«Ինչու չբարձրացրեցին ջրի գինը: Մի քանի կոպեկ խնայելով ուզում են ցույց տալ, թե այս հանձնաժողովն անկախ է եւ էլեկտրաէներգիայի գնի բարձրացումն էլ անկախ որոշում էր»,-Հանրային ծառայությունների կարգավորման հանձնաժողովի երեկվա՝ խմելու ջրի սակագինն անփոփոխ թողնելու որոշման վերաբերյալ այսպիսի կարծիք հայտնեց տնտեսագետ, կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանը:
Այսօր «Անալիտիկ» ակումբում պարոն Մեսրոբյանը նաեւ ասաց. «Սոցիալական իմաստով լայնածավալ ընդվզում չկա, որովհետեւ հայերը, որպես կանոն, սոցիալական հարցերի ու մարդու իրավունքների համար, ոտքի չեն կանգնում: Հայերը ոտքի են կանգնում միայն այն ժամանակ, երբ վտանգված է նրա գոյությունը կամ բարձրացված է ազգային խնդիր: Եվ քանի որ կա Արցախի խնդիրը, մարդիկ սոցիալական իմաստով ընդվզման չեն գնում»:
Ասուլիսի մասնակից, «Հայաստանի սպառողների ասոցիացիայի» նախագահ Արմեն Պողոսյանի համոզմամբ էլ՝ «հրաշք է, որ հանձնաժողովը ջուրը չի թանկացրել», սակայն սպառողների պաշտպանը հիշեցնում է ջրամատակարար ընկերության եւ կառավարության հետ կնքած միջպետական պայմանագիրը, որի համաձայն, ջրի սակագինը տարեց տարի պետք է նվազի:
Պարոն Պողոսյանի խոսքերով, ջրի որակը պետք է համապատասխանի գնին եւ չնայած, որ վերջին տարիներին մատակարարման որակը բարելավվել է եւ ջրամատակարարման ժամերն ավելացել են, սակայն, ջրի որակի հետ կապված դեռեւս խնդիրներ կան: Մասնավորապես, սպառողների պաշտպանը, նկատի ունի ջուրը քլորով ախտահանելը, ինչը նրա համոզմամբ, «նախնադարյան» մեթոդ է. «Հիմա կան շատ ավելի ժամանակակից միջոցներ ջուրը մաքրելու, բայց չգիտես ինչու «Երեւան- Ջուրը» քլորով է ախտահանում, մինչդեռ քլորն ինքը կարող է թունավորման պատճառ դառնալ, եթե քանակը մի փոքր ավել լինի»:
Կարդացեք նաև
Արմեն Պողոսյանը նաեւ հիշեցրեց տարիներ առաջ Նուբարաշենում ջրի զանգվածային թունավորման դեպքը, երբ այդ ամենի համար, որեւէ մեկը պատասխանատվություն չկրեց, իսկ հարյուրավոր բնակիչներ՝ այդ թվում երեխաներ, աղիքային խնդիրներով տեղափոխվեցին հիվանդանոց:
Հարություն Մեսրոբյանն անդրադառնալով մեր երկրի կառավարման համակարգին ասաց. «Ես ռազմավարական ու տնտեսական առումով կուրս տեսնում եմ՝ ամեն կերպով փող պոկել, քանի պոկվում է եւ լցնել գրպանները: Եթե նկատի ունենանք նաեւ, որ մեր տնտեսությունն օլիգարխիկ է, երկու մուտք է գոյանում եւ խոսքը չի գնում հափշտակման մասին, ուղղակի կառավարման համակարգը կառավարում է նաեւ ֆինանսները»:
Նրա խոսքերով. «Նրանք, որոնք ագահ են եւ ուզում են շարունակել հարստանալ, այս ամենը շատ լավ հասկանում են, դրա համար պատրաստ եղեք սակագների անընդհատ բարձրացմանը եւ տեղ-տեղ դրանց ձեւական սառեցմանը: Ընդհանուր առմամբ ջուրը թանկացել է, իսկ դա կարող է նախադրյալ լինել, որ միառժամանակ, հետո ջրի մանրածախ սպառումն էլ կթանկանա»:
Կառավարման փորձագետը գտնում է, որ արդեն «23 տարի է մեր էլիտան կազմաքանդում է մեր երկիրը», դրա վառ օրինակն, ըստ տնտեսագետի, արտագաղթն է.«Եթե մարդ չկա, ուրեմն պետություն էլ չկա»:
Նրա համար ցավալի է, երբ. «Մարդը իշխանությունից գալիս է ընդդիմություն, ասում է՝ շատ վատ պետություն է, բայց հենց պաշտոն է ստանում, ասում է՝ շատ լավ պետություն է»:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ