«Գագիկ Հարությունյանին ուղղված այդ ծափողջույններս բողոքի նշան էին»,-Aravot.am-ի հարցին Գագիկ Հարությունյանի ելույթին հաջորդած իր բարձր ծափողջույնները նշանակում էին, որ նա համամի՞տ է Գագիկ Հարությունյանի դիտարկումներին, թե՞ այլ նպատակ ունեին, այսպես պատասխանեց Գյումրու ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը:
Հիշեցնենք, որ այսօր Բաց հասարակության հիմնադրամներ- Հայաստան գրասենյակի օժանդակությամբ կազմակերպված «Սահմանադրական բարեփոխումները ժողովրդավարական զարգացման համատեքստում» խորագրով միջազգային գիտաժողովին Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանի ելույթից հետո Լևոն Բարսեղյանը բարձր ծափահարեց նրան: Այս առիթով պարոն Բարսեղյանը մեզ հետ զրույցում մանրամասնեց. «Այդ մարդը խոսում էր այն մասին, թե օլիգարխիան հո նոր բան չէ՞, Արիստոտելն է դեռ խոսել այդ մասին, գնաց հասավ Աշտիշատի ժողով, Խորենացուն, «Որոգայթ Փառաց», Շահամիրյաններ: Մարդը եկել էր այստեղ դասախոսություն, մեզ լոլոներ կարդալու: Հետո որոշեց, որ ԱՄՆ սահմանադրությունը փոփոխվել է տասը լրացումներով: 20 տարի առաջ ուսանողներն ու դասախոսներն էին նման սխալներ անում: Սահմանադրության 10 առաջին լրացումների մասին խոսելիս օգտագործում էին ուղղում կամ փոփոխություն բառերը, բայց Սերժ Սարգսյանի մոտ դատավոր աշխատող Գագիկ Հարությունյանը 2014-ին օգտագործում է փոփոխություն բառը: Եվ այս մարդը հանդգնում է սահմանադրական բարեփոխումների մասին խոսել: Իր ելույթի թագն ու պսակն այն էր, որ սահմանադրական բարեփոխումների մեխանիզմը մտել է փակուղի մեր իսկ ձեռքով: Երևի իրեն նկատի ուներ, որ Սահմանադրությունը չի աշխատում»: Ըստ Լևոն Բարսեղյանի` այս տեսակ մարդիկ, որ բազմիցս ապացուցել են, որ Սահմանադրություն պաշտպանել չեն կարող, իրավունք չունեն ոչ բարեփոխումների հանձնաժողովի մեջ լինել, ոչ իրենց արած փոփոխությունները կոչել բարեփոխում: Կրկին անդրադառնալով Գագիկ Հարությունյանի ելույթին, պարոն Բարսեղյանը նկատեց. «Երևի շփոթել էր, որ իրեն КВН-ից են հրավիրել, եկել էր զվարճացնելու, ես էլ չդիմացա, արժանիորեն ծափահարեցի իրեն»:
Կարդացեք նաև
Լևոն Բարսեղյանը պնդեց, որ սահմանադրական բարեփոխումների հանրային պահանջ ՀՀ-ում գոյություն չունի և հիշատակեց 2005-ի սահմանադրական փոփոխությունները, երբ ևս ասում էին, թե Սահմանադրությունը պաշտպանելու է քաղաքացուն, ինքնիշխանությունը:
Լևոն Բարսեղյանը համոզված է, որ «Սերժ Սարգսյանն ու Գագիկ Հարությունյանը այն տղերքն են, որոնցից չի կարելի սպասել, որ Սահմանադրությունը կարող են բարեփոխել հօգուտ հանրության»: Պարոն Բարսեղյանն ասաց, որ ամեն ինչ անելու է, որպեսզի ձախողվեն սահմանադրական բարեփոխումները: Ըստ նրա` Գագիկ Հարությունյանի «հյուրախաղերը մարզեր» որևէ կապ չունեն սահմանադրական բարեփոխումների հետ: Փոխարենը Լևոն Բարեղյանը նշում է, եթե իսկապես բարեփոխումների նպատակ ունեն, «թող Սահմանադրությամբ ամրագրեն այն, որ բոլոր ընտրություններից հետո հրապարակվելու են ընտրության բոլոր մասնակցած անձանց ցուցակները»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ