Այսօր` հուլիսի 10-ին, «Նաիրիտ» գործարանի աշխատակիցները հավաքվել էին գործարանի բակում, որտեղից էլ երթով շարժվեցին դեպի ՀՀ կառավարության շենք:
«Նաիրիտի» արհմիության նախագահ Հրաչ Թադեւոսյանը մեզ հայտնեց, որ մեկ ամիս առաջ նամակ են գրել ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին, նամակի պատճենը ուղարկել են էներգետիկայի նախարարին, սակայն սահմանված ժամկետում նամակի պատասխանը չեն ստացել.
«Նամակում նշել էինք, որ եթե չստանանք պատասխան, երթ ենք կազմակերպելու եւ հիմա էլ մեր երթը կազմակերպում ենք դեպի կառավարության շենք: Եթե հանրապետության նախագահը տեղում լիներ, կգնայինք նախագահական»:
Նա նշեց, որ իրենց հիմնական նպատակը գործարանը վերագործարկելն է, քանի որ գործարանն արդեն 4 տարի չի աշխատում եւ իրենք ցանկանում են, որ 2300 քաղաքացի աշխատանք ունենա: Իսկ 15-16 ամիսների չվճարված աշխատավարձը պարոն Թադեւոսյանն այդքան էլ առաջնահերթ խնդիր չի համարում.
Կարդացեք նաև
«Մեզ հետաքրքիր է գործարանի ճակատագիրը, իհարկե, ֆինանսն էլ է հետաքրքրում, բայց ֆինանսն էլ աշխատանքից հետո է հետաքրքրում: Առաջնայինն արտադրամասն է»:
Aravot.am-ի հետ զրույցում «Նաիրիտի» աշխատակիցներից մեկը, թե չի հասկանում` ինչո՞ւ են գործարանի աշխատանքները դադարեցվել, իսկ պատճառաբանությանը, թե պարտքեր ունեն, նա բացականչեց, որ այդ պարտքերը գործարանինը չեն` գործարանի անունով բերված պարտքեր են: Նա համարում է, որ գործարանի պարտքերը շատ ավելի քիչ են:
Անդրադառնալով այն հանգամանքին, որ իրենց աշխատավարձերը 15-16 ամիս չեն վճարել` նա նշեց, որ պետք չէ բառիս բուն իմաստով հասկանալ.
«Աշխատավարձն ուղղակի ամիսը մեկ անգամ չեն տվել, մենք աշխատավարձը ստացել ենք երկու ամիսը մեկ անգամ, երեք ամիսը մեկ անգամ, այդ պատճառով էլ կուտակվել է: Եվ այսպես ցույցերով մեր աշխատավարձը տալիս են, մինչեւ ցույց չենք անում` չեն տալիս»:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ