Այսօր մի խումբ նաիրիտցիների, ինչպես որ խոստացել էր, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը կառավարության նիստից հետո ընդունեց, որից հետո «Նաիրիտ» գործարանի արհմիության ղեկավար Հրաչյա Թադեւոսյանը լրագրողներին ներկայացրեց, թե ինչ են քննարկել:
Ըստ պարոն Թադեւոսյանի, եկող շաբաթ գործարանի աշխատակիցները կստանան իրենց մեկ ամսվա աշխատավարձը` 2013 թվականի փետրվար ամսվանը:
Պարոն Թադեւոսյանի ներկայացմամբ`քննարկել են նաեւ գործարանի ճակատագիրը, վերագործարկման խնդիրը: Արհմիության ղեկավարն ասաց, որ Հովիկ Աբրահամյանը խոստացել է մինչեւ օգոստոսի վերջ պարզաբանել, թե ովքեր են մեղավոր «Նաիրիտում» առաջացած խնդիրների համար. «Մեղավորներին մենք գիտենք, իմ կարծիքով նախկին կառավարության ղեկավարն է մեղավոր»: Հարցին` Հովիկ Աբրահամյանը չգիտի՞ ով է մեղավոր, պարոն Թադեւոսյանն ասաց. «Դե պարզում է՝ ով է մեղավոր»:
Մանրամասները`տեսանյութում
Հիշեցնենք, որ այսօր առավոտյան «Նաիրիտի» աշխատակիցները բողոքի ակցիա էին անում կառավարության շենքի մոտ, որտեղ եւ Հովիկ Աբրահամյանը նրանց հետ զրուցել է, ապա մի քանիսին հրավիրել կառավարության նիստից հետո իր գրասենյակ` խնդիրը քննարկելու:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ