Լրահոս
Օրվա լրահոսը

Ալեքսանդր Արզումանյան. «Ոչ ոք հավերժ չէ, այդ թվում՝ Պուտինը»

Հուլիս 10,2014 16:43

«Ես հույս ունեմ, որ դա հավերժ կհետաձգվի եւ ընդհանրապես չենք անդամակցի»,- անդրադառնալով Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցությանը՝ ասաց «Փաստարկ» ակումբի այսօրվա հյուրը՝ ՀՀՇ կուսակցության անդամ, ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը: Այդուհանդերձ, նա կարծում է, որ այդ ձգձգումը երկար չի տեւի. «Հայաստանը ի սկզբանե Ղազախստանի եւ Բելառուսի համար ոչ մի հետաքրքրություն չէր ներկայացնում, նրանք չէին տեսնում այդ անդամակցության ոչ տնտեսական, ոչ քաղաքական շահը:

Ռուսաստանին ՀՀ անդամակցությունը պետք էր միայն իր քաղաքական ամբիցիաների բավարարման համար, սակայն Ռուսաստանի համար 100 անգամ ավելի կարեւոր էր Ուկրաինայի անդամակցությունը, ինչը տապալվեց: Մեր անդամակցության ձգձգումը, կարծում եմ պայմանավորված է նրանով, որ Ռուսաստանի գլուխը հիմա շատ խառն է Ուկրաինայի եւ Եվրոպայի հետ ունեցած խնդիրներով»: Ըստ Ալ. Արզումանյանի՝ Ուկրաինայի չստացված անդամակցությունը ներկայումս Ռուսաստանը փորձում է փոխարինել Ադրբեջանին այդ գործընթացում ներքաշելով: Իսկ որ Ղարաբաղի հարցը ՌԴ-ն որպես մահակ պահում է մեր եւ հարեւան երկրի գլխին, ըստ Ալ. Արզումանյանի, ակնհայտ է:

Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը՝ ՀՀ ԱԳ նախկին նախարարը կարծում է, որ Ադրբեջանը կվերսկսի ռազմական գործողությունները, երբ վստահ լինի հաղթանակի վրա. «Մեր բանակը պետք է լինի մարտունակ, մենք պետք է աշխատենք ռազմամթերք ապահովել բանակի համար, բայց միեւնույն ժամանակ մեր դիվանագետները պետք է ամեն կերպ աշխատեն միջազգային ասպարեզում խաղաղ կարգավորման ուղղությամբ»:

Այս կապակցությամբ, ըստ Ալ. Արզումանյանի, մենք նաեւ խնդիր ունենք մեր ռազմավարական գործընկերներին բացատրել, որ չի կարելի զենքով ապահովել մեր թշնամիներին, քանի որ այդ զենքով նրանք մեր որդիներին են ամեն օր սպանում. «Այո, Թուրքիան եւ Իսրայելն էլ են զենք վաճառում Ադրբեջանին, բայց նրանք մեր ռազմավարական գործընկերը չեն, ավելին, Թուրքիան մեր հանդեպ թշնամական քաղաքականություն է վարում՝ տասնամյակներով փակ պահելով սահմանը: Իսկ Ռուսաստանը մեր ռազմավարական գործընկերն է, մենք 100%-ով սպասարկում ենք նրա շահերը ամենուր»:

Ու չնայած այս ամենին՝ Ալ.Արզումանյանը կարծում է, որ Հայաստանը Եվրոպայի մաս է, եւ ասոցացումը Եվրամիության հետ շարունակվելու է, չնայած այս պահին դադարել է՝ մեր ոչ լեգիտիմ իշխանությունների ինչ-ինչ հաշվարկների արդյունքում. «Չեմ կարծում, որ Ռուսաստանը իր այս քաղաքականությամբ եւ այս ձեւաչափով երկար կյանք ունի, Ռուսաստանն ինքն էլ դեպի Եվրոպա կգնա, մի օր Մայդանը Կրեմլի հրապարակ կտեղափոխվի: Ես վստահ եմ Հայաստանի, ինչպես նաեւ Ռուսաստանի եվրոպական, ժողովրդավարական ապագայի վրա, բայց կասկածներ ունեմ ժամկետների առումով: Միայն թե պետք է հիշել, որ ոչ ոք հավերժ չէ, այդ թվում՝ ՌԴ նախագահը»:

Ինչ վերաբերում է ժամանակ առ ժամանակ գաղտնազերծվող մադրիդյան սկզբունքներին, այդ թվում՝ Ուորլիքի կողմից, Արզումանյանը դրանում մի քանի մեսիջ տեսավ, որոնց թվում՝ հետեւյալը. «Մեզ նաեւ ասվում էր՝ եթե ուզում եք անկախ լինել, պետք է կարգավորեք ԼՂ հարցը, այլապես ձեզ կուլ կտան ձեր ռազմավարական գործընկերները»: Եվ դա իրականում այդպես է՝ ինչքան չլուծվի հարցը, այնքան մեր երկրի զարգացումը կանգնում է, այնքան մեզ ներքաշում են տարբեր կայսրապաշտական պրոյեկտների մեջ՝ կարծում է Արզումանյանը, իսկ թե ինչպես պիտի լուծվի, ինչ փոխզիջումներով, դա արդեն ոչ միայն մեր բանագնացների մասնագիտական պատրաստվածության, այլեւ մեր իշխանությունների լեգիտիմության եւ քաղաքական կամքի հարցն է:

Ալ. Արզումանյանը անդրադարձավ նաեւ հայ-թուրքական հարցին, կարծիք հայտնեց, որ Սերժ Սարգսյանի կողմից Էրդողանին եւ մյուսներին ուղղված հրավերը ճիշտ քայլ էր. «Դա նորմալ ուղերձ էր, դրանով կարծես ասում ենք՝ այո, դուք կատարել եք այդ ոճրագործությունը, բայց փորձը ցույց է տալիս, որ դրանից հետո հնարավոր է գնալ եւ ներողություն խնդրել, ինչպես ժամանակին Գերմանիայի կանցլերը գնաց եւ Իսրայելում ծաղկեպսակ դրեց Հոլոքոսթի զոհերի հիշատակին: Ինքը բոլորին հրավիրել է, դա ճիշտ քայլ էր, մեր պատմական ամենածանր օրն է, մենք բոլորին հրավիրում ենք կիսել մեր վիշտը, իսկ կընդունեն հրավերը թե չէ՝ ամեն մեկի քաղաքական կամքից, բարոյականությունից եւ այլ բաներից է կախված»: Այդուհանդերձ, պարոն Արզումանյանը կարծում է, որ Էրդողանը, ով ամենայն հավանականությամբ շուտով կդառնա Թուրքիայի նախագահը, մեծ ամբիցիաներ ունի՝ պատմության մեջ մնալու, իսկ դրա համար նա լուրջ, մեծ եւ պատասխանատու քայլեր պետք է անի, իսկ դրանցից մեկը կարող է դառնալ նաեւ, ինչու չէ՝ Ցեղասպանության ճանաչումը, մանավանդ, որ Էրդողանն արդեն նախադեպը չունեցող քայլ է արել՝ ապրիլի 23-ին ուղերձով հանդես է եկել, որում կոտորած եւ ջարդեր է որակել Ցեղասպանությունը. «Դա ոչինչ չտվող քայլ էր, բայց ամեն դեպքում, աննախադեպ բան էր»:

Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031