Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը ներկա է գտնվել Երևանի քաղաքապետարանի «Երևանյան ամառ 2014» միջոցառումների ծրագրի շրջանակում մայրաքաղաքի Մաշտոցի պողոտային հարակից Միսաք Մանուշյանի անվան պուրակում կազմակերպված գրքերի ցուցահանդես–տոնավաճառին`նվիրված Սուրբ թարգմանիչներ Սահակի և Մեսրոպի տոնին:
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից ողջունելով ներկաներին՝ Արամ Սուքիասյանը նշել է, որ նախաձեռնության հիմնական նպատակը գեղարվեստական, թեմատիկ ու մասնագիտական գրականության նորույթները ներկայացնելն ու նաև դրանք տեղում ձեռքբերելու առիթ ստեղծելն էր, քանի որ երևանցիները մշտապես առանձնահատուկ վերաբերմունք են ունեցել գրքի ու գրականության նկատմամբ, ինչի վկայությունը նաև 2012 թվականին Երևանը գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակելու հանդիսությունների շրջանակում անցկացված միջոցառումներն էին:
Քաղաքապետի տեղակալն ընդգծել է, որ գրքերի այս ցուցահանդես-տոնավաճառը Երևանի քաղաքապետարանի կազմակերպած մշակութային միջոցառումների համատեքստում իր հատուկ տեղն ունի և կնպաստի նաև գրահրատարակչության գործի զարգացմանը:
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի և տուրիզմի վարչության տուրիզմի բաժնի պետ Մարիա Բարաղամյանն էլ կարևորել է ցուցահանդես –տոնավաճառի անցկացումը տուրիստական այս թեժ շրջանում՝ նկատի ունենալով հանգամանքը, որ ցուցահանդեսին ներկայացված են նաև գրատպության բարձրորակ ու ժամանակակից ոճային լուծումներով հագեցած օտարալեզու գրքեր:
Կարդացեք նաև
Ցուցահանդես–տոնավաճառին մասնակցել են մի շարք գրախանութների, հրատարակչությունների ներկայացուցիչներ և ընթերցասեր քաղաքացիներ: Գրքերի տաղավարներում շրջելու ու նոր գիրք գնելու առիթը բաց չի թողել նաև Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը:
Իսկ գրախանութների ու գրահրատարակչությունների ներկայացուցիչները պայմանավորվածություն են ձեռք բերել հետագա համագործակցության վերաբերյալ: Միջոցառումն ուղեկցվել է գեղարվեստական մասով: Նման ցուցահանդես-տոնավաճառներն ավանդական բնույթ կկրեն:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն