«Կարող է՞ ՆԱՏՕ-ն իր մեջ քննարկի այդ խնդիրները, նոր քննարկի այլ պետության վարկը»,- «Անվտանգության նոր մարտահրավերները եւ ՆԱՏՕ-ն» թեմայով քննարկման ժամանակ այսօր, քննարկմանը ներկա դեսպաններին հարց ուղղեց լրագրողներից մեկը`նկատելով, որ բանախոսներն իրենց խոսքում միջազգային հանրության թիվ մեկ սպառնալիքը համարեցին ՌԴ-ին, մինչդեռ տարբեր պաշտոնյաներ, քաղաքագիտական շրջանակներ օրինակներ են բերում, որ իրենց պետությունը գործում է նույն մեթոդներով, ինչ որ ԱՄՆ-ն ու Եվրոպան: Լրագրողը, մասնավորաբար, հիշեցրեց Հարավսլավիայի պատմությունը`Կոսովայի ճանաչումը: Նաեւ նկատեց, որ ՌԴ-ն մեղադրվում է Ուկրաինայում զենք մատակարարելու եւ ռազմական գործողություններ իրականացնելու համար, միաժամանակ, ԱՄՆ նախագահն էլ Կոնգրեսից գումար է խնդրել`Սիրիայում զենք մատակարարելու եւ ռազմական գործողությունները շարունակելու համար:
Ուշագրավ էր,որ մինչ այդ ՌԴ-ի ռազմատենչության եւ միջազգային հանրությանը սպառնալիք ներկայացնելու մասին պաթոսով խոսող դեսպաններն անմիջապես հակադարձեցին, որ իրենց խոսքը ճիշտ չի ընկալվել: Ապա, խոսելով, մասնավորաբար, Հարավսլավիայում տեղի ունեցածի եւ Ղրիմի զարգացումների մասին, ՀՀ-ում Մեծ բրիտանիայի դեսպան Քեթրին Լիչը այդ համեմատությունը որակեց «կեղծ համեմատություն»: Նա բացատրեց. «Կոսովոյում գործողություն է ձեռնարկվել մոտ մեկ տասնամյակ այն բանից հետո, երբ ստորացվում էր տեղի ալբանական բնակչությունը: Վերջնական կարգավիճակը հստակեցվեց երբ հարցը ինը տարի գտնվում էր ՄԱԿ-ի բանակցային փուլում»:
ՆԱՏՕ- ի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի Կովկասի եւ կենտրոնական Ասիայի համակարգող Դեսպինա Աֆինտուլին էլ հստակեցրեց, որ իրենք պարզապես ցավալի են համարել, որ ՌԴ-ն այս նոր քաղաքականությունն է որդեգրում, քանի որ միջազգային ասպարեզում ամենամեծ խաղացողներից մեկն է: Անդրադառնալով Ղրիմի եւ Կոսովոյի համեմատությանն էլ՝ ասաց. «Կոսովայի գործողությունը պատասխանն էր այդ երկրում եղած ցեղասպանության»:
Նելլի ԳՐԳՈՐՅԱՆ