ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի՝ Ղարաբաղյան հիմնախնդրի ստատուս քվոյի վերաբերյալ արված հայտարարությունը Հայաստանի վրա ճնշում գործադրելու փորձ է:
Այս կարծիքին է «Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը, ով նշում է, որ ԼՂՀ կահամարտության լուծմամբ զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երեք երկրներն էլ ունեն իրենց շահերը:
«Երբ Հայաստանի իշխանությունները նախորդ տարվա սեպտեմբերի 3-ին հայտարարեցին Մաքսային միությանը միանալու ցանկության մասին՝ դա պատճառաբանելով Լեռնային Ղարաբաղի անվտանգության ապահովման խնդրով, ես այն ժամանակ ասացի՝ դա սխալ մեսիջ է: Ստացվում է, որ եթե մեզ ճնշում են, մենք տեղի ենք տալիս: Հետևաբար, սա նշանակում է, որ ուրիշները պետք է սկսեն ճնշել մեզ՝ կորզելու նման զիջումներ: Հիմա այդ գործընթացի մեջ ենք մենք»,- «Մեդիալաբին» ասում է Արա Պապյանը:
Հիշեցնենք, որ օրերս ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահը «Թվիթեր»-ում կատարել էր հերթական գրառումը՝ նշելով, որ Ղարաբաղյան հիմնախնդրի ստատուս քվոն գնալով ավելի վտանգավոր է դառնում: Նա գրել էր, որ մեկնում է Վաշինգտոնից՝ հանդիպելու Մինսկի խմբի մյուս համանախագահներին և քննարկելու հակամարտության խաղաղ կարգավորման հաջորդ քայլերը:
Կարդացեք նաև
Արա Պապյանը նշում է, որ Ռուսաստանը մեզ ճնշեց, զիջումների գնացինք, հիմա, բնականաբար, հերթով պետք է ճնշեն, որպեսզի ամեն կողմ իր ցանկացածը ստանա: Հարցին, թե այս պարագայում Ղարաբաղի հարցում ի՞նչ վտանգներ կան, Արա Պապյանը պատասխանեց.
«Ռեալ վտանգներ՝ ուղղակի ռազմական վտանգներ, ես չեմ տեսնում, որովհետև նման հայտարարությամբ դա պայմանավորված չէ: Բայց վտանգներ կան այն առումով, որ մենք գնալով ավելի ու ավելի շատ են հայտնվում մեկուսացման մեջ»,- ասաց նա:
Իսկ դա, Արա Պապյանի խոսքով, իր լրջագույն հետևանքներն ունի՝ քաղաքական, տնտեսական: Նրա խոսքով՝ պետությունը միայն բանակն ու ռազմական ուժը չէ, պետությունն առաջին հերթին տնտեսությունն է: Այդ առումով, նրա խոսքով, վտանգներ կան:
Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում