Ինչպես արդեն տեղեկացրել ենք , այսօր կառավարության նիստից հետո ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը ընդունեց մի խումբ նաիրիտցիների, որոնք այսօր բողոքի ակցիա էին անում կառավարության շենքի մոտ: Վարչապետը լսեց նրանց ու կարելի է ասել` «փափուկ բարձ դրեց գլխների տակ» ու ճանապարհեց:
Հովիկ Աբրահամյանը նրանց խոստացել է պարզել, թե ով է մեղավոր «Նաիրիտ» գործարանում առաջացած խնդիրների համար, վճարել անցյալ տարվանից չվճարած աշխատավարձերից միայն 1 ամսվանը` 2013-ի փետրվարինը: Գործարանի արհմիության նախագահ Հրաչյա Թադեւոսյանը, որը ներկա է եղել վարչապետի հետ հանդիպմանը, կառավարության շենքի մոտ հավաքված գործարանի աշխատակիցներին ներկայացրեց թե ինչ են քննարկել վարչապետի հետ.«Մեր բոլորի պահանջն է, որ գործարանը աշխատացնեն, խնդրել ենք, պահանջել ենք, աղաչել ենք, կառավարությունը պիտի մտածի էդ պարտքերը սառացնի(Նաիրտը, բացի չվճարած աշխատավարձերից, հսկայական այլ պարտքեր էլ ունի կուտակած), ինչ անի, ճանապարհները բազմաթիվ ասվել է: Առաջարկել ենք առանձնացնել գործարանը, ոնց որ 2001-ին երեք մասի բաժանեցին, պարտքերը մեկի վրա թողեցիք, առաջարկ ենք արել, ներկայիս «Նաիրիտի» մի մասը, որը արտադրականի հետ կապ չունի, առանձնացնեն, պարտքերը նրա վրա թողեք, սնանկացրեք, թող նոր ներդրողը գա, առանց պարտքերի աշխատացրեք արտադրական մասը»:
Մանրամասն` տեսանյութում
Aravot.am-ի հետ զրույցում նաիրիտցիները մեծ հույսեր չեն կապում վարչապետի խոստումների հետ, նրանք ասացին, որ այդ 1 ամսվա աշխատավարձը կբավականացնի ընդամենը մեկ ամսվա կոմունալ վարձերին իսկ գնաճի, էլեկտրաէներգիայի թանկացումից հետո, չեն պատկերացնում, թե ինչպես են ապրելու:
«Նաիրիտ» գործարանի մի աշխատակից, որը չցանկացավ ներկայանալ, վարչապետի խոստումները լսելուց հետո զայրացած դիմեց մեզ` «Ոչ հավատում ենք, ոչ հույս ենք կապում, 40 հազար դրամ եմ ստանում, պարապուրդի մեջ եմ, մի ամսվանը բավարա՞ր է նորմալ գոյատեւելու համար: Պետությունից, ղեկավարությունից մեծ հիասթափություն ենք ապրել»:
«Քեզ որ հացը ցույց տան ու ձեռդ չտան, դու կբավարարվե՞ս»,-այսպես արձագանքեց մի նաիրիտցի՝ արձագանքելով Aravot.am-ի հարցին` բավարարվա՞ծ եք վարչապետի խոստումներից:
Գործարանի այլ աշխատակիցներ` Մարտիրոս Չիլբակյանը եւ Ստեփան Գասպարյանն էլ ու մի խումբ այլ նաիրիտցիներ եւս վստահեցրին, որ առանձնապես հույսեր չեն կապում վարչապետի ու նրա խոստումների հետ: Այդ դեպքում ի՞նչ են պատրաստվում անել՝ մեր այս հարցին, նրանք ասացին` «Հայկական ամառ ենք անելու, ոնց որ արաբական գարուն արեցին, մենք էլ նույնը կանենք»: Գործարանի աշխատակիցների խոսքերով` մեկ ամսվա աշխատավարձը խնդրի լուծում չէ, անհրաժեշտ է գործարանը «խելքի բերել», որ մարդիկ աշխատանք ունենան. «Մեծ մարդիկ ենք, էլ ուրիշ ինչ պիտի անենք, տղամարդ ենք, ընտանիք ունենք, հիվանդներ ունենք, երեխաներ ունենք, պատասխանատու ենք չէ՞: Հիմա ինչ ասել ա վարչապետը, նույնը 4 տարի է տարբեր պաշտոնյաններից լսում ենք, սենց գնում-գալիս ենք, բայց դա հարցի լուծում չի: Բայց, ես իմ, կարո՞ղ ա լավն ա էս վարչապետը»:
Մի քանի աշխատակիցներ էլ, որոնք ներկա են եղել Հովիկ Աբրահամյանի հետ հանդիպմանը, ասացին, որ վարչապետը նաիրիտցիներին հորդորել է ներդրող գտնել, բերել վարչապետի մոտ, իսկ վարչապետն էլ անձամբ կբանակցի գտնված ներդրողի հետ: «Նաիրիտի» համար ներդրող գտնելու պարտականությունը կառավարության եւ վարչապետի խնդիրն է, ոչ թե գործարանի բանվորների, մեր այս դիտարկմանը, նաիրիտիցիներն ուղղակի ուսները թափ տվեցին:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ
Ամենալավ ներդրողները մենք պետք է լինենք՝թողարկեք արժեթղթեր և մեր ,,քաբաբանոցներում,, մսխվելիք միջոցները 2-3 տարի ուղղենք Նաիրիտի վերագործարկմանը:Ես խոստանում եմ իմ թոշակով մի քանի բաժնետոմս գնել:Եթե զարգացած երկրները մեզ նման գործեին,դեռ 17-րդ դարի մակարդակին կլինեին: