Լրահոս
Օրվա լրահոսը

Գագիկ Հարությունյա՞նն է խանգարում սահմանադրական բարեփոխումներին

Հուլիս 10,2014 17:11

«Նախկինում քաղաքական կուսակցություններին այս գործընթացում ներգրավելը շատ ավելի լավ էր ստացվում»,-անդրադառնալով սահմանադրական բարեփոխումների գործընթացին այսօր` հուլիսի 10-ին, Երևանում անցկացվող «Սահմանադրական բարեփոխումները ժողովրդավարական զարգացման համատեքստում» խորագրով միջազգային գիտաժողովին  այսպիսի կարծիք հայտնեց Տարածաշրջանային ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը: Նրա կարծիքով` խանգարող հանգամանքն այն է, որ ՀՀ նախագահին կից սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը ղեկավարում է Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը, ինչն առաջացնում է շահերի բախում:

Դառնալով երկրի կառավարման համակարգի փոփոխության հարցին, պարոն Կիրակոսյանն այսպես արձագանքեց. «Հայաստանը բավական հասուն ժողովրդավարություն չունի, ոչ էլ ունենք ինստիտուցիոնալ համակարգ, որը թույլ կտա վստահ ձևափոխում նման խորհրդարանական մոդելին»:

Ըստ Ռիչարդ Կիրակոսյանի` ՀՀ-ում ներկայիս խորհրդարանական իրավիճակը «վհատեցնում է, խորհրդարանը, խախտում է էթիկայի նորմերը, գործարարներն են խորհրդարանում, նախագահը հատ-հատ ընտրում է մարզպետներին և նշանակում նրանց` սահմանափակելով կադրային ռեսուրսները, քաղաքացի-պետություն հարաբերությունները խաթարված են, և այս խնդիրները լուծված չեն սահմանադրական բարեփոխումների փաթեթում»:

Պարոն Կիրակոսյանը նկատեց, որ այս գործընթացը հնարավորություն է բարեփոխումներ կատարելու, բայց միևնույն ժամանակ շեշտեց, թե իրեն մտահոգում է ոչ այնքան գործընթացը, այլ դրա իրագործումը:
Ռազմավարական հետազոտությունների բելառուսական ինստիտուտի ներկայացուցիչ, Սանկտ-Պետերբուրգի Եվրոպական համալսարանի դոցենք Ալեքսեյ Պիկուլիկը «Խորհրդարանական սահմանադրությանն անցումը ժողովրդավարական զարգացման համատեքստում. հեռանկարներ քաղաքական տնտեսության դիտակետից» խորագրով ելույթում նկատեց, թե «երկրի կառավարման ձևը կարևոր է, բայց վճռորոշ չէ»: Այնուհետև բուն խորհրդարանական համակարգի մասին խոսելով` նկատեց. «Խորհրդարանական ներկայացված համակարգը կարող է ուժեղացնել իշխող կուսակցությանը: Ուժեղ խորհրդարանը օգնում է դիմակայել պետությունը զավթելու երևույթներին»:

Վարշավայի համալսարանի Մարդու իրավունքների ամբիոնի ղեկավար, Լեհաստանի սահմանադրական դատարանի նախկին դատավոր Միրոսլավ Վիրզիկովսկին անընդունելի համարեց նախագահական և խորհրդարանական ընտրությունները նույն օրն անցկացնելը, և մտավախություն հայտնեց, որ դա կարող է հանգեցնել միակուսակցական համակարգի:

Խորհրդարանական համակարգի մասին ասաց. «Իշխանությունը խորհրդարանին տեղափոխելիս դու սառեցնում ես իշխանության կառուցվածքը, և ընդդիմության ու նոր քաղաքական կուսակցությունների ստեղծման հնարավորությունը սահմանափակում»:

«Ապելլա» ինստիտուտի տնօրեն Արմեն Մազմանյանը քննադատության ենթարկեց խորհրդարանական համակարգն ու շեշտեց. «Ասում են ավելի շատ ընտրություններ, ավելի շատ ժողովրդավարություն: Խորհրդարանական համակարգին անցումը նշանակում է ընտրությունների թվի կրճատում, քանի որ այդ համակարգին անցման դեպքում մենք կունենանք մեկ համապետական ընտրություններ»:

Արմեն Մազմանյանը զարգացրեց ուժեղ ընդդիմություն ունենալու թեզն ու նշեց. «Եթե իշխանությունը դիմակայում է մի ընդդիմության, որը բավականին ուժեղ է և համապատասխանում է իշխանության ռեսուրսին, ապա իշխանություն պահելու գինը բարձրանում է: Այդ դեպքում իշխանություն պահելու բիզնես-պրոյեկտը այլևս շահավետ չէ»:

ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը հարց բարձրացրեց՝ արդյոք սահմանադրական բարեփոխումները կարո՞ղ են հարց լուծել, եթե ունենք մեկ կուսակցության իշխանություն: Պարոն Մազմանյանը պատասխանեց. «Սահմանադրական բարեփոխումների էֆեկտը մարգինալ է: Երբեք չենք կարող չափազանցնելով ասել, թե հիմա ամեն ինչ կշտկվի: Դա կլիներ այն դեպքում, եթե սահմանադրական բարեփոխումներն իսկապես հանրային պահանջ ունենային և դառնային հանրային պայմանագիր: Այս պարագայում կարելի էր սարեր շրջել: Դրա բացակայության դեպքում չեմ ակնկալում, որ իսկապես ռազմավարական շրջադարձային բարեփոխում կարելի էր անել»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031