Լրահոս
Օրվա լրահոսը

Սահմանադրական բարեփոխումները՝ նաև սեռական փոքրամասնությունների՞ համար

Հուլիս 10,2014 13:49

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, մեկնարկել է «Սահմանադրական բարեփոխումները ժողովրդավարական զարգացման համատեքստում» խորագրով միջազգային գիտաժողովը, որն իրականացվում է Բաց հասարակության հիմնադրամներ- Հայաստան գրասենյակի օժանդակությամբ: Վարշավայի համալսարանի Մարդու իրավունքների ամբիոնի ղեկավար, Լեհաստանի սահմանադրական դատարանի նախկին դատավոր Միրոսլավ Վիրզիկովսկին իր ելույթում մի շարք խորհուրդներ տվեց՝ կապված սահմանադրական բարեփոխումների իրականացման գործընթացի հետ. «Իրավիճակի ճիշտ ախտորոշումը նախապայման է ճիշտ բուժման համար: Սխալ ախտորոշմամբ իրավիճակին ճիշտ լուծումներ չես տա: Հաջորդ քայլը ախտորոշման մեխանիզմն է: Վերջնական քայլն է այն, թե որն է սահմանադրական ճգնաժամի սկզբնապատճառը: Սա նաև սուբյեկտի լեգիտիմության հարց է, այն սուբյեկտի, որ նախաձեռնել է սահմանադրական բարեփոխումների գործընթացը»:

Պարոն Վիրզիկովսկին իր խոսքում հայտարարեց՝ եթե ուզում եք հետագայում համոզվել՝ սահմանադրական բարեփոխումների՝ դրական ազդեցության հարցում, կան մի քանի չափորոշիչներ: Այդ շարքում նա թվարկեց թափանցիկության, հաշվետվողականության հարցը, հասարակության և պետության բաց լինելը տարատեսակ, այդ թվում ազգային և սեռական փոքրամասնությունների նկատմամբ: Լիբերալ ռազմավարության կենտրոնի ծրագրերի տնօրեն, Սոֆիայի համալսարանի Համեմատական սահմանադրական իրավունքի պրոֆեսոր Դանիել Սմիլովը նշեց. «Խորհրդարանականությունը երաշխիք չէ հիվանդության դեմ: ԵՄ մակարդակում խորհրդարանական մոդելը գերիշխում է, իսկ հետխորհրդային տիրույթում կիսանախագահական մոդելները և այդ երկրներում հասարակությունները բախվում են տարբեր բարդությունների: Փաստորեն, գոնե մակերեսորեն այն տպավորությունն է, որ կիսանախագահականից խորհրդարանականի անցման դեպքում կլուծես որոշակի խնդիրներ»:

Նա մտահոգություն հայտնեց այն առումով, որ մեծամասնական ընտրական համակարգի մոդելի պարագայում իշխանությունը կենտրոնանում է կոնկրետ իշխանական խմբի ձեռքին ու նշեց, որ եթե չի փոխվում ընդդիմությունը, հետևաբար, խորհրդարանական համակարգը կարող է մի շարք վտանգներ պարունակել:

Քննարկումից հետո, Aravot.am-ի հարցին ի պատասխան, ՀՀ նախագահին կից սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ Գևորգ Դանիելյանն ասաց, թե խորհրդարանական համակարգի կողմնակից է: Իսկ վտանգների մասին դիտարկմանն ի պատասխան նշեց. «Չկա ինստիտուտ, որ լինի միանշանակ կատարյալ: Մենք հենց դրա համար էլ հայեցակարգում առանձնացրել ենք համակարգի և դրական կողմերը, և հնարավոր թերությունները: Սա պայմանավորված չէ միայն ընդդիմադիր և քաղաքական կամ այլ փոփոխություններով: Եթե անգամ քաղաքական այս դաշտում ունենանք փոփոխություններ և չապահովենք երաշխիքներ, կարող է խորհրդարանական կառավարման ձևը վարկաբեկվել»:

Պարոն Վիրզիկովսկիի՝ սեռական փոքրամասնությունների հետ կապված դիտարկմանը, Գևորգ Դանիելյանն արձագանքեց. «Մենք միջազգային փորձագետների տեսակետը հարգում ենք, երբեմն հաշվի առնում, բայց դա չի նշանակում, որ ամեն գնահատական, այդ թվում նաև մասնագիտական, ընդունում ենք կատարման համար: Ինչ վերաբերում է սեռական փոքրամասնությունների հետ կապված խնդրին, ապա մենք հաճախ տեսնում ենք՝ մեր ազգային ավանդույթները այլ բնույթ ունեն, դրանք համահունչ չեն սեռական փոքրամասնությունների ավանդույթների հետ, հետևաբար, պետք է հաշվի նստեն մեր ազգային ավանդույթների հետ: Կտրականապես դեմ եմ այդ բնույթի ձևական հավասարություններին: Սա հավասարություն չէ, այլ շահերի լուրջ բախում: Գոյություն ունեն երեխաների և ծնողների շահեր: Եթե համասեռամոլների ամուսնության իրավունքն ենք օրինականացնում՝ երեխաների շահերն ենք ոտնահարում: Իսկ եթե այս հարցը ոչ միայն տեսական, այլ գործնական հարթությունում փորձեն քննարկել, ապա մենք պատրաստ ենք նաև դրան, որ բերենք փաստարկներ, որ վերջին հաշվով պետք չէ անտեսել երեխաների շահերը»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031