Լրահոս
Օրվա լրահոսը

ՆԱՏՕ-Հայաստան-ՀԱՊԿ եռանկյունին`համագործակցության արժեքավոր մոդել

Հուլիս 10,2014 15:57

«ՆԱՏՕ-ի հետ Հայաստանի հարաբերությունները միշտ կանոնակարգվել են փոխադարձ ընկալմամբ`կապված Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունների հետ: Այդ հարցում մեր գործընկեր երկիրն ազատ է: Մենք սրանով ընդհանրապես մտահոգված չենք: Հայաստանի հետ լավ երկխոսություն ունենք, լավ համագործակցություն կա պաշտպանության եւ անվտանգության հարցերում: Հայկական զորքերը մասնակցում են ՆԱՏՕ-ի խաղաղապահ առաքելություններին`տարբեր երկրներում. դա ամենամեծ ներդրումն է, որը երկիրը կարող է ունենալ, ինչի համար շնորհակալ ենք»,- այսօր «Անվտանգության նոր մարտահրավերները եւ ՆԱՏՕ-ն» թեմայով քննարկման ժամանակ հայտարարեց ՆԱՏՕ-ի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի համակարգող Դեսպին Աֆենտուլին: Տիկինը պատասխանում էր «Ասոշիեյթեդ փրեսս» գործակալության լրագրող Ավետ Դեմուրյանի` ՆԱՏՕ-Հայաստան-ՀԱՊԿ համագործակցությանը վերաբերվող հարցին:

Ավելի ուշ, իր խոսքում անդրադառնալով ՆԱՏՕ-Հայաստան-ՀԱՊԿ եռանկյունուն, ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպան եւ Հյուսիսային Իռլանդիայի միացյալ թագավորության դեսպան Քեթրին Լինչն էլ նկատեց, որ Հայաստանը ՀԱՊԿ-ի անդամ լինելով եւ համագործակցելով ՆԱՏՕ-ի հետ, կարողանում է հանուն իր շահի առավելագույնը քաղել:

ՀՀ-ում Գերմանիայի դաշնային հանրապետության դեսպան Ռայներ Մորելն էլ իր խոսքում ասաց, որ ցանկանում է, որ Հայաստանը շարունակի լինելով ՀԱՊԿ անդամ`համագործակցի ՆԱՏՕ-ի հետ. «Այս տեսակ կամրջումը բարդ է, ավելի է բարդանում ուկրաինական ճգնաժամի ներքո, բայց սա կարելի է դիտարկել, որպես մի արժեքավոր մոդել»:

Բանախոսները դրական գնահատեցին համագործակցությունը «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում: Ասացին, որ ՆԱՏՕ-ն Հայաստանի հետ բավական դրական համագործակցություն է ունեցել:

Ծրագիրն, ընդհանրապես, ըստ Դեսպինա Աֆենտուլիի, եվրասիական, Միջերկրական տարածաշրջանում մոտ 40 երկրների հետ համագործակցության ճանապարհ հարթեց: «Դաշինքի վերջնական ձեռքբերումը ՆԱՏՕ-ի ընդլայնումն է, որը պետք է ցանկացած գնով պահել`հատկապես, երբ կրկին «սառը պատերազմի» նոստալգիկ հայտեր են հնչում»,- ասաց ՆԱՏՕ-ի ներկայացուցիչը`հավելելով, որ ՌԴ-ի գործողություններն իրական սպառնալիք են միջազգային հանրության բաց կանոնների համար. «ՌԴ-ն թվում է առճակատման, ոչ թե համագործակցության ուղին է ընտրել: Մենք պետք է վերակառուցենք մեր հարաբերությունները»: Սեպտեմբեր ամսին Ուելսում կայանալիք գագաթաժողովն, ըստ բանախոսի շատ հարցերի պատասխաններ գուցե անմիջապես չհնչեցնի, բայց հստակություններ կմտցնի: Գագաթաժողովի օրակարգային թիվ մեկ խնդիրն է լինելու`«պահպանել ՆԱՏՕ-ի ուժեղ պաշտպանական կառուցվածք Եվրոպայում»:

Սա ենթադրում է նաեւ Ուկրաինային տրամադրվող օժանդակության ինտենսիվացում:
«Աֆղանստանում ՆԱՏՕ-ի փորձը ցույց է տալիս, որ դաշինքի հետ գործընկերությունն ավելի արդյունավետ եւ ճկուն է»,- ասաց ՆԱՏՕ-ի պաշտոնյան`ակնարկելով ՌԴ-ի նկրտումները:

Առանձին անդրադարձ եղավ Հայաստան-ՆԱՏՕ անհատական ծրագրի շրջանակներում դրական համագործակցությանը:

Ուելսյան գագաթաժողովի եւ ուկրաինական ճգնաժամի ֆոնին խոսելով ՌԴ-ի տեղի, դերի ու նշանակության մասին, դեսպան Քեթրին Լինչը կարծիք հայտնեց. «ՌԴ-ն ցույց տվեց որ պատրաստ է ոտնահարել միջազգային իրավունքը եւ արագ անեքսիայի ենթարկել այլ պետության տարածքը: Ցույց տվեց, որ ունակ է անիմաստ պատերազմ վարել` պրոպագանդայի օգտագործմամբ»:

ՆԱՏՕ-ՌԴ վատ հարաբերությունները տիկին դեսպանը համարում է բաց թողնված հնարավորություն: Դեսպան Ռայներ Մորելն էլ ասաց, որ ՌԴ-ն պետք է ջանա վերահաստատել համագործակցությամբ եւ երկխոսությամբ հարցերը կարգավորելու իր ցանկությունը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031