյահոգեբանական մթնոլորտից: Ինքը չի էլ հասկացել, թե ինչն է այդ բառի բուն իմաստը: Վիրավորական է, երբ մի հերոսական ժողովրդի՝ Սյունիքի հերոսական ժողովրդին, որը ոչ մեկի առաջ՝ ոչ մի թշնամու, ոչ մի յուրայինի առաջ գլուխ չի խոնարհել, այսօր ասում է, որ ինչ-որ մի ժամանակ ինչ-որ մեկի պատճառով եղել է բարոյազրկված կամ մութ ու սեւ գործերով տարված: Ո՛չ: Սյունիքն ապրում է իր բնականոն կյանքով եւ անկախ ամեն ինչից, նա հերոսական կերպար ունի»:
Գնդապետ Վոլոդյա Հովհաննիսյանը վստահեցրեց, որ այսօր Սյունիքում Սուրիկ խաչատրյանի հեղինակությունը շատ բարձր է. «Մոտ 10 տարի մարզպետ եղած ժամանակ նա այնքան շատ լավ գործեր է կատարել, երեւի իր կատարած ամենավատ գործն այն է, որ Արմեն Կարապետյանի նմանին տեղ է տվել: Արմեն Կարապետյանը 2 անգամ քաղաքապետ է ընտրվել, 2 անգամ էլ՝ դատական կարգով: Պատերազմի տարիներին ամենալավ բիզնեսները իր եղբոր հետ միասին վերցրեց, ոչինչ չարեց իր երկրի համար: Եվ այսօր նա խոսում է բարոյահոգեբանական վիճակի համա՞ր: Ես Կապանում 4 տարի ծառայել եմ բրիգադի հրամանատարի տեղակալ, ինձ հաճախ են զանգում Կապանից եւ ասում են, որ Արմեն Կարապետյանն արդեն թիմ է հավաքում՝ մարզպետ դառնալու համար: Բնականաբար, եթե նա հիմա գործող մարզպետի հասցեին բամբասի կամ վատ բան ասի, միանգամից կհասկանան, որ նրա տակն է փորում: Իրեն եւ Մաքսիմ Հակոբյանին կապում են շատ ֆինանսատնտեսական հարցեր, եւ ռիսկ չի անում: Մաքսիմ Հակոբյանը դեռ կա, դեռ ուժեղ է, դեռ կարող է ցավացնել իրեն: Որպեսզի ցույց տա իր ուժը, որ կարող է ինքը մարզպետ լինել, նա քար է նետում Սուրիկ Խաչատրյանի վրա: Դա անբարոյականություն է: Ողբերգության ամենամեծ աստիճանը կլինի այն, որ Արմեն Կարապետյանի նմանը կմտածի, որ կարող է դառնալ մարզպետ»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Դեմոկրատիա նշանակում է ՝ կառավարում ժողովրդի կողմից: Ժամանակակից աշխարհում սրա առանցքը արդար ընտրություններն են:
Սյունիքի (և մյուս մարզերի) մարզպետը, մարզպետարանի բոլոր բաժինների ղեկավար աշխատողները, ինչպես նաև մարզի իրավապահ և դատական համակարգի բոլոր մարմինների ղեկավար աշխատողները ժողովրդի կողմից ՉԵՆ ընտրվում: ՉԿԱՆ նաև ժողովրդի կողմից ընտրված մարզային այլ մարմիններ (օրինակ՝ «Մարզային ժողով»), որը, գոնե փոքրիշատե, կհսկի չընտրված մարզպետին և/կամ չընտրված դատաիրավական մարզային մարմիններին:
Այսինքն՝ ժողովրդի մանդատ ՉՈՒՆԵՑՈՂ մարդիկ, ժողովրդի անունից, որոշումներ են կայացնում,որը հաճախ երկարաժամկետ ու բավականին լուրջ հետևանքներ է ունենում ձայնից զրկված նույն ժողովրդի համար: Ուստի՝ իրականում՝ Սյունիքում (և մյուս մարզերում) չկա դեմոկրատիայի կենսական հիմք հանդիսացող trias politica. այսինքն՝ իրար հսկող մարզի կառավարման ավտոնոմ/ինքնավար 3 ճյուղերի (գործադիր,օրենսդիր և դատական) փոխվերահսկողություն: Վերոհիշյալից հանգում ենք պարզ եզրակացության՝ Սյունիքի ներկա կառավարման սիստեմը անդեմոկրատական է ու հակաժողովրդական:
Փակագծերը բացած՝ Սյունիքը ՏՆՕՐԻՆՎՈՒՄ է (ՀՀԿ-ական) ռեժիմի մաս կազմող ու հիմնականում Քաջարանի հանքի շուրջը հավաքված և տոհմային 3-4 ընտանիքներից բաղկացած մի հանքային ԿԼԱՆԻ կողմից, որն, ԱՄԵՆ ԳՆՈՎ, ատամներով պահել/պահելու է, որպեսզի Սյունիքում այլընտրանքային-ոչ հանքային տնտեսություն ՉԶԱՐԳԱՆԱ, որպեսզի իրենց դեմքաղաքական-տնտեսական մեկ այլ լուրջ ուժ չստեղծվի:
Ուստի ՉԱՓԱԶԱՆՑ կարևոր է պայքարի ելնել ու պահանջել՝ Ժողովրդի կողմից ընտրովի «Մարզային Ժողով», որը պիտի լինի մարզի օրենսդիր մարմինը և հսկի մարզի գործադիր մարմնին. այսինքն՝ մարզպետին ու մարզի դատա-իրավական մարմիններին (ներառյալ մարզի դատավորներին): «Մարզային Ժողովը» պիտի իրավունք ունենա (անվստահության քվեով) մարզպետին և այլ մարզային պաշտոնյաներին ազատել աշխատանքից: «Մարզային Ժողովում» յուրաքանչյուր շրջան պիտի ունենա ներկայացուցիչ/պատգամավոր՝ շրջանի բնակչության թվին համապատասխան:
Վարազ Սյունի/?/,այժմ ճիշտ պահն է սահմանադրական փոփոխությունների մեջ Ձեր ,,հանճարեղ,, մտքերը մտցնելու համար….