Լրահոս
Օրվա լրահոսը

Ալ. Արզումանյան. «Քաղաքական դաշտը աղճատված է, միակ հույսս քաղաքացիական հասարակությունն է»

Հուլիս 10,2014 14:04

ԱԺ պատգամավոր, ՀՀՇ կուսակցության քաղխորհրդի անդամ Ալեքսանդր Արզումանյանը, այսօր «Փաստարկ» ակումբում ասաց, որ որպես քաղաքացի, որպես շարքային մասնակից ներկա կգտնվի սեպտեմբերի վերջին քառյակի նախատեսած հանրահավաքին, սակայն ընդհանուր առմամբ չի համարում, որ այդ հանրահավաքը եւ ընդհանրապես՝ քառյակը երկրում որեւէ բան փոխելու ունակ են:

«Մեզ համար անընդունելի է այն, որ ընդդիմադիր բառը հանվում է քաղաքական բառապաշարից, անհասկանալի է այդ լղոզված ձեւակերպումը՝ «ոչ իշխանական ուժեր», անհասկանալի են այդ լղոզված պահանջները, անհասկանալի է, որ ոչ լեգիտիմ, ավազակապետական իշխանություններից պահանջում են բարեփոխումներ: Ընդհանրապես քաղաքական դաշտն այսօր լղոզված է, պարզ չէ, թե ով է ընդդիմադիր, եւ ով՝ ոչ, սեզոնային ընդդիմադիրներ են, «ոչ իշխանականներ են», մի քանի տարի կոալիցիայի կազմում են լինում, հետո ներողություն են խնդրում եւ հռչակվում են ընդդիմադիր: Ընդդիմություն լինելը ինքնահռչակմամբ չի, պետք է քո ամենօրյա գործողություններով ցույց տաս դա: Ոչ թե բառերով, որովհետեւ փորձը ցույց է տալիս, որ ամենասուր, ամենաանզիջում ընդդիմադիր, քննադատական ելույթներով հանդես եկողները վերջում գնում ՀՀԿ ցուցակում տեղ են զբաղեցնում եւ հին ՀՀԿ-ականներից ավելի անկոտրում ՀՀԿ-ական են դառնում: Եթե հները գոնե ինչ-որ քննադատություն ընդունում են իրենց հասցեին, ինչ-որ սխալներ ընդունում են, ապա դրանք համարում են, որ Հանրապետականը անսխալական է: Խոսքը «ժողգործիքների» մասին է»,-ասաց Ալեքսանդր Արզումանյանը:

Անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի ակտիվացմանը, նա ասաց, որ Քոչարյանն ինքը շատ լավ կանխատեսել էր իր կարգավիճակը՝ որպես ամենաերիտասարդ թոշակառու. «Ես մաղթում եմ, որ նա այդպես թոշակառու էլ մնա եւ վայելի իր թոշակը, ինչպես նաեւ այն հավելյալ մեծ գումարները, որոնք կուտակել է իր պաշտոնավարման տասը տարիների արդյունքում: Ես չեմ կարծում, որ նա այլեւս անելիք կամ ասելիք ունի, կամ հայ ծողովրդի եւ հասարակության հիշողությունն այնքան կարճ է, որ կմոռանա այն բոլոր հանցագործությունները, որ նա գործել է այս երկրի հանդեպ»:

Ալեքսանդր Արզումանյանը այլեւս հույս չի կապում քաղաքական ուժերի հետ, քանի որ քաղաքական դաշտը աղճատված է, փոխարենը հույս ունի, որ որեւէ փոփոխություն երկրում կիրականանա քաղաքացիական հասարակության շնորհիվ: «Ցանկացած երկրում, երբ քաղաքացիներն իրենք փորձում են կազմակերպվել, դրա դեմն այլեւ չի լինում առնել»,-ասաց նա՝ հիշեցնելով եւ Վարդերի հեղափոխությունը, եւ Նարնջագույն հեղափոխությունը, եւ Արաբական գարունը, եւ Մայդանը. «Իսկ լիդերները հետո են ի հայտ գալիս, այդպես է եղել եւ լինում ցանկացած տեղ, որտեղ հասարակությունը չի հանդուրժում իրավունքների ոտնահարում»:

Վերակազմավորված ՀՀՇ-ն մեծ ամբիցիաներ չունի՝ քաղհասարակությանը առաջնորդելու. «ՀՀՇ-ն զուտ լիբերալ կուսակցություն է, որը պայքարում է լիբերալ արժեքների պահպանման համար, մենք մեր անելիքը տեսնում ենք ինչ-որ իմաստով որպես միսիոներություն՝ բացատրական աշխատանք տանել, պայքարել հանուն Հայաստանի եվրոպական ապագայի, մենք դեմ ենք այս եվրասիական զարգացումներին»:

«Առավոտի» հարցին՝ ասացիք, որ ձեր հույսը քաղաքացիական հասարակությունն է, չե՞ք կարծում, որ իշխանությունն էլ է արդեն հասկացել հասարակության ուժը, եւ այդ պատճառով է մասնավորապես ոստիկանությունն այդքան ագրեսիվ դարձել ցանկացած, անգամ ամենաանմեղ հավաքների հանդեպ, Ալ. Արզումանյանը համաձայնվեց. «Եվ այս եւ նախորդ իշխանությունները մշտապես վախեցել են դասական կուսակցական պայքարից, դրա համար ամեն ինչ արեցին քաղաքական դաշտը լղոզելու, աղճատելու համար: Եվ հիմա իրենց մոտ խորը գիտակցություն կա, որ քաղաքացիական սեկտորն է լուրջ հաջողություններ գրանցում, եւ վախ ունեն այդ սեկտորից: Թվում էր, թե իշխանությունները հանձնարարել էին փոխել ոստիկանության աշխատաոճը, ավելի հանդուրժող լինել, բայց տեսնում ենք, որ ավելի ագրեսիվ մեթոդների են անցել»:

Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031