Լրահոս
Օրվա լրահոսը

Վազգեն Խաչիկյանի գործով առաջին ամբաստանյալը երկու տարի հետո ցուցմունք տվեց

Հուլիս 10,2014 17:06

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում արդեն որերորդ նիստն է, ինչ սոցիալական ծառայության 12 աշխատակիցներից հետո առանձնացված է դատարան բերվում ստորաբաժանման պետը՝ Վազգեն Խաչիկյանը: Հիմա արդեն նկատվում է ամբաստանյալների ու նրա միջեւ ակնհայտ լարվածություն:

Այսօր առաջին ամբաստանյալը՝ Շենգավիթ համայնքի ստորաբաժանման օպերատոր, այս գործով միակ կինը՝ թոշակառու Հրանուշ Դանիելյանը, երբ իր ցուցմունքում հիշատակեց Վազգեն Խաչիկյանի անունը, սպասվում էր, թե նա գլուխը կբարձրացնի՝ կկտրվի ընթերցանությունից: Հրանուշ Դանիելյանն ասաց, որ քննիչն է իրեն թելադրել եւ սպառնացել, որ կվերցնի (կալանքը նկատի ուներ), դրանից հետո ինքը գրել է այն, ինչ թելադրել է քննիչը: Տիկինն իրեն մեղավոր չճանաչեց, ասաց, որ 1991 թվականից աշխատել է Շենգավիթի սոցիալական բաժնում նախ որպես հաշվետար, ապա՝ 2003-2012-ի օգոստոսի 1-ը՝ որպես օպերատոր:

Ամբաստանյալը հիշեց, որ 2010թ. հոկտեմբերին իր բաժնի պետը՝ Սամվել Էլբակյանը իրենից պահանջել է դեպոնացված գումարների ցուցակը եւ ինքը պետի պահանջը կատարել է: Իսկ մի քանի օր անց բաժին է բերվել ձեռագիր այլ ցուցակ, Էլբակյանը պատռել է այդ ցուցակը, նաեւ ասել էր, որ Խաչիկյանն է պահանջել: Հետագայում իմացել են, որ այդ ցուցակով 20 եւ ավելի անձանց գումարներ էին, որոնք ստացվել են առանց իրենց իմացության եւ դիմումների: Թե ովքեր՝ ամբաստանյալը տեղյակ չէր: Մոտ կես ժամ տեւեց տեղեկատվության վարչության նախկին պատասխանատու, կալանավորված Վահագն Խաչատրյանի հարցերը՝ ուղղված Հրանուշ Դանիելյանին: Նրան հետաքրքրում էր, թե օպերատորն ինչ գործունեություն էր անում, թե երբ է դեպոնացված գումարների մասին վարչությունում իմացվում, կարո՞ղ են համակարգչից կամ տեղեկատվական բազայից օգտվել այլ անձինք, որոնք տիրապետում են համակարգչին, ինչի կապակցությամբ առարկեց Հ. Դանիելյանի պաշտպանը՝ Հովիկ Արսենյանը: Ցանկացած տիպի ինֆորմացիա, ըստ Հ. Դանիելյանի, եղել է կոդերով: Երբ Հրանուշ Դանիելյանը դատարանում ասաց, որ ցուցակնեը պատռելու մասին քննիչը թույլ չի տվել իրեն գրել եւ հիմա դատարանում է տեղեկացնում նորից դրա մասին: Ցուցմունք տալու ժամանակ շաքարախտով հիվանդ այս կինը վատ զգաց, անգամ օգտվեց իր հետ բերած դեղամիջոցից: Իսկ երբ կրկին վերապրեց քննիչի սպառնալիքները, մեղադրանքը  պաշտպանող դատախազները անգամ ժպտում էին: Հ. Դանիելյանը 3 անգամ էր ցուցմունք տվել, նախ՝ որպես վկա, ապա որպես մեղադրյալ: Մեղադրողները միջնորդեցին, որպեսզի հրապարակվի նաեւ նախաքննության ժամանակ տրված ցուցմունքները, քանի որ, ըստ նրանց՝ հակասություններ կային այսօրվա եւ նախկին ցուցմունքների միջեւ:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031